«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը երեկ Ազգային ժողովում գրավոր հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ այլեւս «անպատվաբեր է համարում շարունակել» Դալլաքյանների ընտանիքի հետ ունեցած մտերիմ հարաբերությունները` մասնավորապես նրա հետ «քավորությունը»:
Վ.Բոստանջյանը պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի երեխաների կնունքի ու որդու հարսանիքի քավորն է: Ավելի ճիշտ` արդեն՝ էր: Երեկ պատգամավորը հրաժարվեց իր այդ «պարտականությունից», որովհետեւ վիրավորվել էր երկու օր առաջ ԱԺ-ում բարեգործության մասին Վ.Դալլաքյանի արած հայտարարությունից: «Ինձ չափազանց վշտացրեց, եթե կուզեք՝ զայրացրեց «նույն կեղտի միջից դուրս եկած գործիչներ» արտահայտությունը, քանզի, որպես ԲՀԿ քաղխորհրդի անդամ եւ պատգամավոր, ես պաշտպանում եմ այն սկզբունքներն ու մոտեցումները, որոնց կրողն է ԲՀԿ-ն, եւ որն ինձ հոգեհարազատ է: Նման պիտակի արժանանալու դեպքում այլեւս անպատվաբեր եմ համարում շարունակել Դալլաքյանների ընտանիքի հետ իմ համոզմամբ եւ Աստծո օրհնությամբ ստանձնած սուրբ գործը»,- գրել էր Վ.Բոստանջյանն իր հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Վ.Դալլաքյանն իր ելույթում նախ մեջբերել էր բարեգործության մասին Ալեքսանդր Շիրվանզադեի խոսքերը: «Բարեգործը հաճախ ոչ թե դատելով, այլ զգալով ու կարեկցելով է անում բարեգործությունը: Եթե ձեռքը գրպանը տանելուց բարեգործի գլխում ծագում է այն միտքը, թե կարող է փառք վաստակել, կամ եթե մտածում է, թե այն մարդը, որին նա ատում է, պիտի խոնարհվի իր առջեւ, այն ժամանակ նա բարեգործի աստիճանից անպայման գլորվում է, քանի որ նա կամենում է իր տվածի փոխարեն ստանալ: Արդ կարելի՞ է այդ ինքնանպատակ շահադիտական երեւույթը բարեգործության սրբազան անունով մկրտել…: Այլեւս չենք խոսում, թե ինչ քստմնելի միջոցներով է նա ձեռք բերել այն, որի մի չնչին կտորը շպրտում է կարոտյալին… Եվ այսօր մենք տեսնում ենք, որ գարշելի միջոցներով հարստություն ձեռք բերած մի հաստավզի առջեւ սողունի պես ստորանում են, ոտքերն են լիզում իրենց անամոթ շրթունքներով նույն կեղտի միջից գլուխ բարձրացրած հասարակական գործիչներ: Կարծում եմ, որ Շիրվանզադեի այս խոսքերը չափազանց արդիական եւ ուսանելի են նաեւ մեր օրերում»,- հայտարարել էր Վ. Դալլաքյանը:
ԲՀԿ խմբակցության պատգամավորները Վ.Դալլաքյանի այս հայտարարությունն անմիջապես ընդունել էին որպես իրենց առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ ուղղված վիրավորանք: Հայտարարությունից անմիջապես հետո պատասխան ռեպլիկ-հայտարարությամբ հանդես էր եկել ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Նաիրա Զոհրաբյանը` ասելով, թե՝ «Կուզենայի, որ շատ լինեին բարեգործներ, ինչպես ասել է Շիրվանզադեն, եւ ինչպես է Գ.Ծառուկյանը»: Այս պատասխանին էլ երեկ հետեւեց Վ.Բոստանջյանի վերը նշված հայտարարությունը:
Իսկ ինչո՞ւ էին ԲՀԿ խմբակցության պատգամավորները որոշել, որ Վ.Դալլաքյանի հայտարարությունն ուղղված է հենց իրենց առաջնորդին: Չէ՞ որ այնտեղ անուն նշված չէր: Կամ գուցե նրանք Վ.Դալլաքյանից ճշտե՞լ են, որ վերջինս իր հայտարարության մեջ նկատի է ունեցել Գ.Ծառուկյանին: «Ես ինքս ինձ բնորոշ յուրահատկությամբ այդպես եմ մտածել: Սխալ եմ մտածել, ճիշտ եմ մտածել, դա իմ մտածողության արդյունքն է»,- մեր հարցին իրեն բնորոշ յուրահատկությամբ պատասխանեց Վ.Բոստանջյանը:
Վ. Դալլաքյանից փորձեցինք ճշտել՝ իր հայտարարությունն արդյոք Գ.Ծառուկյանի՞ն էր ուղղված, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Ոչ»: Այդ դեպքում ինչո՞ւ ԲՀԿ-ում այդպես ընկալեցին: «Ես մեջբերում եմ արել Շիրվանզադեից, թե ով ինչպես է ընկալել, հարցերն ուղղեք այդպես ընկալողներին: Ընդհանրապես, եթե ես որեւէ մեկին նկատի եմ ունենում, դա ասում եմ ուղղակի»,- ասաց Վ.Դալլաքյանը: Իսկ ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ Վ.Բոստանջյանը հրաժարվում է այլեւս լինել իր ընտանիքի քավորը: «Չեմ մեկնաբանում»,- ինչպես եւ կարելի էր ակնկալել, ասաց նա: Այնուամենայնիվ, նշենք, որ Վ.Դալլաքյանի հայտարարությունից հետո ԱԺ շատ պատգամավորներ նույնպես խոսում էին, որ այն ուղղված է Գ.Ծառուկյանի դեմ: Նշենք նաեւ, որ Դալլաքյանն ու Բոստանջյանը, քավոր-սանիկությունից բացի, երկար տարիների բավականին մտերիմ ընկերներ էին: Եվ պատահական չէր, որ երբ առավոտյան Վ.Դալլաքյանին տեղեկացրեցինք Վ.Բոստանջյանի հայտարարության մասին, նա, անակնկալի եկավ: Վ.Բոստանջյանն իր հերթին հայտարարությունը տարածելիս բավականին հուզված էր ու կարմրած: Երեկվա նրա հայտարարությունը ԱԺ-ում քննարկվող հիմնական թեման էր: Շատերը խոսում էին այն մասին, թե Գ.Ծառուկյանն է ստիպել, որ Վ.Բոստանջյանը հրաժարվի Վ Դալլաքյանի քավորությունից: Գ.Ծառուկյանն ինքը չէր մասնակցում ԱԺ նիստին, նաեւ Հայաստանում չէր: Երեկ ԱԺ-ում նաեւ խոսում էին, որ Դալլաքյանի ու Ծառուկյանի հարաբերությունները վաղուց են լարված: Եվ այդ հարաբերության արդյունք էր Դալլաքյանի հայտարարությունն ու Բոստանջյանի` քավորությունից հրաժարվելը: Պատգամավորները միմյանց հետ զրուցելիս անընդունելի էին համարում փաստը, որ քաղաքականությունն ու քաղաքական ինտրիգներն արդեն ներթափանցել են մարդկային ու ընտանեկան հարաբերությունների մեջ: Անգամ ոչնչացնում, պղծում են այնպիսի հարաբերություններ ու կապեր, որոնք, Վ.Բոստանջյանի ձեւակերպմամբ, ստեղծվել են «Աստծո օրհնությամբ ու սուրբ գործ են»: Հատկապես իշխանական թեւի շատ պատգամավորներ մտահոգված էին, որ Վ.Բոստանջյանի հետ կատարվածը կարող է պատահել նաեւ իրենցից յուրաքանչյուրի հետ: