Ձո՞ւկն է մեղք, թե՞ ձկնորսը

16/10/2005 Ս. ԱԶԱՏՅԱՆ

Հոկտեմբերի 3-ին բնակիչները փակել էին Գավառ տանող ճանապարհի Նորադուզի հատվածը, որի պատճառը Գավառից ձուկ տեղափոխելու արգելքն էր: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, դա տեւել էր մի քանի ժամ: Հետո ձկնորսները՝ ձուկ որսալու պայմանով համաձայնության գալով Մարզային ոստիկանության պետի հետ, նորից բացել էին ճանապարհը: Խղճահարություն ես զգում, երբ ձկնորսն ասում է՝ «Բա մեր երեխեքն ինչո՞վ են ապրելու, հո գողություն չե՞նք անելու»: Իսկ շուկայի ձկնավաճառ կինը, որն արդեն վերավաճառող է, ասում է. «Եթե ես մի օր շուկա չգամ, վաղն ընտանիքս հացի խնդիր կունենա: Համ էլ ես ապօրինի ոչինչ չեմ անում, ձուկը ջրից դուրս գալուց հետո եմ բազար անում: Կարող ե՞ն, թող արգելեն ձուկ բռնելը, ոչ թե գան ու մեր ապրանքը բռնագրավեն, մեզ էլ ծեծի ենթարկեն: Արդեն ջրից դուրս եկած ձուկը հո չի՞ փչանալու»: Այս առիթով լսելով Գեղարքունիքի մարզի Բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանին, մոռանում ես եւ՛ ձկնորսին, եւ՛ ձկնավաճառին, եւ՛ գնորդին, այլ մտածում ես միայն սիգ ձկնատեսակի մասին: «Սեւանա լճում ձկնապաշարների անհանգստացնող քանակի պատճառով, բնապահպանության նախարարի հրամանով` 2005 թվականի հունիս ամսից ձկնորսությունն արգելված է: Բնապահպանության նախարարի մեկ այլ հրամանով` մինչեւ նոյեմբերի 1-ը թույլատրվեց կարաս տեսակի ձկան եւ խեցգետնի որսը, այսինքն` սիգ տեսակի ձկան որսի արգելքը շարունակվում է մինչեւ դեկտեմբերի 25-ը: Այնպես որ, այսօր սիգ ձկնատեսակի որսն ու վաճառքն ապօրինի է եւ դատապարտելի: Այս ձկնատեսակի պաշարները ծայրաստիճան անհանգստացնող են, քանի որ ձկնորսները որսում են վերջին մայրական կազմը: Սա նույնիսկ ժամանակից շուտ ձվադրման գնացող մայրական կազմ է: Այնպես որ, դրանց որսալուց հետո, Սեւանա լճում ձկնապաշարների վերականգնումը դառնալու է տասնյակ տարիների խնդիր: Այդ արգելքն ավելի քան արդարացված է: Եվ ճանապարհի Նորադուզի հատվածի փակելը՝ կապված ձուկ որսալու արգելքի հետ, իրավացի չէ: Բայց արդեն երեւի ձկնորսներն էլ են հասկանում, որ մի քանի օրվա հացի խնդիրը չի կարելի փոխել տարիների աշխատատեղի հետ: Եթե այսօր իրենք իրենց ձեռքով որսում են վերջին մայրական կազմը ու կորցնում հաց վաստակելու վերջին աղբյուրը, ուրեմն պետք է վաղը բռնեն արտագաղթի ճանապարհը՝ դրսում ապրուստի միջոց հոգալու համար»,- ասում է Հ. Համբարձումյանը: