Պարզվում է, որ ՀԱԿ անդամ կուսակցությունների ղեկավարները սովորաբար անհաղորդ են մնում այն ամենին, ինչ որոշում կամ մտածում է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այս դեպքում խոսքը սեպտեմբերի 17-ին կայանալիք հանրահավաքի մասին է: Ինչպես նախապես հայտարարել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, ՀՀ առաջին նախագահի ելույթը լինելու է շրջադարձային ու անակնկալ: Այն բառիս բուն իմաստով անակնկալ է լինելու նաեւ ՀԱԿ անդամ կուսակցությունների համար, քանի որ նրանք տեղյակ չեն, թե ինչի մասին է խոսելու Լ. Տեր-Պետրոսյանը: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը մեր թղթակցին ասել է, որ իրենց առաջնորդի ելույթին նախապես տեղեկանալը դեմ է ազատական եւ ժողովրդավարական սկզբունքներին, իսկ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասել է. «Երբեք էլ ծանոթ չեմ եղել, թե որ հանրահավաքին ինչ ելույթ է ունենալու ՀԱԿ նախագահը: Մոտավոր ուղղվածությունները միշտ էլ քննարկվել են, եւ պարզ է, բայց ոչ կոռեկտ եմ համարում նախապես առաջին նախագահի ելույթին ծանոթանալը: Ես էլ ձեզ նման գնալու եմ հանրահավաքին եւ այնտեղ եմ ելույթը լսելու»: