«Մենք խիստ դժգոհ ենք քաղաքական այն ուժերից, որոնք, ըստ էության, ներկայացնում են ընդդիմությունը: Մենք դժգոհ ենք նրանց ընտրած մարտավարական քայլերից: Բազմիցս ասել ենք եւ հիմա էլ կրկնում ենք, որ մեր երկրի ներսում այսպիսի կեղեքող համակարգ ունենալու դեպքում, ընտրությունների միջոցով որեւէ փոփոխության հասնելն անհնարին է: Դժբախտաբար, նրանք մեր այս հորդորը չեն լսում»,- երեկ հայտարարել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող Ժիրայր Սէֆիլյանը` կոչ անելով վերջ տալ ընտրությունների միջոցով որեւէ բան փոխելու ընթացքին: «Մեր գործընկերները նման խոսակցություններով ժողովրդին մոլորեցնում են: Նրանք պետք է վերջ տան կուսակցական ձեւաչափով աշխատելու գործելակերպին եւ դուրս գան հայտնի պատճառներով չկայացած քաղաքական դաշտից, այդ ճահճից»,- հավելել է նա: Հարցին, թե բացի ընտրություններից, երկրում տիրող ներքաղաքական իրավիճակը փոխելու ինչ տարբերակ է տեսնում, Ժ. Սէֆիլյանը պատասխանել է. «Պետք է ձեւավորվի բարոյական եւ վճռական մարդկանց մի խումբ, որն էլ, հույսը դրած ժողովրդի վրա, պետք է առաջնորդի նրան: Ժողովուրդը պետք է իր կամքը պարտադրի այս թափթփուկներին, որովհետեւ նա իրավունք ունի պայքարել բռնության դեմ»: