Այսօր աշխատատեղերի պակասը, անգործության չմատնվելու ցանկությունը ստիպում է հայ երիտասարդներին (ոչ միայն) աշխատանք գտնել այլ մասնագիտությամբ: Ինչի՞ կարող է հանգեցնել աշխատանք չգտնելու գործոնը, ինչպե՞ս վարվել այդ դեպքում: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք ԵՊՀ սոցիալական հոգեբանության ամբիոնի դասախոս Իզաբելլա Ղազարյանի հետ:
– Բուհն ավարտած մեր երիտասարդների փոքր մասն է աշխատում իր մասնագիտությամբ: Ինչո՞վ է սա պայմանավորված: Երիտասարդների մոտ սա արդյոք չի՞ նվազեցնում ուսում, մասնագիտություն ստանալու մոտիվացիան:
– Հարցի օբյեկտիվ պատճառներից մեկն այն է, որ Հայաստանի ժամանակակից աշխատաշուկան բոլոր մասնագետներին չի կարող տրամադրել հավասար աշխատատեղեր, քանի որ կան առավել պահանջված եւ քիչ պահանջարկ ունեցող մասնագիտություններ: Մեծ նշանակություն ունի նաեւ «փորձ» հասկացությունը. շատ գործատուներ նախընտրում են փորձառու մասնագետների, այլ ոչ սկսնակների, երիտասարդների: Օբյեկտիվ պատճառներից է նաեւ բուհ ավարտող մարդկանց զանգվածի բավականին բազմաբնույթ լինելը: Այստեղ եւս գործատուները պետք է բավական մեծ ընտրություն կատարեն, եւ քանի որ գնահատականների վրա հիմնվելը կարող է չարդարացվել, նախապատվությունը տրվում է աշխատանքային փորձ ունեցողներին, որովհետեւ, եթե մարդն աշխատել է տվյալ ոլորտում, կհասկանա` ինչ պետք է անի: Սուբյեկտիվ պատճառները կապված են զուտ մարդկային գործոնի հետ (ինչպիսին է վերաբերմունքը կրթության նկատմամբ): Մեր հասարակության մեջ կրթությունը ինքնանպատակի նման մի բան է: Դիպլոմ ունենալը բավականին մոտիվացնող է (ամեն տեղ դիպլոմ են պահանջում, պետք լինի դա, թե ոչ): Ձգտում կա ունենալու դիպլոմ, այլ ոչ դառնալու մասնագետ: Մեր հասարակությունում աշխատանքի ընդունման հարցում հաճախ գործում է «խնամի-ծանոթ-բարեկամ» օրենքը, երբ շատ հաճախ չի կարեւորվում գիտելիքը, բայց իմ կարծիքով, սա կամաց-կամաց «դուրս է մղվելու», քանի որ տնտեսական մրցակցության պայմաններում գործատուին պետք է լավ մասնագետ, քանի որ նրանից է կախված ձեռնարկության շահույթը: Ուստի չեմ կարծում, թե այս կտրվածքով մոտիվացիան պակասում է: Սուբյեկտիվ պատճառներից մյուսը մեր հասարակության ճկուն չլինելն է մասնագիտության ընտրության, այն փոխելու, վերապատրաստվելու հարցում: Շատ հաճախ մեզ թվում է, որ եթե 21 տարեկանում ավարտեցինք բուհը, ապա` վերջ, մենք, ինչպես ասում են` «սովորած ենք»: Սակայն կրթությունը մշտական պրոցես է. դրա համար գոյություն ունեն վերապատրաստման կուրսեր, երկրորդ մասնագիտությունների ֆակուլտետներ, որոնք բացվել են բոլոր բուհերում, քանի որ այժմ մեկ մասնագիտությամբ շատ դժվար է գոյատեւել:
– Սակայն շատ երիտասարդներ, ովքեր ունեն բոլոր նախադրյալները աշխատանք գտնելու համար, չեն հաջողում: Ի՞նչ որակներ են անհրաժեշտ երիտասարդներին այդ խնդիրը լուծելու համար:
– Իմ կարծիքով` համբերությունը, քանի որ շատ դեպքերում մեկ, երկու, երեք անգամ անհաջողության մատնվելուց հետո այլեւս աշխատանք չեն փնտրում: Թեեւ մնում է աշխատելու ցանկությունը, դրան գումարվում է հուսախաբությունը, հիասթափությունը: Պետք է լինել համառ ու համբերատար, փորձել անընդհատ` այնքան, մինչեւ ստացվի:
– Ինչպե՞ս եք վերաբերվում մոդայիկ, պահանջված մասնագիտություններին (տնտեսագիտություն, իրավաբանություն, ծրագրավորում…), որոնց ձգտում են տիրապետել շատ երիտասարդներ: Ո՞րն է դրա պատճառը, եւ արդյո՞ք մեր պետությանն անհրաժեշտ են մեծ քանակությամբ նման մասնագետներ:
– Այնքան էլ համաձայն չեմ «մոդայիկ» ասվածի հետ. դա ուղղակի հաշվարկ է` կապված աշխատանք գտնելու ավելի մեծ հավանականության հետ, քանի որ մաքսիմալ աշխատատեղեր հատկացված են հենց այդ ոլորտներին: Այն, թե պետությանը որքան են անհրաժեշտ նման մասնագետներ, հստակ չեմ կարող ասել: Միգուցե շատ քիչ, սակայն նրանց պահանջարկը մեծ է մասնավոր սեկտորում, որը պետության հետ կապ չունի: Կարող են լինել բազմաթիվ մասնավոր ձեռնարկություններ` բազմաթիվ աշխատատեղերով, որոնց միջեւ կլինի մրցակցություն, եւ այն ձեռնարկությունը, որը կլինի առավել ուժեղ եւ կայուն, նա էլ կմնա ու կզարգանա: Առաջին պատճառն, այսպիսով, աշխատանքի գործոնն է: Մյուս պատճառն այն է, որ երբ մարդիկ նայում ու տեսնում են, որ իշխանության մեջ, կարիերայում առաջընթաց ապրող մարդիկ հիմնականում կա՛մ իրավաբան են, կա՛մ տնտեսագետ, կա՛մ ինչ-որ հարակից ոլորտի մասնագետ, ձգտում են դրան: Եվ եթե մարդն ունի առաջ գնալու նպատակ ոչ միայն գումար վաստակելու, այլեւ իշխանություն կամ հասարակական դիրք ձեռք բերելու համար, նա կընտրի այդ ուղղությունը: Սա ուղղակի հաշվարկ է, եւ եթե մարդը կարիերիստ է, դրանում ոչ մի վատ բան չկա, նա իրավունք ունի ունենալու այդ ձգտումները:
– Աշխատանքի ընդունելու համար երիտասարդներից պահանջում են աշխատանքային փորձ, միջին եւ մեծ տարիքի անձանցից` երիտասարդություն: Ինչպե՞ս պետք է վարվել այդ դեպքերում: Ինչպե՞ս լուծեն այս խնդիրը:
– Սա այնքան էլ հոգեբանության ոլորտին պատկանող խնդիր չէ, բայց, իմ կարծիքով, պետք է վերապատրաստում, պրակտիկա, ստաժավորում, կամավորական կարճաժամկետ աշխատանք, որոնց արդյունքում ձեռք է բերվում փորձ, շատ հաճախ՝ նաեւ վկայականներ, որոնք խոսում են փորձի առկայության մասին: Հասուն տարիքի անձանց նույնպես լավ կլինի անցնել վերապատրաստումներ: Ես համոզված եմ, որ հասուն տարիքի մարդը, ով ուզում է փոխել իր աշխատանքը եւ լավ տիրապետում է համակարգչային ծրագրերի, օտար լեզվի, ունի հարուստ աշխատանքային փորձ, կկարողանա դա անել:
– Գործազրկությունը հղի է բացասական հոգեբանական հետեւանքներով: Տարիքային ո՞ր խումբն է առավել խոցելի այս հարցում:
– Բացի տարիքային տարբերությունից, կարեւոր է նաեւ սեռային տարբերությունը, քանի որ տղամարդիկ եւ կանայք տարբեր կերպ են ապրում իրենց գործազրկությունը: Տարբեր ընտանեկան ստատուս ունեցող մարդիկ (ամուսնացած, չամուսնացած, երեխա ունեցող, ամուսնալուծված եւ այլն) եւս տարբեր կերպ են ընդունում իրենց գործազրկությունը: Այս բոլոր գործոնները շատ մեծ նշանակություն ունեն: Գործազրկությունը միշտ էլ ծանր է ընդունվում, բայց եթե դու երիտասարդ ես, չունես ընտանիք եւ ծանր պարտականություններ, այն կարող է ազդել զուտ ամբիցիաների, ինքնագնահատականի վրա, որովհետեւ երիտասարդությունը այն հարմար տարիքն է, երբ կարելի է ինչ-որ կորուստներ ունենալ, որոնք դեռ ճակատագրական չեն լինի, կարելի է ունենալ անհաջողություններ եւ ժամանակ` դրանք շտկելու: Հասուն տարիքի գործազրկությունը փոքր-ինչ այլ է: Մարդը ֆիզիկապես գնում է ծերացման, այլեւս չկան նախկին թարմ ուժերը, եւ այստեղ առաջ է գալիս «իրեն պետքական զգալու» հարցը: Հասուն տարիքում աշխատանքը կորցնելը կարող է շատ ծանր դեպրեսիվ վիճակների հանգեցնել` «ո՞ւմ եմ ես պետք» հարցով: Եթե կնոջ դեպքում նա գիտի, որ պետք է երեխաներին, ապա տղամարդու պարագայում, այն էլ՝ հասուն տղամարդու, կենսաբանական կապը երեխաների հետ բացակայում է, որպեսզի նա հասկանա, որ պետք է երեխաներին: Մանավանդ, երբ կա ստերեոտիպ, ըստ որի` տղամարդը պետք է գումար վաստակի, քանի որ ընտանիքը, երեխաները դա են սպասում նրանից: Այս իմաստով` ամենախոցելի խումբը հենց հասուն տարիքի տղամարդիկ են, չնայած յուրաքանչյուր խումբ ունի իր վտանգներն ու ռիսկերը:
– Նիցշեի հայտնի խոսքերն են. «Այն, ինչը ինձ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ»: Ինչպե՞ս վարվել, որպեսզի աշխատանք չգտնելու գործոնը հանգեցնի ոչ թե հուսահատության, այլ՝ ընդհակառակը, հասունացման եւ տոկունացման:
– Եթե մարդ համառորեն փնտրում (թեեւ դա կարող է տեւել 1 կամ 2 տարի) եւ վերջապես գտնում է աշխատանք, ապա այն բոլոր ջանքերը, որոնք նա գործադրել է, դառնում են պլյուս նրա հոգու համար, հոգեկանը դրանով ամրապնդվում է: Եթե, այնուամենայնիվ, չի ստացվում գտնել աշխատանք, ամբողջ ուժն ու եռանդը, որ մարդը ծախսել է աշխատանք փնտրելու համար, ուղղվում է իր դեմ, դառնում դեպրեսիայի, հիասթափության եւ այլ բացասական հոգեկան վիճակների պատճառ: Աշխատանք չգտնելը փորձություն է, եւ եթե մարդն այն ընկալի որպես կյանքի փորձություն, որը պետք է հաղթահարել, ինչպես, օրինակ, ցանկացած հիվանդություն, դա նրան կուժեղացնի: Շատ լավ միջոց է նաեւ նախորդ փորձը վերլուծելը: Շատ անգամ, երբ մասնակցում են հարցազրույցների եւ բացասական արդյունք ունենում, լավ կլինի վերլուծել, հասկանալ, թե ինչո՞ւ այդպես եղավ, ինչո՞ւ չընդունեցին աշխատանքի: Գործատուները եւս չպետք է սահմանափակվեն` «մենք ձեզ կզանգահարենք» արտահայտությամբ, այլ զանգահարեն եւ բացատրեն, հիմնավորեն իրենց որոշման պատճառները գոնե այն մարդկանց, ովքեր որոշակի փուլեր հաղթահարել էին հարցազրույցների ընթացքում, որպեսզի հետագայում մարդը կարողանա հասկանալ եւ շտկել իր սխալները:
– Ի՞նչ կմաղթեք բոլոր այն մարդկանց, ովքեր գտնվում են աշխատանք փնտրելու փուլում:
– Առաջնահերթ մաղթում եմ համբերություն, քանի որ անկախ բոլոր ծանոթներից, խնամիներից, եթե կա մեծ ցանկություն, անպայման աշխատանք կգտնվի: Միգուցե սկզբում դա կլինի ոչ այն աշխատանքը կամ ոչ այն վարձատրությունը, որ ցանկալի է, բայց եթե կա ձգտում զբաղվելու ինչ-որ բանով, ստեղծելու ինչ-որ բան, օգուտ տալու կամ ստանալու, համոզված եմ` դա հնարավոր է:
Լիլիթ ՊԵՏԱՆՅԱՆ