Ֆրանսահայ ռեժիսոր, դերասան Սերժ Ավեդիքյանը հաճախ է լինում Հայաստանում. նա մեր կինոփառատոների ցանկալի հյուրն է։ Նա նաեւ մի մարդ է, ով միշտ փորձում է հայ կինոգործիչների համար դեպի Եվրոպա «պատուհան բացել»։ Այս տարվա «Ոսկե ծիրանից» հետո Ս. Ավեդիքյանը մասնակցում է նաեւ «ՌեԱնիմանիա» անիմացիոն փառատոնին։ Նրա վերջին՝ «Շների կղզի» կարճամետրաժ ֆիլմը ստեղծվել է անիմացիոն ոճով ու հսկայական արձագանք է ստացել աշխարհում, հատկապես՝ այս տարվա Կաննի միջազգային կինոփառատոնում բարձրագույն մրցանակի արժանանալուց հետո։
«Շների կղզին» ուրույն ոճի ֆիլմ է. եւ՛ վավերագիր փաստի ուժ, եւ բծախնդրորեն մշակված նկարչական ձեռագիր ունի։ Եվ իր սյուժետային կառուցվածքում այն բազմաթիվ ենթատեքստեր է պարունակում։ Այդ ենթատեքստերը հեշտությամբ կռահվում են. չէ՞ որ մեկ դար առաջ Օսմանյան կայսրության իշխանություններն իրենց ոճրագործ գործողությունները (շների արտաքսումը Կ.Պոլսից) քողարկել են մաքրասիրական ու մարդասիրական ճառերով։ Եվ սկիզբ են դրել մի շղթայի, որն անվերջ ձգվելով՝ եկել-հասել է 21-րդ դար։ Հենց այն պահին, երբ եվրոպամետ Թուրքիան արդեն մաքրվել է շներից։ Ճիշտ կլինի ասել` շների հարցը հանել է տեսանելիության դաշտից։
– Հետաքրքիր է իմանալ, ինչպե՞ս ծնվեց «Շների կղզու» սցենարական հիմքը։
– Այս պատմությունը հիշատակվում է մի քանի պատմական աղբյուրներում։ Իհարկե, այդ մասին նշում են միայն եվրոպացի պատմաբանները, քանի որ թուրքերի համար դա թաքնված էջ է։ Ուշագրավն այն է, որ Թուրքիայի նորընտիր կառավարության առաջին իսկ ընդունած որոշումը եղել է շների ոչնչացումը։ 1910 թվականին երիտթուրքերը՝ ցանկանալով Ստամբուլի եվրոպական հատվածը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին, որոշել են, այսպես ասած՝ մաքրել երեւացող կեղտն ու շներին զանգվածային արտաքսել քաղաքի փողոցներից։ Այս սյուժեն ինձ շատ դուր եկավ ոչ միայն որպես փաստ, այլեւ՝ որպես պրոցես։ Ինչպե՞ս կարելի է միլիոնավոր շներին վերացնել ու միաժամանակ՝ ապացուցել, որ կառավարության գլուխ են եկել նոր տեսակի մարդիկ։ Այդ մարդիկ առաջին իսկ քայլն անելով՝ ցույց տվեցին, որ այլեւս Սուլթան Համիդ ու ավանդույթներ չկան, որ այսուհետ նոր ժամանակներ ու նոր մեթոդներ են կիրառվելու։ Երիտթուրքերն իրենց ներկայացնում էին որպես պոզիտիվիստներ ու հիգիենիստներ։ Եվ վերջիվերջո՝ որպես եվրոպացիներ, որոնք պատրաստ են ցեղասպանությունն իրականացնել եվրոպական ոճով։ Շներն այդ պարագայում իշխելու գործիք դարձան։ Արդեն սկսվել էր տեխնոլոգիական, պրագմատիկ դարաշրջանը։ Եվ ֆրանսիացի գիտնականներն, օրինակ, Օսմանյան կայսրությանն առաջարկեցին խելամիտ, պրագմատիկ կերպով շների սպանդն իրականացնել՝ կիրառելով մահաբեր գազն ու հետագայում սպանված շների մորթին վերամշակելով։ Սակայն թուրքերը չկարողացան ընդունել այդ եվրոպական պրագմատիզմը՝ հասկանալով, որ եթե սպանդ իրականացվի ժողովրդի գիտությամբ ու նրա աչքի առաջ, կառավարությունը վատ համբավ ձեռք կբերի։ Եվ գերադասեցին շներին հավաքել, իզոլյացնել մի կղզում ու թողնել, որ խնդիրը լուծվի գաղտնի կերպով։ Նպատակ էր դրվել՝ շներին ոչնչացնել առանց աղմուկի, ինքնաբերաբար։
– Իրականում Դուք փորձել եք կոնկրետությունը չմատնանշել (գործող անձանց դեմքերը լղոզված են), սակայն ճանաչելիությանը հասնում ենք զգեստների ու միջավայրի մանրամասն ներկայացումով։ Բոլորին պարզ է, որ եթե սա փաշայի զգեստ է, ուրեմն դա Թալեաթ փաշան է։ Դա հատո՞ւկ եք արել։
– Այո, ֆիլմում դեմքեր ունեն միայն շներն ու ժանդարմը, իսկ մնացածը ընդհանրացված են։ Ես հատուկ չեմ ցանկացել շեշտել մարդկանց անունները։ Շների ոչնչացումն իշխանության որոշումն էր, եւ անուններ նշելը կարեւոր չէր։ Իմ կարծիքով, ֆիլմի ուժեղ կողմն այն է, որ այն զերծ է բացատրություններից, այն պարզապես փաստն է ներկայացնում։ Թուրքական իշխանություններին շների ոչնչացման տարբեր մեթոդներ են առաջարկվում, սակայն ոչ մեկը կիրառում չգտավ։ Իշխանությունն ասում է՝ ոչ, մենք մեր ձեւն ունենք։ Իսկ թե ո՞րն է այդ ձեւը, պարզ է դառնում միայն ֆինալում։
– Իսկ աշխատելով ֆիլմի նկարիչների հետ, Դուք հաճա՞խ եք միջամտել ու Ձեր տեսանկյունը պնդել։
– Իհարկե։ Ֆիլմում ամեն բան հիմնված է լուսանկարների վրա, որոնք ես շատ երկար եմ ուսումնասիրել։ Ճարտարապետությունը, հագուստը, ամեն բանն էլ վավերագրական ճշտություն ունի ու հիմնված է իմ արված ֆոտոների վրա։
– Թեեւ «Շների կղզին» անիմացիոն ֆիլմ է, սակայն ավելի ստույգ լինելու համար՝ նրա ժանրը կարելի է վավերագրական անվանել։ Կարծում եմ, անիմացիան օգնեց Ձեզ ավելի ազատ լինել ու փաստի հանդեպ դիստանցիա պահպանել։
– Ընդհանրապես անիմացիոն ֆիլմ նկարելիս կարեւոր է հասկանալ՝ թե ինչո՞ւ ես անիմացիան օգտագործում հենց քո այս ֆիլմում։ Ինքս անիմատոր չեմ (թեեւ արդեն երրորդ անիմացիոն ֆիլմն եմ ստեղծում), բայց համոզված եմ, որ եթե որոշում ես բարդ, դաժան, վայրենի թեմային անդրադառնալ, անիմացիան օգնում է քո ու հանդիսատեսի միջեւ բաց տարածություն ստեղծել։ Իրական վայրագությունները էկրանից հանդիսատեսը դժվարությամբ է ընկալում, քանի որ ստիպված է լինում ետ վերադառնալ ու կրկին վերապրել դաժան իրականությունը։ Արդյունքում փաստերը ոչ թե ազդում եւ հուզում են, այլ ուղղակի ճնշում են հանդիսատեսին։ Իսկ արվեստը երբեք ճնշման միջոցներին չպիտի դիմի։
– Իսկ այժմ ի՞նչ նոր նախագծերի վրա եք աշխատում։
– Պատրաստվում եմ ավարտել ստամբուլաբնակ շների մասին պատմող վավերագրական ֆիլմը։ Դա քրոնիկա կլինի, քանի որ կներկայացնի շների վիճակը 100 տարվա հեռավորությունից։ Անմարդաբնակ կղզում հայտնված շների «թոռներն» այսօր էլ շարունակում են իշխանությունների վարած քաղաքականության զոհը մնալ, քանի որ շարունակվում է նույն կիսատ-պռատ վիճակը, երբ տրադիցիաների պահպանումն ու եվրոպականացումն իրար հետ հակասության մեջ են մտնում։ Կա ավանդույթ, որը հուշում է, որ ցանկացած շուն ոչ թե իր տիրոջը, այլ՝ ողջ քաղաքին է պատկանում։ Եվ մարդիկ, հատկապես երեխաները, իրենց թաղերի շներին սովոր են կերակրել, խնամել, առանց վախի խաղալ նրանց հետ։ Այդ ամենը ես նկարել եմ երկար տարիների ընթացքում եւ արդեն հարուստ արխիվ ունեմ։ Կարող եմ ասել, որ ուղղակի սյուրռեալիստական պատկերների ականատեսն եմ եղել։ Օրինակ, ստերջացրած շներին տանում են խուլ անտառներն ու բաց են թողնում։ Նրանց շաբաթը երկու անգամ ուտելիք են բերում, բայց թույլ չեն տալիս անտառի սահմաններից դուրս գալ։
– Որպեսզի շունը գա՞յլ դառնա։
– Ոչ, դա ավելի շուտ շների գետտոյի ստեղծում է, որը կարելի է սարսափելի տրադիցիայի վերջին էջը համարել։ Եվ ես այդ էջն եմ ուզում վավերագրական ֆիլմի նյութ դարձնել։ Շներն, այսպես թե այնպես, վերանալու են։ Բայց կարեւոր է տեսնել, թե ինչպե՞ս են վերանալու։ Ասեմ, որ նկարահանում եմ նաեւ խաղարկային մի ֆիլմ, որի գործողությունները նույնպես Ստամբուլում են կատարվելու։ Ֆիլմն իր ժանրով ընտանեկան դրամա կլինի, գործող անձինք երկու հայ որբեր ու հրեական արմատներ ունեցող հրեա են։ Ֆաշիստների ոճրագործությունների հետքերով շարժվող հրեան վերջիվերջո Ստամբուլ է գալու, քանի որ հենց այդ քաղաքում է թաքստոց գտել ֆրանսիացու ընտանիքը ոչնչացրած նացիստը։ Դա առաջին հերթին մարդկային պատմություն է լինելու։
– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են մեր հայրենական ֆիլմերը անտեսում հենց մարդկային պատմությունները։ Հիմնականում նկարահանվում են սիմվոլիստական սյուժեներ՝ անճանաչելի պերսոնաժներով։
– Կարծում եմ` պատճառը սցենարական դպրոցի բացակայությունն է։ Երբ դրամատուրգիական շոշափում չի լինում, ֆիլմը հաջող չի ստացվում։
– Ռեժիսորներն իրենք են սցենարներ գրում։
– Ես դա շատ լավ գիտեմ։ Ինչպես նաեւ գիտեմ, որ բոլորը միանգամից, հենց առաջին իսկ կարճամետրաժ ֆիլմով ուզում են տարկովսկիներ ու փարաջանովներ դառնալ՝ առանց դրամատուրգիայի կանոններն ուսումնասիրելու։ Կանոնները ոչ միշտ է պետք պահպանել, բայց դրանք իմանալը պարտադիր է։ Իմացիր, տիրապետիր կանոններին, հետո որքան ուզում ես՝ խախտիր դրանք։ Իսկ հիմա ստացվում է, որ հայաստանյան ռեժիսորները ոչ թե նկարահանում են այն, ինչ ուզում են, այլ նկարահանելուց հետո են փորձում հասկանալ՝ էդ ի՞նչ ֆիլմ ստացվեց։
– Իսկ Կաննի փառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» ստանալուց հետո «Շների կղզին» կարողացա՞վ ավելի լայն ներկայացվել աշխարհում։
– Իհարկե։ Ֆիլմը շրջում է բազմաթիվ փառատոներով, միայն 3 ամիսների ընթացքում այն 170 փառատոնի մասնակցեց։
– Դուք անձա՞մբ եք ֆիլմը ներկայացնում։
– Ոչ, ես որոշել եմ միայն Ֆրանսիայում, Հայաստանում ու Թուրքիայում լինել։ Հոկտեմբերի սկզբին, օրինակ, մեկնելու եմ Անթալիայի կինոփառատոն, որտեղ ժյուրիի անդամ եմ։ Այնտեղ ես ֆիլմս կցուցադրեմ ու միաժամանակ՝ ֆիլմի օրինակի վրա գործնական դասընթացներ կվարեմ։ Թուրքական հեռուստաընկերություններից մեկը գնել է ֆիլմը, եւ շուտով այն կցուցադրվի ավելի լայն թուրքական լսարանի համար։ Իսկ ֆիլմի ցուցադրումից հետո ուղիղ կապի միջոցով Ստամբուլի ու Անթալիայի միջեւ հեռուստակամուրջ կկազմակերպվի, եւ ես էլ այդ կամուրջ-բանավեճին կմասնակցեմ։ Նշեմ նաեւ (կարծում եմ, որ դա շատ կարեւոր է), որ Թուրքիան «Շների կղզու» 10.000 DVD տարբերակ է պատվիրել, որոնք անվճար բաժանվելու են դպրոցներին, համալսարաններին՝ որպես պատմությունն ավելի լավ ճանաչելու հավելյալ ձեռնարկ։ Իրականում Թուրքիայում ազատ մտածող մարդկանց «կղզիներ» շատ կան, բայց դրանք ընդամենը կղզիներ են։ Շատ շրջաններ, հատկապես Անատոլիան, հետամնաց վիճակում են գտնվում։ Թուրքիայի խնդիրը հենց այդ առաջադեմ, ստամբուլաբնակ մարդկանց ու հետամնաց շրջանների հակասությունն է։
– Ամեն դեպքում, զարմանալի (եւ ոչ պակաս ուրախալի) է, որ հենց Ձեզ են հրավիրել Անատոլիայի կինոփառատոնի ֆիլմերը դատելու համար։
– Ասեմ, որ ես թուրքական ազգային կարճամետրաժ կինոմրցույթի ժյուրիի անդամ եմ։ Բոլորը թուրք են, եւ միայն ես եմ օտարազգի։ Այն ազգային ֆիլմերի մրցույթ է, եւ, ճիշտն ասած` ես էլ էի զարմացել՝ հրավերը ստանալով։ Հարցրեցի փառատոնի կազմակերպիչներին՝ ինչո՞ւ եք այդ առաջարկն ինձ անում։ Ասացին, որ միշտ աշխատում են գոնե մեկ օտարի ընդգրկել ժյուրիի կազմում։ «Իսկ դուք համոզվա՞ծ եք, որ ես օտար եմ այդ հողում»,- պատասխանեցի։ Զրուցակիցս բավականին երկար լռեց՝ չգտնելով՝ ի՞նչ կարելի է այս դեպքում պատասխանել։ Եվ հետո վերջապես ասաց. «Հասկանում ենք, թե ի՛նչ եք ուզում մեզ ասել, բայց ամեն դեպքում մենք շատ ուրախ ենք, որ հատկապես Դուք եք լինելու ազգային մրցույթի ժյուրիի անդամ»։ Եվ ես որոշեցի անպայման մասնակցել այդ փառատոնին։