Ֆլեշ Ռոյալ

15/09/2010

Մեր տեղեկություններով, վերջերս բավական վատացել են «Արզնի» թռչնաֆաբրիկայի սեփականատեր Մարատ Ջամվելյանի գործերը: Հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանը փորձում է խլել Ջամվելյանին պատկանող, Արմավիրի մարզում գտնվող խոզաբուծական ֆերմաները: Բանն այն է, որ մի քանի տարի առաջ Բեգլարյանն ու Ջամվելյանը գործընկերային հիմունքներով համատեղ գնել են Արմավիրի խոզաբուծական ֆերման եւ անցած տարիների ընթացքում մեծացրել են դրա արտադրական հզորություններն ու իրացման ծավալները: Բ.Բեգլարյանը` տեսնելով, որ դա բավականին հեռանկարային բիզնես է, ապահովել եւ ապահովում է բավականին մեծ շահույթ, ցանկանում է միանձնյա տնօրինել այն ու Ջամվելյանից ստանալ նրա մասնաբաժինը: Այս տեղեկատվության վերաբերյալ երեկ մեր թղթակցին չի հաջողվել մեկնաբանություններ ստանալ ոչ Ջամվելյանից, ոչ Բեգլարյանից, նրանց երկուսի հեռախոսներն էլ անհասանելի էին: Նշենք միայն, որ, ըստ լավատեղյակ աղբյուրների՝ Մ. Ջամվելյանի բիզնեսի նկատմամբ ոտնձգությունները սկսվել են բավական վաղուց` նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվանից հետո: Ա.Մարգարյանը Ջամվելյանների հետ խնամիական հարաբերություններ ուներ ու ինչ-որ իմաստով առնվազն երաշխավորում էր, որ նրանց բիզնեսի նկատմամբ գոնե օլիգարխների կողմից ոտնձգություններ չլինեն: Վերջին երկու տարիներին այդ դերը ստանձնել էր Ջամվելյանների բիզնեսի համասեփականատեր Բ.Բեգլարյանը, ով փաստորեն հիմա ինքն է փորձում տիրանալ նրանց ֆերմաներին: