Վաղաժամ է

16/09/2010

ԼՂ սահմանային գոտում ՆԱՏՕ-ի խաղաղարար ուժերի տեղակայման համար պետք է նախ համաձայնություն լինի կողմերի միջեւ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, որից հետո կողմերը կարող են դիմել ՆԱՏՕ-ին՝ խաղաղարար ուժեր տեղակայելու մասին առաջարկով: Երեկ այս մասին Հայաստանում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը` անդրադառնալով ԼՂ կոնֆլիկտի գոտում ՆԱՏՕ-ի խաղաղարար ուժերի տեղակայման հնարավորության մասին հարցին: «Բայց քանի որ այսօր չկա այդ համաձայնությունը, վաղաժամ է այդ մասին խոսելը»,- ասել է Սիմոնսը:

Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին գրանցված միջադեպերին` Ռոբերտ Սիմոնսն ասել է, թե ՆԱՏՕ-ն հայտնել է իր մտահոգությունն այդ առնչությամբ: Նաեւ ընդգծել է, թե ԼՂ խնդրի կարգավորումը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: «ՆԱՏՕ-ն լիովին կաջակցի Մինսկի խմբի առաքելությանը»,- հայտարարել է Ռոբերտ Սիմոնսը: Նա անդրադարձել է նաեւ ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից ներկայացված հակահայկական բանաձեւին` ընդգծելով, որ յուրաքանչյուր երկիր ինքնուրույն է իր նախաձեռնություններում, բայց ԼՂ խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, եւ եթե Մինսկի խումբը գտնում է, որ այդ նախաձեռնությունները խանգարում են կարգավորմանը, իրենք աջակցում են այդ դիրքորոշմանը: