Սահման չէ՞

16/09/2010

«Անցնելով հայ-ադրբեջանական ճակատի շփման գիծը Ղարաբաղում` մենք ցանկանում էինք դրանով հասկացնել, որ այն երկու ժողովուրդներին բաժանող սահման չէ: Հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գիծը մշտական չէ ու սահման չի հանդիսանում: Կգա մի գեղեցիկ օր, երբ այդ երկրների ներկայացուցիչները ազատ կարող են անցնել այդ շփման գիծը: Բացի այդ, մեր նպատակն է եղել այն, որ ստուգենք հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկություններն ու ընդգծենք դրա պահպանման կարեւորությունը»,- ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն BBC-ին տված հարցազրույցում: «Տարածաշրջան այցելության, երկու կողմերի ներկայացուցիչների հետ շփման արդյունքում ես շատ հետաքրքիր, օգտակար բաներ իմացա եւ հասկացա, որ ընդհանուր փոխըմբռնման հասնելու համար պետք է մեծ աշխատանք կատարել»,- ասել է Բրադտկեն: Խոսելով ԼՂՀ հարակից տարածքներում տեսածի մասին, նա նշել է, որ դրանք չբնակեցված տարածքներ են, որոնց վերջում նրանք խրամատներ են տեսել, եւ իրենց թույլ չեն տվել դրանցից անցնել: «Շրջակայքում հատված են բոլոր ծառերն ու բույսերը: Մենք ականատես դարձանք, թե որքան լուրջ իրավիճակ է ստեղծվել այստեղ: Ես չգիտեմ` ինչ կփոխի մեր առաքելությունը: Մենք ցանկանում էինք Հայաստանին եւ Ադրբեջանին ուղերձ հղել այն մասին, որ շփման գիծը մշտական չէ, սակայն հարկավոր է պահպանել հրադադարի ռեժիմը»,- ընդգծել է Բրադտկեն: Նա հրադադարի խախտման պատճառ է համարել այն, որ սահմանագծում` կողմերի միջեւ հեռավորությունը որոշ տեղերում կազմել է 40 մետր: Նա նկատել է, որ հայ-ադրբեջանական ԶՈՒ շփման գծում անմիջապես խաղաղապահ զորքերի տեղակայումը անհնար կլինի, քանի որ կողմերը դա չեն ցանկանում: