Գիշերային Կոմայգի

16/09/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կեսգիշերն անց ծանոթներիս հետ նստել էինք Երեւանի Կոմայգու սրճարանում, որի խամրած լույսերը այգու մթության մեջ մի տեսակ միստիկական պատկերներ էին ստեղծում: Քամին այդ պատկերները հասցնում էր մինչեւ մայթեզր, որտեղ կանգնած էին ոստիկանները՝ հատուկ առաջադրանքով: «Ախր, հիմա Կոմայգի չի, Գոմայգի ա` գոմիկների այգի: Ուսանողական այգին քանդում, սրճարան են սարքում, էս մեկն էլ տվել են գոմիկներին»,- ասում էր ծանոթներիցս մեկը:

Այգու «գեղեցկուհի» տղաները

Գիշերվա «հազարին» Կոմայգու մութ ծառուղու լռությունը երբեմն խախտում էին մեքենաները, որոնք կանգնում էին այգու մուտքի մոտ, ապակիները արարողակարգի նման իջեցնում, ինչ-որ բան «մրթմրթում» ու դարձյալ շարունակում ճանապարհը: Երկու «գեղեցկուհիները», ովքեր կանգնել էին մուտքի մոտ, լուռումունջ լսում էին, հետո գլուխները թեքում: «Մեզ շատ վատ են վերաբերվում: Հասարակության մի մասն ընդունում ա մեզ, մյուս մասը՝ ոչ: Մեր էս հայ տղամարդիկ փորձում են մարմնական վնասվածքներ տալ մեզ, ահավոր վիրավորում են՝ անկախ նրանից, թե մենք ով ենք»,- ասաց Էլյան, ում առաջին հայացքից դժվար էր չշփոթել աղջկա հետ: «Մեր հետեւից շիշ են ջարդում, քարեր են շպրտում: Անհնարին ա ստեղ աշխատելը»,- շարունակեց Վիկան, ով նույնպես տղամարդ էր: Իսկ հարցին, թե այգին հսկող ոստիկաններն իրենց չե՞ն պաշտպանում, «գեղեցկուհիները» պատասխանեցին, թե ավելի շուտ իրենք են պաշտպանում ոստիկաններին: «Նրանք յա կան, յա չկան»,- նշեցին «աղջիկները»: «Ես հիմնականում երկրից դուրս եմ գնում՝ Ստամբուլ, Դուբայ: Էստեղ, իսկապես, անհնարին ա աշխատելը, որովհետեւ ստեղ վիճակը շատ-շատ վատ ա: Ճիշտ ա՛, հաճախորդ-կլիենտներ շատ ունենք, բայց որ ֆիզիկապես քեզ վատ ես զգում, կլիենտն ու փողը կապ չունի: Փողոցում քայլում ես, գիտես, որ հես ա մի ռեպլիկ են տալու, ու չգիտես, էստեղից տուն կհասնե՞ս, թե՞ չէ»,- մեզ հետ զրույցում ասաց Էլյան, ով բազմիցս ենթարկվել է խոշտանգումների: Նա պատմում էր, թե ինչպես են իրեն տաքսու մեջ ծեծել, դանակով խփել: «Ասում են՝ թուրքերը վատն են, արյունախում են, բայց մենակ տեսնեք ինչ լավ են վերաբերվում մեզ: Օրինակ, գնում եմ աղջկա կոշիկ առնելու, չէ՞, իրանք ինձ հագցնում են: Էնտեղ ես պրոբլեմ չունեմ, կարամ նույնիսկ էս վիճակով քայլեմ փողոցներում (ցույց է տալիս շպարը, երկար մազերը, գոտկատեղից ներքեւ տաբատը.- Մ.Մ.), իսկ Դուբայում՝ չէ: Թուրքիայում ոչ մի պրոբլեմ չունեմ, իսկ հենց հասնում եմ էստեղ, ոնց որ դժոխք մտնեմ, այ էդ տիպի է իմ մոտ»,- վրդովված ասաց Էլյան: Հարցին, թե ինչո՞ւ այդ դեպքում չի ուզում հաստատվել Թուրքիայում, նա պատասխանեց, որ Հայաստան գալիս է ընտանիքին տեսնելու համար, ու նաեւ, որովհետեւ ինքը սիրում է իր երկիրը: «Ընտանիքդ ո՞նց է վերաբերվում քո կերպարանափոխմանը»,- հարցրեցի նրան: «Նորմալ, ո՞նց պիտի վերաբերվի: Ճիշտ ա՝ ծնողի համար ցավ ա, բայց դե հիմա ի՞նչ արած: Որ մատդ էլ կտրես, արյուն ա գալու: Ես ցավ եմ տալիս իմ ընտանիքին, բայց ես բան չեմ կարող փոխել: Հիմա էդպես ա ստացվել»,- պատասխանեց զրուցակիցս:

Տղաներն իրենց կերպարների մասին խոսում էին հաճույքով: Ավելին՝ հարցին, թե ի՞նչն է նրանց գրավում կնոջ կերպարում, երկուսն էլ արագ արձագանքեցին. «Բայց մենք կին ենք»:

Վիկան ժամանակին աշխատել էր իբրեւ խոհարար, հետո՝ մատուցող: Ըստ նրա՝ ամեն ինչ սկսվեց Հանրապետության հրապարակում, երբ 12 տարեկան էր: Հիմա Վիկան 18 տարեկան է, իսկ Էլյան՝ 20: Վերջինիս ասելով` իրենք ընտրության հնարավորություն չունեն, եւ դա գալիս է մանկությունից: «Մարդու մեջ պիտի լինի: Օրինակ, երբ ես փոքր էի, հագնում էի մամայիս շորերը, կոսմետիկան էի օգտագործում: Ինձ մի տեսակ հաճույք էր պատճառում կնոջ դերում լինելը: Տնեցիք ուշադրություն չէին դարձնում, ասում էին՝ էրեխա ա, կանցնի: Բայց ես հիմա կին եմ: Դաժե ճաշ սարքելիս՝ սիրում եմ մակիյաժ արած լինեմ»,- ասաց Էլյան: «Չէ, խոհանոցը իմ խելքի բանը չի»,- «ընկերուհու» խոսքերին արձագանքեց Վիկան: Հետաքրքիրն այն էր, որ նրանք երկուսն էլ շատ բարեհամբույր պատասխանում էին գրեթե բոլոր հարցերին: «Երեւանի կեսը թաքնված տաղանդներ են, ուղղակի շատ քչերն են բացեիբաց դուրս գալիս փողոց, ու չեն թաքցնում իրենց իսկական դեմքը»,- նշեցին «աղջիկները»: Նրանց ասելով` իրենց «ծառայություններից» շատ հաճախ օգտվում են անգամ քաղաքական վերնախավի ներկայացուցիչները: «Եթե Դուք մի քանի հոգու գիտեք, մենք շատերին գիտենք, ասենք, մի 30-ից ավելի: Մի քանիսին ես անձամբ գիտեմ, ու եթե պետք եմ լինում իրանց, գալիս են իմ հետեւից»,- նշեց Էլյան, ով հրաժարվեց անուններ թվարկել: «Հիմնականում, ասեմ քեզ, բարձր խավն ա օգտվում: Էս վերջերս Կիեւից մի մեծահարուստ էր եկել: Իրա ախրաննիկներն էկան, հենց տնից ինձ տարան հյուրանոց»,- ասաց Վիկան: «Սիրում եմ Երեւանը, բան չունեմ ասելու, բայց՝ ոչ մարդկանց: Ոնց որ ասում են՝ կակոյ պրիվետ, տակոյ` ատվետ, էդ վիճակն ա»,- շարունակեց 18-ամյա Վիկան, ով արդեն ազատվել է զինծառայությունից: «Իմը ծանոթների միջոցով ա եղել լրիվ, ու ձեւ չկար, էլի, որ կտանեին բանակ»,- ասաց «գեղեցկուհին»` հավելելով, թե հետագայում ինքն ամուսնանալու է աղջկա հետ: «Չէ, ես չեմ ամուսնանալու: Իմ կյանքը ես նվիրելու եմ ինձ: Ես ուզում եմ վիրահատվել, ու սաղ կյանքս ապրեմ ինձ նվիրելով: Ճիշտ ա՝ թանկ վիրահատություն ա, բայց մարդու մտքին տեղ լինի: 1000 դրամով էլ կարելի է գումար հավաքել, ու տարիներ հետո կլինի էն, ինչ ուզում եմ: Կարեւորը՝ նպատակին հասնելն ա»,- ասաց Էլյան: Այս խոսքերից հետո Վիկան ոգեւորված նշեց. «Մալադեց, Էլյա, ապրե՛ս, դու կհասնես քո ուզածին, կյանքս»: «Դե, մենք գնանք աշխատելու»,- շտապ ասաց Էլյան՝ Վիկայի հետ միասին մոտենալով մայրուղուն: «Երեւանի կեսը մեզ նման են, բայց կեսից շատը թաքնված են»,- ասացին նրանք:

«Գոմիկները»՝ Մյասնիկյանի թիկունքում

«Ահավոր շատ են գոմիկները: Հիմա դաժե լեսբիանկեք էլ կան, այգու կլորակի մեջ գալիս-նստում են մինչեւ ուշ գիշեր: Էդ գոմիկների մեջ էնքան սիրունները կան, ասում ես՝ էրնեկ քո տիրոջը»,- կատակով նշեց այգու աշխատակիցներից մեկը՝ խնդրելով չհրապարակել իր անուն-ազգանունը: «Չեք պատկերացնի՝ ինչեր են կատարվում, ի՜նչ մեքենաներով են գալիս-տանում: Դաժե ամուսիններ են գալիս-տանում: Հետո նրանք գալիս-պատմում են, որ ամուսինը նստած նայում էր իրենց: Էն օրն էլ մի 20 տարեկան աղջիկ էր եկել Ջիփով, ու «աղջիկներից» մեկին տարավ: Է, ինչ ասես տեսնում ենք»,- շարունակեց այգու աշխատակիցը: Ըստ նրա՝ այսօր Կոմայգի գնալը դարձել է ամոթ: «Որովհետեւ սաղ գիտեն, որ էս գոմիկների այգի ա դարձել: Այգու անունն ընկել ա»,- նկատեց զրուցակիցս, ում փոխանցմամբ, բացի Կոմայգուց, համասեռամոլների երկրորդ հավաքատեղին Հրազդանի կիրճն է: «Իմ հաշվարկներով՝ մի 300 գոմիկ կա: Նայեք՝ էս տարածքում վճարովի գոմիկներն են, մյուսում՝ ձրի»,- Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի ետնամասում հավաքված տղամարդկանց մատնացույց անելով՝ ասաց զրուցակիցս: «Ընենց մարդիկ են գալիս, որ կյանքում չես էլ երեւակայի: Հիմա շատերին գիտեմ»,- ավելացրեց այգու աշխատակիցը, ում հավաստմամբ՝ Հայաստանում քիչ չեն նաեւ 70-ն անց «գոմիկները», որոնց տնեցիները երբեք չեն էլ պատկերացնի, թե ի՞նչ նպատակով է իրենց հայրը կամ պապը գնում այգի: Այգում ինչ-որ մեկին գտնելու հույսով գնում են նաեւ պատանիները, որոնցից մեկը մեր ներկայությամբ գին էր սակարկում վերը նշված «գեղեցկուհիներից» մեկի հետ…

Գիշերային կյանքի «հսկիչների» համար, ինչպիսին իմ զրուցակիցն էր, սովորական են նաեւ ինտիմ տեսարանները այգում կամ Մյասնիկյանի արձանի անմիջապես ետնամասում, ինչին ինքս էլ ականատես եղա: Իսկապես, տարբեր են երեւանյան գիշերն ու ցերեկը՝ մի դեպքում՝ մայթեզրերին «փարվում են» փողոցային առեւտրով զբաղվող «խեղճուկրակ» գյուղացիները, որոնց քաղաքապետարանն արգելում է առեւտուր անել, մեկ այլ դեպքում՝ լիովին ազատ են սեփական «բնամթերքը» վաճառողները, որոնց վրա հարկեր չկան, առեւտուրն անկաշկանդ է, առանց ՀԴՄ մեքենաների պարտադրանքի: Իսկ գները սկսում են 5000 դրամից` մինչեւ «հնարավորության» լայն սահմաններ…