«ՕԵԿ»-ից կմնա միայն Օ՜-ն

15/09/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Բավականին հետաքրքիր կազմ ունի Հայաստանի իշխանական կոալիցիան: Օրինակ, կոալիցիայում ամենամեծ տեսակարար կշիռն ունեցող ՀՀԿ-ն թեեւ համարվում է ավանդական, գրեթե նմանություն չունի 20 տարի առաջ ստեղծված իր նախատիպի հետ: Կամ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը ստեղծվել է 2004թ. ու հենց առաջին փորձից հայտնվել է ԱԺ-ում, որովհետեւ համարվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ստեղծած ուժը: Իսկ ՕԵԿ-ը համեմատաբար «փորձառու» է ու համեմատաբար «հարուստ» նկարագիր ունի մեր երկրի քաղաքական ներկապնակում: Ունենալով նման «հարուստ հիմք»՝ ՀՀ բարձրագույն իշխանությունները նախատեսում են, որ հաջորդ ԱԺ-ում նույնպես այս երեք ուժերը կոալիցիա կկազմեն, եթե, իհարկե, ՀՅԴ-ն չփոշմանի եւ նորից չցանկանա նրանց հետ «քառանկյունի» կազմել: Իհարկե, սա իշխանությունների նախագիծն է, որը իրականություն կդառնա, եթե հանկարծ արտակարգ իրավիճակներ կամ իրավիճակի կտրուկ փոփոխություն չառաջանա:

ՕԵԿ-ը նույնպես ստեղծվելուց կարճ ժամանակ անց հայտնվել է խորհրդարանում: Այս կուսակցության անունն էլ կապվում էր իշխանությունների, մասնավորապես՝ այն ժամանակ Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանի հետ: 2003թ. կուսակցությունն արդեն կոալիցիայի անդամ էր, իսկ նրա երիտասարդ ու բավականին ճկուն նախագահը` ԱԺ նախագահ: Իհարկե, 2006-2007թթ. այս կուսակցությունը ժամանակավորապես` 1 տարով դարձավ ընդդիմադիր, բայց ընդդիմության դաժան ճակատագրին չդիմանալով` նորից հայտնվեց իշխանության մեջ` վաստակելով դավաճանի պիտակը: Եվ ահա իշխանական եռանկյունու անկյուններից մեկը` ՕԵԿ-ը, 2008թ. նախագահական ընտրություններին մատուցած աննախադեպ ծառայության դիմաց վաստակեց նաեւ հաջորդ կառավարությունում տեղ ունենալու երաշխիքը: Ու քանի դեռ Ս.Սարգսյանը նախագահի պաշտոնում է, Ա. Բաղդասարյանն իշխանության մեջ է լինելու, որովհետեւ նա այլեւս չի կարող շահարկել ընդդիմադիր լինելու խաղաքարտը: Լավատեղյակ աղբյուրների համաձայն՝ Ա. Բաղդասարյանը ցանկանում է, որ իր կուսակցությունը հաջորդ ԱԺ-ում զբաղեցրած քվեների քանակով լինի երկրորդ ուժը` այդ կարգավիճակից ետ մղելով ԲՀԿ-ին: Նա փորձում է օգտվել Ս.Սարգսյանի ու ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանի միջեւ ստեղծված լարվածությունից, ու ձեռք բերել իշխանության «երկրորդ չափաբաժինը»: Իշխանական կուլիսներում խոսում են, թե ներկայումս որքան էլ առերեւույթ հանգիստ ու հարթ թվան Գ.Ծառուկյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները Ս.Սարգսյանի հետ, միեւնույն է, այս պաշտոնյաների հարաբերությունն այլեւս չունի նախկին ջերմությունն ու փոխադարձ վստահությունը: Ստեղծված իրավիճակից էլ ահա փորձում է օգտվել Ա.Բաղդասարյանը:

Մեր տեղեկություններով՝ դրան դեմ չէ նաեւ Ս.Սարգսյանը, եւ ներկայումս քննարկվում է ՕԵԿ-ի մասնակցության չափը գալիք խորհրդարանական ընտրություններում: Ըստ մերձիշխանական աղբյուրների, ՕԵԿ-ը կարող է ապավինել նման հեռանկարին միայն այն դեպքում, երբ նրա համամասնական ցուցակը համալրվի նախագահական նստավայրում որոշված մարդկանց ցուցակով: Ինչպես դա տեղի ունեցավ այս տարվա սկզբին` այդ կուսակցության նախարարներ Մհեր Շահգելդյանի ու Գուրգեն Սարգսյանի փոխարեն Արմեն Երիցյանին ու Մանուկ Վարդանյանին նախարարների պաշտոնում նշանակելով: Եվ իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ մինչեւ հաջորդ ընտրությունները, ՀՀԿ-ի նման, այս կուսակցությունն էլ համալրվելու է տարատեսակ հին ու նոր դեմքերով: Այդ համալրման մեկնարկը տրվել էր վերը նշված նախարարներով, հետո ավելացան Էդուարդ Մադաթյանն ու Արայիկ Հայրապետյանը: Իհարկե, ՕԵԿ-ի «ծանր հրետանին» իր տեղն է ունենալու թե՛ կուսակցության ցուցակում, թե՛ ԱԺ-ում: Դժվար թե իշխանությունները հասարակությանը մեծ փորձությունների առաջ կանգնեցնեն ու ՕԵԿ խմբակցությունը ձեւավորեն առանց Հեղինե Բիշարյանի ու Հովհաննես Մարգարյանի: Ի դեպ, ասում են, որ Ա.Բաղդասարյանը այնքան էլ ոգեւորված չի եղել, երբ իր կուսակից նախարարների փոխարեն նշանակել են «դրսի մարդկանց»: Ա.Երիցյանն ու Մ.Վարդանյանը թեեւ անդամակցել են ՕԵԿ-ին, այնուամենայնիվ, այդ կուսակցությունում ընկալվում են որպես իրենց պարտադրված գործիչներ: Ու հիմա ՕԵԿ առաջին դեմքերի մակարդակով փորձ է արվում, որ գոնե հաջորդ կառավարությունում ՕԵԿ-ն իրեն բաժին հասած նախարարություններից առնվազն մի մասում նախարար նշանակի սեփական մարդկանց: Մյուս կողմից` որքան էլ ՕԵԿ-ը հպարտանա իր հարյուրհազարանոց կազմով, ակնհայտ է, որ կադրերի խնդիր ունի: Եվ Ս.Սարգսյանը ցանկություն ունի ՕԵԿ-ին տված կամ ապագայում տրվելիք բոլոր նախարարություններում (անկախ այն հանգամանքից, թե դրանք քանիսը կլինեն) նախարար նշանակել իր համար ավելի վստահելի մարդկանց: Այսպիսով իշխանությունները պլանավորել են ՕԵԿ-ի համամասնական ցուցակի կեսից ավելին համալրել իրականում այդ կուսակցության հետ կապ չունեցող մարդկանցով: Եվ այս դեպքում բոլորովին էլ պարտադիր չի լինի, որ նրանք անդամակցեն այդ կուսակցությանը, նրանք կարող են պարզապես տեղ ունենալ այդ ցուցակում: Պարզապես ՕԵԿ-ին վերջնականապես «տեսքից չգցելու» համար նրա անդամներին էլ տեղեր կհատկացվեն: Ա.Բաղդասարյանին էլ դժվար թե ԱԺ նախագահի պաշտոնը տրամադրեն, ինչպես գրվել էր մամուլում: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը արդեն հայտարարել է, որ իրենք այդ պաշտոնը ոչ մեկին չեն զիջելու: Ա.Բաղդասարյանը Անվտանգության խորհրդում էլ իրեն վատ չի զգում` հանրության աչքին չերեւացող պաշտոն է, եւ ոչ մեկը չի կարողանում հետեւել նրա արածին ու չարածին: Երեկ մենք փորձեցինք ՕԵԿ-ից ճշտել, թե ինչպես են պատրաստվում ընտրություններին եւ ինչպես է վերաբերվում իր շարքերը տարբեր մարդկանցով համալրելու մասին լուրերին: ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Արծրունի Աղաջանյանը հարցը լսելիս բարկացավ, ու մեզ հիշեցրեց, որ ընտրություններին դեռ բավական ժամանակ կա, իսկ ցուցակը կազմելու մասին կմտածեն ավելի ուշ: «Հերիք է, էլի, ի՞նչ եք բան ման գալիս: Կոալիցիայի մեջ ամեն ինչ նորմալ է»,- ասաց Ա.Աղաջանյանը:

Շնորհակալություն հիշեցման համար: