Սկսել ա

16/09/2010

2010-ի հոկտեմբերի 1-ից ապահովագրական ընկերությունները սկսելու են ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության գործընթացը: Մինչեւ հունվարի 1-ը բոլոր վարորդները պետք է ձեռք բերեն ապահովագրական պոլիսներ, հակառակ դեպքում` կտուգանվեն: Դեռեւս հստակեցված չէ, թե որքան է լինելու կոնկրետ մակնիշի մեքենայի ապահովագրության վճարը. ենթադրվում է, որ այն կլինի մինչեւ 40 հազար դրամի սահմանում, փոխարենը հստակեցված է տուգանքի չափը` այն սկսվում է 50 հազար դրամից: Ակնհայտ է, որ այս առումով չձեւավորված շուկա ունեցող Հայաստանի ապահովագրական ընկերությունների համար սա մեծ գումարներ աշխատելու եւ կայանալու շատ լավ առիթ է: Ապահովագրական ընկերություններն արդեն իսկ ակտիվ գործունեություն են իրականացնում` հնարավորինս շատ հաճախորդ ներգրավելու համար: Մասնավորապես այս օրերին ակտիվ պայքար է ընթանում Հայաստանում 2 ռուսական ապահովագրական ընկերությունների մասնաճյուղերի միջեւ: Բանն այն է, որ նրանք Հայաստանում ռուսական կապիտալով աշխատող ընկերություններին փորձում են համոզել, որ մեքենաները ապահովագրելու համար իրենց աշխատակիցներին ուղարկեն հենց իրենց մոտ: Օրինակ, «Հայաստանի էլեկտրական ցանցերի» աշխատակիցներն արդեն իսկ հրահանգ են ստացել այդ գործընթացը կազմակերպել միայն «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության միջոցով: Նշենք, որ այն պատկանում է ռուսաստանցի գործարար, ազգությամբ հայ Դանիիել Խաչատուրովին: «Ռոսգոսստրախ Արմենիայի» մրցակիցը դարձյալ ռուսական «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունն է: Վերջինիս սեփականատերերը Նիկոլայ եւ Սերգեյ Սարգիսով եղբայրներն են: Չի բացառվում, որ այս երկու ընկերությունները կարճ ժամանակում շուկայից դուրս մղեն հայկական ապահովագրական մի քանի ընկերությունների, որոնք պարզապես չեն կարող շուկայում գոյատեւել, քանի որ գործում են առեւտրային բանկերին կից ու սպասարկում են հիմնականում այդ բանկերի հաճախորդներին: Նշենք, որ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների համաձայն, Հայաստանում գործում է 12 ապահովագրական ընկերություն, որոնք 2010-ի առաջին եռամսյակում աշխատել են ավելի քան 277 միլիոն դրամ վնասով: