Եվրամիության 27 երկրների ԱԳ նախարարները անցած շաբաթավերջին Բրյուսելում կայացած ոչ պաշտոնական գագաթաժողովում որոշել են մի կողմ թողնել տարաձայնությունները Թուրքիայի անդամակցության շուրջ եւ խորացնել այդ երկրի հետ հարաբերությունները արտաքին քաղաքականության ոլորտում: «Նույնիսկ այն երկրները, որոնք ակնհայտ վերապահումներով են վերաբերվում Թուրքիայի լիիրավ անդամակցությանը, այժմ ավելի, քան նախկինում, ընդունում են այդ երկրի ռազմավարական կարեւորությունը ԵՄ-ի համար»,- ասել է Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը: Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Պաետը, իր հերթին, հայտարարել է. «ԵՄ երկրները այժմ հասկանում են, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան կառույցի 2 ամենակարեւոր գործընկերներն են»: Նրանք հատկապես առանձնացրել են Թուրքիայի դիվանագիտական ջանքերը Մերձավոր Արեւելքում եւ Կենտրոնական Ասիայում: «Պատկերացրեք` եթե մենք աշխատենք Թուրքիայի հետ ռազմավարական հենքի վրա ողջ աշխարհով մեկ, սա շատ հզոր համակցություն կլինի»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը: Անցած շաբաթ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի եւ Ֆինլանդիայի ԱԳ նախարարները հատուկ հոդված էին հրապարակել հեղինակավոր «Financial Times»-ում` պնդելով, որ պաշտոնական Բրյուսելը պետք է նաեւ Թուրքիայի կարծիքը հաշվի առնի արտաքին քաղաքականության մի շարք հարցերի շուրջ իր որոշումներում: «Թուրքիան թերեւս այսօր շատ ավելի մեծ ազդեցություն ունի աշխարհում, քան ԵՄ անդամներից որեւէ մեկը, կամ` բոլորը միասին վերցրած,- հայտարարել է Ֆինլանդիայի ԱԳ նախարարը` հավելելով,- Թուրքիան մեծ ներգործություն ունի Մերձավոր Արեւելքում, Պարսից ծոցում, Իրանի հետ հարաբերություններում, եւ մենք պետք է աշխատենք այդ երկրի հետ արտաքին քաղաքականության ու անվտանգության ոլորտներում»: Հավաքին մասնակցել է նաեւ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, ով հերթական անգամ ԵՄ ամբիոնից հայտարարել է, թե պաշտոնական Անկարան ձգտում է միայն լիիրավ անդամակցության. «Թուրքիան դժգոհ է բանակցությունների տեմպից, եւ ես այստեղ եմ` այդ դժգոհությունը արտահայտելու համար: Թուրքիան երբեք չի ընդունի լիիրավ անդամակցությանը փոխարինող կամ այլընտրանք հանդիսացող որեւէ այլ առաջարկ»: