Սարգիս պապն ու մահն իրար կորցրել ենգ Ծերունին հանդուգն համառությամբ ընկած է մահվան ետեւից, բայց մահն ուրիշին է փնտրում: Ծերունուն ամեն օր, ամեն ժամ ու ակնթարթ ստիպում են մեռնել, բայց մահը նրանից երես է թեքել: Մեկ-մեկ որդու բռունցքների ծանր հարվածներից գիտակցությունը կորցրած ծերունին հանդիպում է մահվանը, բայց, երբ աչքի առաջ լույս է բացվում` հասկանում է, որ մահն իր հետ դաժանաբար խաղում է:
82-ամյա Սարգիս պապը, ցախավելը ձեռքին, մաքրում է հանրակացարանի դիմացի երկու մետրանոց աղբանոցը: Մեկ շաբաթ է, ինչ լծվել է աղբանոցը մաքրելու գործին, որ իր համար գիշերելու հարմարություն ստեղծի: Որդին ծեծելով տանից դուրս է «շպրտում»: Հարեւաններն ինձ խնդրել են այցելել այդ տարածք եւ ինչ-որ բանով օգնել նրան: Ցախավելը ձեռքին, հազիվ ոտքի վրա կանգնած, անքնությունից ու թերսնուցումից շորորացող Սարգիս պապի ծերության տեսարանն աննկարագրելի դաժան է: Նրա աչքերում վախ կա: «Աղջիկ ջան, վախենում եմ, էդ ապարատդ պահի. Իշխանը կիմանա՝ ինձ էլ, քեզ էլ կսպանի»,- ասում է ու լարված նայում է չորս կողմը, որ հանկարծ որդին չիմանա հոր մոտ լրագրողի այցելության մասին: Հարեւանները միջամտելով՝ նրան հորդորում են չվախենալ` հայտնելով, որ Իշխանից իրեն կպաշտպանեն: Բոլորն էլ ուզում են Սարգիս պապին պաշտպանել, բայց ոչ ոք չգիտի` ինչպես: Հարեւաններից մեկը տեսնելով Սարգիս պապի` վախից լաց լինող աննկարագրելի տանջող տեսարանը, առաջարկում է գնալ իրենց տանը զրուցել: Ծերունին պատերի տակ թաքնվելով, աննկատ անցնում է հարեւանի տուն ու «խեղճուկրակ», զառամյալ մարմինը բազմոցին «շպրտելուց» հետո սկսում է հեկեկալ: Լռությունն ու տագնապը բոլորիս բերանը փակում են: Ամբողջ կյանքը որդուն տված ծերունին այսօր որդու ծեծից երեխայի պես սարսափում է: Սարգիս պապի հայացքի դառնությունը, լացն ու վախը բոլորիս շփոթության մեջ է գցել, մի տեսակ սառել ենք: Ասում է` «Հասկանո՞ւմ ես, վախենում եմ, սարսափում եմ: Ծեծում ա, սարսափելի ա ծեծում: Վերջին ծեծի ժամանակ ինձ թվաց՝ էլ չեմ ապրելու: Թեւս, ոտքս ջարդվել էր: Բայց ապրեցի, չգիտեմ՝ ինչի՞, չգիտեմ՝ ո՞ւմ համար: Չեմ ուզում ապրեմ, հասկանո՞ւմ ես: Էս տանջանքի ու տառապանքի դիմաց մահը հարսանիք ա»: Անգամ խոսելիս շշուկով է հասկացնում, որովհետեւ հանրակացարանի երկրորդ հարկում իրենց սենյակն է, որտեղ Իշխանն է: Բոլորս մի տեսակ լարված ու վախեցած ենք, որովհետեւ Իշխանն անկանխատեսելի է: Հոր հետ «բռնացնելիս» հասկանալու է, որ նրա համախոհն ենք, ու բոլորիս գետնով է տալու:
33-ամյա Իշխան Ոսկանյանը հոգեկան հիվանդություն ունի: Սարգիս պապն ասում է՝ վախից, սթրեսից է հիվանդությունն առաջացել. «Նորմալ երեխա ա եղել: Մանկապարտեզ, դպրոց ա գնացել, լավ սովորել ա: Հետո ինձ հետ աշխատել ա: Աներձագիս տղան էր մահացել: Գնաց դիակը տեսավ, ու սենց եղավ: Երկու օր գերեզմանոցից տուն չէինք կարում բերեինք: Դիակից վախեցել էր, ու մոտը սկսեց ահավոր վախ»: Այդ դեպքից հետո Իշխանը ինքնամփոփ ու մելամաղձոտ է դարձել: Փակվել է իր մեջ. հանգուցյալի ու իր հանդիպման ժամանակ ապրած հոգեվիճակի մասին չի կարողացել խոսել: Հանգուցյալին հուղարկավորել են, բայց դիակի հետ կապված հիշողությունն ու վախը մնացել է մեջը: Իշխանի մոտ տարօրինակություններ են սկսվել, ագրեսիվ է դարձել ու ծնողների հետ ահավոր լարվել է: «Մի օր մոր վրա ձեռք բարձրացրեց, բայցգ Մտածեցինք՝ հետը ինչ-որ անսովոր բան ա կատարվում: Հետո ինձգ Ինձ էնպես ծեծեց, որ կիսամեռ վիճակում շտապօգնությունը հասցրել ա հիվանդանոց: Հույս չեն տվել, որ կապրեմ, բայց ապրեցի: Հիվանդանոցում բժիշկները դատական բժիշկ էին կանչել, գործ էին հարուցել: Մինչեւ ուշքի եկա` իրան բռնել դատել էին: Երկու տարի տվեցին, բայց բանտից տեղափոխեցին հոգեբուժարան, որովհետեւ պարզվել էր, որ հոգեկանը խանգարված ա»,- պատմում է Սարգիս պապը, ում կինը` Արմանուշը, չդիմանալով ցավին` կաթվածահար է եղել: Սարգիս պապն ասում է, որ այդ ընթացքում ինչ-ինչ ծանոթների միջոցով հայտնվել է գուշակ գնչուհի Եսենիան եւ առաջարկել է որպես խնամակալ՝ «անտեր» թոշակառուներին տիրություն անել (Եսենիայի` Սարգիս Ոսկանյանի բնակարանին տիրանալու դեպքի մասին հրապարակումը մենք ներկայացրել ենք դեռեւս 1 տարի առաջ, որից հետո գնչուհին սպառնում էր մեզ դատի տալ): «Բոլորս հիվանդանոցում էինք: Տղաս՝ հոգեբուժարանում, ես ու կինս` հիվանդանոցում: Էդ Եսենիան հայտնվեց, թե՝ ես ձեզ կպահեմ: Տեղափոխվեցինք տուն: Սա գնում-գալիս էր: Հետո մի օր էլ մի թուղթ բերեց ու թե` ստորագրեք, որ համաձայն եք, ես ձեր խնամակալը դառնամ: Ստորագրեցինք, ու դա եղավ ճակատագրական: Դուռը դրսից փակում էր ու չէր թողնում, որ արեւի երես տեսնենք: Բոլորս մի տեսակ թմրած, շշմած էինք ու հետո գլխի ընկանք, որ դա մեզ դեղեր էր խմացնում: Հետո էնպես ստացվեց, որ Ավանի Նարեկացի թաղամասում գտնվող մեր բնակարանը դա մեր ձեռքից խլեց ու մեզ դուրս շպրտեց: Մեզ թղթեր էր տալիս, որ ստորագրեինք, բայց չէինք հասկանում, դեղերի ազդեցության տակ էինք: Բնակարանը յուրացրեց ու մեզ էսպեսգ»,- պատմում է Սարգիս պապն, ում հարեւանները վկայում են, որ 3 տարի առաջ ինչ-որ մարդիկ նրանց բերել են Վարդաշենի հանրակացարան ու հեռացել: Սարգիս պապն ասում է, որ բնակարանը խարդախության ճանապարհով յուրացնելուց հետո գնչուհին հանրակացարանում սենյակ է գնել ու իրենց բերել է այդ տարածք: Այլեւս չի երեւացել: Դեռ 1 տարի առաջ ունեցած մեր զրույցի ժամանակ նույնը փաստում էր Իշխանը, իսկ մայրը խոսել ընդհանրապես չէր կարողանում, որովհետեւ կաթվածի հետեւանքով ամբողջ մարմինը թուլացել էր: Իշխանն ասում էր, որ սովին չեն դիմանում, ու խնդրում էր մի բանով օգնել իրենց: Հարեւաններն ասում են, որ հիմա Իշխանի հետ խոսել պետք չէ: Վտանգավոր էգ Մեկ տարի առաջ Արմանուշ տատը ցավից «ոռնում» էր: Հունվար ամսին մահացել է: «Էլի կապրեր, ինքը պինդ, տղամարդ կնիկ էր,- ասում է Սարգիս պապը: -Բայց Իշխանը շատ էր ծեծում: Քնած տեղը էդ հիվանդ, կիսամեռ կնկան քացով շանսատակ էր անում: Էնքան էր ծեծում, որգ չդիմացավ»: Հարեւանները հաստատում են Սարգիս պապի խոսքերն ու վստահեցնում են, որ նույն կերպ նա վարվում է հոր հետ: Ամեն գիշեր հարեւանները ստիպված են լինում Սարգիս պապին Իշխանի հարվածներից փրկել: Ծերունին սարսափելի վիճակում է` սովահար, անքուն, լարված: Ասում են` ամեն գիշեր նրա «ոռնոցը» լսվում է ողջ հանրակացարանով մեկ: Բակի տղաները վերջերս հավաքվել ու փորձել են Իշխանին բացատրել նրա արարքի դաժանությունը, սակայն՝ անօգուտ: Օրեր առաջ Սարգիս պապին նրա ծեծից փրկելու համար ստիպված են եղել Իշխանին ծեծել: Իշխանը տարիներ առաջ բուժման կուրս է ստացել ինչպես Ավանի, այնպես էլ` Նուբարաշենի հոգեբուժարաններում, սակայն փաստն այն է, որ նա կրկին բուժօգնության կարիք ունի: Սարգիս պապը դիմել է Էրեբունու Ոստիկանություն` խնդրելով որդուն հարկադիր բուժման ենթարկել, ինչպես նաեւ մանրամասն նկարագրել է նրա վտանգավոր գործողությունները. «Քննիչն ասում ա` ոչ մի բան չենք կարա անենք: Ինքը տնային հիվանդ ա: Մենակ մի դեպքում կարանք բռնենք ուղարկենք հոգեբուժարան` եթե քեզ կամ մեկ ուրիշին վնաս տա: Ախր ասում եմ` էլ ո՞նց վնաս տա: Ամեն օր շան պես ծեծում ա, հանել փողոց ա շպրտել ինձ: Տա ինձ սպանի՝ նոր տանեք հոգեբուժարա՞ն: Ոչ մի բան չեն անում: Դիմում եմ բժիշկներին, իրենք էլ ասում են` մինչեւ միլիցիայությունից մեր հետ մարդ չգա, բան չենք կարա անենք: Լավ, ես ի՞նչ անեմ, աղջիկ ջան»: Ամիսներ առաջ, երբ Իշխանը Սարգիս պապին ծեծելով տանից կրկին վռնդել է` վերջինս դիմել է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն` խնդրելով իրեն ծերանոց տեղափոխել: Նախարարությունն արձագանքել է, եւ Սարգիս պապը որոշ ժամանակ հանգրվանել է 4-րդ գյուղում գտնվող Անօթեւանների կացարանում: Մինչդեռ շատ չանցած` հայտնվել է Իշխանը, այնուհետեւ կրկին հորը ծեծելով նստացրել է տաքսի ու տարել է տուն. «Որովհետեւ իրան իմ նպաստն ա պետք: Ծեծելով նպաստը ձեռքիցս վերցնում ա, ինձ սոված-ծարավ ա թողնում»: Հանրակացարանի բնակիչները վկայում են, որ Իշխանն ամեն ամիս հորը դաժան ծեծի ենթարկելուց հետո վերցնում է ընտանեկան նպաստի գումարը, թոշակը ու անգամ մի կտոր հաց նրան չի տալիս: Հարցնում եմ` «Կուզե՞ք Սոցապ նախարարություն դիմենք, խնդրենք՝ Ձեզ ծերանոց տեղափոխեն»: Սարգիս պապն ասում է, որ Անօթեւանների կացարան չի ցանկանում վերադառնալ, որովհետեւ` «Էնտեղ խմողները շատ են, անընդհատ գալիս-կպչում են, խմիչքի փող են ուզում: Ախր ես իմ ճակատագրով դրանցից եմ փախնում, ինձ շատ ծանր ա էդ ամեն ինչը: Թող նորմալ ծերանոց տեղափոխեն, գլուխս հանգիստ բարձին դնեմ, քնեմ: Կամ էլ մի բուն տան` ապրեմ, ի՞նչ կլինի: Էս մեր երկրի ղեկավարները թող մի շան բուն տան ու համարեն, որ իրենց ծնողին են փրկում»: Կամ էլ խնդրում է էնպես անել, որ Իշխանը համաձայնի հոր անկողինն իրեն տալ` «Դրսում, գետնին կքնեմ: Մենակ իրա ծեծը չտեսնեմ: Հասկանո՞ւմ ես` քնած տեղը քացով նենց ա խփում, որ մարդ կգժվի վախից»:
Վարդաշենի հանրակացարանի բնակիչները սիրում ու խղճում են Սարգիս պապին: Նրանցից բոլորն էլ փորձում են հոգ տանել ծերունու մասին, բայց վստահեցնում են, որ մի օր Սարգիս պապն այլեւս չի դիմանա: Բոլորն էլ ցնցված են Իշխանի դաժան վերաբերմունքից եւ ցանկանում են ինչ-որ ձեւով օգնել. «Մեկ-մեկ կանչում` մի աման տաք ճաշ ենք տալիս, որ ուտի: Հենց Իշխանը տեսնում ա` գալիս հորը ծեծելով տանում ա: Ասում ա` ոչ մեկի հետ չպիտի շփվես, ոչ ոքի հացը չպիտի ուտես: Էդ աստիճանի դաժանություն երեւի գրքերում էլ չեք կարդա»: 82 տարի ապրած այս ծերունու մտքով էլ չի անցել, որ մի օր իր հարազատ որդին իրեն ստիպելու է մեռնել: Ամեն օր Իշխանը հորը դաժան ծեծի ենթարկելուց հետո կրկնում է` «Դու պիտի մեռնես»: