Աշնան արեւ

15/09/2010

Այս օրերին Հայաստանի քաղաքական ուժերը նախապատրաստական, սպասողական վիճակում են: Այնպիսի տպավորություն է, որ եւ՛ իշխանությունները, եւ՛ ընդդիմությունը սպասում են այդքան երանելի «թեժ աշնանը», որը, ամենայն հավանականությամբ, ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս սահուն կերպով իր տեղը կզիջի ձմռանը: Այս կիսավակուումային վիճակում հասարակությունն, ինչպես միշտ, խաղից դուրս է: Երբ ընդդիմությունն ազդարարում է սեպտեմբերի 17-ից հանրահավաքային ալիք սկսելու մասին, պատեհ առիթ է շատերի համար` հիշել, թե որքան հիասթափված են ընդդիմությունից, որը կամավոր բաց թողեց իր հնարավորությունները եւ մարտավարական անհարկի փոփոխություններ արեց` նեղացնելով իր համակիրներից ոմանց: Ընդդիմության ներկայացուցիչները բարեկիրթ են այնքան, որ բարձրաձայն չեն ասում, թե հիասթափվածներն այդպիսով, քաղաքական մեր հռետորաբանությամբ ասած, ջուր են լցնում իշխանությունների ջրաղացին: Իշխանությունների ջրաղացին ջուր, իրո՛ք, լցվում է: Այդ դաշտից եւս համերաշխ ձայներ են լսվում. «Ընդդիմությունը սպառվել է», «ընդդիմությունը գործարքի մեջ է իշխանությունների հետ»: Եվ սա ասվում է իբրեւ հակափաստարկ այն իրականությանը, որ իշխանությունը կոռումպացված է, գործունակ չէ, գրագետ չէ եւ այլն… Ամեն դեպքում, հետաքրքիր է` ինչի՞ց են դժգոհ մարդիկ, ի՞նչ էին ակնկալում ընդդիմությունից, որ չստացան: Իշխանափոխությո՞ւն: Սակայն Հայաստանում իշխանափոխություն` հեղափոխության կամ արտահերթ ընտրությունների միջոցով, գրեթե անհնար է: Պատճառները շատ են, սակայն բավական է միայն մեկը. որեւէ ուժ Հայաստանում գործնականորեն իշխանափոխություն չի ուզում: Իշխանափոխության համար ավելի լավ ժամանակ, քան մարտի 1-ն էր, չկար: Մարդիկ պատրաստ էին գնալ այնտեղ, ուր կառաջնորդեին: Սակայն այդ ամենի համար որեւէ մեկը պատրաստ չէ պատասխանատվություն ստանձնել: Մեր երկրում իշխանության պատրաստ չէ ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը: Թե՛ հասարակությունը, թե՛ քաղաքական վերնախավը, թե՛ ընդդիմությունը ամենից շատ չեն ցանկանում փոփոխություններ: Եվ իշխանությունը դա լավ հասկանում է եւ օգտագործում: Ընտրությունների ընթացքը, դրան հաջորդող իրադարձությունները, թանկացումները, իրավազրկությունը թեեւ լուրջ ազդանշան են հասարակության ակտիվության, ըմբոստության համար, սակայն, միեւնույն է, հանրահավաքների ժամանակ հավաքվում են ոչ թե գործնական, այլ տեսական զրույցների: Մարդկանց հոգնածությունը, հիասթափությունը, անտարբերությունը իշխանություններին եւ, ցավոք, նաեւ ընդդիմությանը, թույլ են տալիս չընկալել հասարակությունն` իբրեւ գործոն: Արդյունքում` Հայաստանը դիմավորում է հերթական աշունը, որը կարող է լինել թեժ կամ թավշյա, հախուռն կամ մելամաղձոտ… Սակայն ամենակարեւորը` առանց հասարակության մասնակցության: