Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի` Վաշինգտոն կատարած այցի ընթացքում քննարկվել է նաեւ հայ-ադրբեջանական հակամարտությունը: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, փակ դռների հետեւում մոտ 4 ժամ տեւած բանակցությունների ընթացքում Ռոբերտ Գեյթսն ու Անատոլի Սերդյուկովը քննարկել են հարցերի մի ամբողջ շրջանակ` այդ թվում ղարաբաղյան խնդիրը: Հանդիպման ավարտին տեղի ունեցած հեռախոսային մամուլի ասուլիսում Պենտագոնի ներկայացուցիչը` մանրամասնելով, որ Գեյթս-Սերդյուկով հանդիպման ընթացքում փոքրիկ քննարկում է տեղի ունեցել հատկապես Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տեղի ունեցած վերջին զինված բախումների վերաբերյալ: Պենտագոնին անհանգստացնում է հայ-ադրբեջանական շփման գծում ստեղծված լարված իրավիճակը, ուստի, ամերիկյան ռազմական գերատեսչության փոխանցմամբ, Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը կարծում է, որ «անհրաժեշտ է վերականգնել ջանքեր գործադրելը` Ղարաբաղում բռնության դեպքերը կանխելու համար»: ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարների միջեւ չորեքշաբթի օրը կայացած բանակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Հարավային Կովկասում հրադադարի ռեժիմի մասին համաձայնագրի կետերը պահպանելու անհրաժեշտությանը: Ամերիկյան կողմը ցանկություն է հայտնել, որպեսզի Աբխազիայում եւ Հարավային Օսիայում գտնվող ռուսական զորամիավորումների հետ կապված` բարձրացվի թափանցիկությունը: