«Եթե, ինչպես Ադրբեջանն է պնդում, ԼՂՀ եւ նրա հարակից տարածքները գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո, ապա ինչո՞ւ է հրադադար հաստատելու համար եռակողմ համաձայնագիր կնքվել»: Երեկ Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մեկնարկած «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով քննության ընթացքում ադրբեջանցի դիմումատուներին ու Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչներին հարցրել է ՄԻԵԴ դատավոր, նիդեռլանդացի Էգբերտ Մայերը:
Մինչեւ այդ հնչած ելույթներում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանն անդրադարձել է խնդրին ու փաստարկված ներկայացրել, որ ԼՂՀ եւ հարակից տարածքներում արդյունավետ վերահսկողություն իրականացնում են միայն ԼՂՀ իշխանությունները, եւ այդ տարածքները չեն գտնվում Հայաստանի Հանրապետության իրավասության եւ վերահսկողության ներքո: Հիմնվելով այս իրողության վրա` ՀՀ կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ ադրբեջանցի դիմումատուների գանգատը չի տեղավորվում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջների տիրույթում եւ ՄԻԵԴ-ի կողմից դիտարկման ենթակա չէ: Ադրբեջանի շահերի ներկայացուցիչների թիմից որեւէ մեկը չի կարողացել պատասխանել ՄԻԵԴ-ի դատավոր Ալվինա Գյուլումյանի այս հարցին, թե ե՞րբ է ընդունվել եւ ուժի մեջ մտել Ադրբեջանի Հողային օրենսգիրքը:
Ի դեպ, որպես երրորդ կողմ գործում ներգրավված Ադրբեջանի կառավարությանը ներկայացնող թիմը, բացի պաշտոնական ներկայացուցիչ Ջ. Ասգարովից, ամբողջությամբ բաղկացած է օտարերկրյա մասնագետներից:
ՄԻԵԴ իսպանացի դատավոր Լուիս Լոպես Գուերան ադրբեջանցիներից հետաքրքրվել է, թե նրանք իրենց տները վերադառնալու խնդրանքով «դիմե՞լ են արդյոք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին»: Ի պատասխան, Չիրագովի եւ մյուսների ներկայացուցիչները հայտնել են, որ դիմումատուները ոչ Ադրբեջանին, ոչ Հայաստանին չեն դիմել, քանի որ նշված տարածքները այդ պետությունները չեն վերահսկում: «Իսկ Լեռնային Ղարաբաղի՞ն»,- հարցը կրկնել է դատավորը: Մեծ պալատի լսումները նախագահող ֆրանսիացի Ժան Պոլ Կոստան դիտողություն է արել ադրբեջանական պատվիրակությանը` հորդորելով, որ դատավորների հարցերին պատասխանեն ըստ էության եւ չկրկնեն այն, ինչ արդեն հայտնել են դատարանին:
Հիշեցնենք, որ «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով Ստրասբուրգում ընթացող լսումներին ադրբեջանցի հիմնական դիմումատուն չի մասնակցում:
Ի դեպ, Ստրասբուրգում երեկ մեկնարկել են նաեւ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները: