Գյուղնախարարը կպատասխանի՞

15/09/2010

Սոցիալ-Դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ ) Հայաստանի վարիչ մարմինը հրապարակային հարցեր է հղել ՀՀ Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին` հնչեցնելով ոլորտի հետ կապված իր մտահոգությունները: ՍԴՀԿ-ն ակնկալում է պարզել, թե քանի գյուղացիական տներ են դատարկ Հայաստանի գյուղերում, եւ ինչո՞ւ է գյուղացին լքում գյուղն ու հողը: Ինչո՞ւ է Հայաստանի համար գերթանկարժեք վարելահողի 50 տոկոսն անմշակ, ինչո՞ւ է գյուղացին վճարում ինքնահոս, սպասարկման ոչ մի ծախս չունեցող ջրից օգտվելու համար: Հարցերի հեղինակներին հետաքրքրում է նաեւ, թե ինչո՞ւ է Հայաստանում 1 կգ կարագին համարժեք կաթը (21 լիտր) կարագից 3 անգամ թանկ, կամ ինչո՞վ է բացատրվում հացի թանկացումը, եթե նույնիսկ թանկացած ալյուրի պարագայում հացը վաճառվում է իր ինքնարժեքից 2-4 անգամ թանկ: ՍԴՀԿ-ն փորձել է նաեւ գյուղնախարարից ճշտել, թե ինչո՞ւ է Հայաստանը տարեկան 400-500 մլն դոլար տալիս օտար գյուղացուն, եթե դրա կեսի մեկանգամյա ներդրումով ներկրվող սննդամթերքի 80 տոկոսը մշտապես կարող է արտադրվել տեղում: Գ. Ալավերդյանին ուղղվել են նաեւ հետեւյալ հարցադրումները. Ինչո՞ւ է մսի, կաթնամթերքի եւ այլ սննդատեսակների ներմուծումը 8 տարում կրկնապատկվել, երբ բնակչությունը զգալի նվազել է, ինչի՞ հաշվին է ավելանում գյուղարտադրանքը` գյուղացու, մշակվող հողի եւ անասնագլխաքանակի շարունակական եւ զգալի նվազման պարագայում, կատարվե՞լ է արդյոք ձեր իսկ ծրագրով նախատեսված վերջին 3 տարում 5000 հա խաղողի այգետնկումների, 19 հազար հա անտառապատման խնդիրները, 30 տոհմաբուծարանների հիմնումը, եթե այո, ապա՝ որտե՞ղ, պատասխանատո՞ւ է արդյոք Գյուղնախարարությունը երկրի պարենային անվտանգությունը ապահովելու համար: Նաեւ հետաքրքրվել էին, թե` ճիշտ չէ՞ր լինի արդյոք ԱԺ դահլիճի վերանորոգման վրա ծախսված դրամն ուղղել ծանրագույն գյուղատնտեսական տարվա հետեւանքները մեղմելու գործին: ՍԴՀԿ-ն փորձել է նաեւ նախարարից ճշտել՝ ինչ համագործակցություն է հաստատվել Ագրարային ինստիտուտի եւ Ադրբեջանի գյուղինստիտուտի միջեւ՝ «Բնօգտագործման էկոնոմիկան եւ Հարավային Կովկասում էկոլոգիական կրթության բարեփոխումները» նախագծի շրջանակներում: