Մեր տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վերջերս իր մոտ է հրավիրել մարզի դպրոցների տնօրեններին եւ հրահանգել է, որ դպրոցների բուֆետներում վաճառվող հացաբուլկեղենը այսուհետ նրանք պետք է գնեն մեկ կոնկրետ արտադրողից: Մարզպետը նրանց է ներկայացրել նաեւ այդ արտադրողի անունը: Արմավիրի մարզպետարանին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, Ա.Ղահրամանյանը դպրոցի տնօրեններին նման հրահանգ է ներկայացրել, քանի որ այդ կազմակերպությունը խոստացել է դրա դիմաց ստացված շահույթից նրան ամեն ամիս բաժնեմաս հատկացնել: Արմավիրի մարզպետարանի լրատվական ծառայության պատասխանատուն երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է մարզպետի այդ կարգադրության մասին եւ խոստացել է այսօր տրամադրել այդ կազմակերպության անունը: Վերջինս իր ղեկավարի այդ հրահանգը մեկնաբանել է որպես երեխաների շահերի պաշտպանությանն ուղղված քայլ, որով նրանք զերծ կմնան թունավորումներից: Հիշեցնենք, որ Ա.Ղահրամանյանը անցյալ տարի էլ որոշել էր, որ Արմավիրի մարզի բոլոր դպրոցականները պետք է կրեն նույն համազգեստը, որը արտադրելու էր կրկին իր ներկայացրած կազմակերպությունը: Մարզի ծնողները դժգոհել էին, թե մարզպետն այդ գործում էլ իր բաժնեմասն ունի, եւ հրաժարվել էին այդ ծրագրից: