«Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` նախօրեին ընդունելով ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քեյդենաուին: ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` «Թ. Քեյդենաուն համամիտ էր, որ բանակցությունները պետք է ընթանան ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, եւ հարցն այլ ատյաններում բարձրացնելը չի կարող օգտակար լինել կարգավորման գործընթացի համար»: Նույն օրը ամերիկացի դիվանագետին ընդունել են ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ս.Օհանյանը եւ Քեյդենաուն քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները: Ընդգծվել է ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորման հրամայականը, կարեւորվել է շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանումը` որպես կարեւոր գործոն հետագա բանակցային ջանքերի արդյունավետության համար: Թինա Քեյդենաուն կարեւորել է Հայաստանի մասնակցությունը միջազգային անվտանգության կայունացման առաքելություններին, հատկապես Աֆղանստանում, եւ հետագա երկկողմ ջանքերն այդ ասպարեզում: