«Սովորել կարելի է ցանկացած տարիքում»

16/10/2005 Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ

Թերեւս կհամաձայնեք, որ այսօր Հայաստանում քիչ չեն այն մարդիկ, ովքեր անցումային շրջանում կորցնելով աշխատանքը, հիմա չեն կարողանում վերականգնել այն, քանզի նախկինում ստացած գիտելիքներն այլեւս չեն համապատասխանում այսօրվա գործատուի պահանջներին:

Սա բավական լուրջ հարց է, որին մեր պետությունը դեռեւս լուծում չի կարողանում գտնել: Իսկ մինչ մեր պետական այրերը «մտածում» են այս խնդրի շուրջ, գործազուրկների մոտ, ֆինանսական խնդիրներից բացի, հոգեկան խնդիրներ էլ են առաջանում, ու նրանք սկսում են կարծել, թե իրենք ոչ պիտանի մարդիկ են 21-րդ դարի հասարակարգի համար:

Իրականում ամեն ինչ այնքան էլ ողբերգական չէ: Այստեղ նորից օգնության են գալիս միջազգային կազմակերպությունները, որոնց տարած աշխատանքները մեր հասարակության որոշ մասին օգնում են: Մասնավորապես` անվճար հիմունքներով կազմակերպվում են սեմինար պարապմունքներ, դասընթացներ, որոնք 100 հոգուց գոնե 30-ին օգտակար են լինում: Գերմանական մի կազմակերպություն այսօր բավական հետաքրքիր գործունեություն է ծավալում Հայաստանում: Գերմանական ժողովրդական բարձրագույն դպրոցների միության Միջազգային համագործակցության ինստիտուտը, որ Հայաստանում գործում է 2002-ից, մասնավորապես զբաղվում է մեծահասակների շրջանում ուսումնական ծրագրերին աջակցելով: «Առաջին ծրագիրը, որին աջակցել ենք, եղել է գյուղատնտեսական ոլորտում,- ասում է ծրագրի համադրող Նազարեթ Նազարեթյանը,- Հայաստանի 8 գյուղատնտեսական քոլեջների 40 դասախոսներ են վերապատրաստվել: Եղել են նաեւ բժշկական դասընթացներ, մասնավորապես` գյուղերում: Մարդկանց բացատրել ենք, թե ինչպես կարելի է կանխել որոշակի, ոչ շատ բարդ հիվանդությունները, ասենք` հարբուխը»: Ինչ վերաբերում է կրթական ծրագրերին, ապա կազմակերպության լուրջ ձեռքբերումներից մեկը կարելի է համարել մեծահասակ կույրերի համար համակարգչային դասընթացի անցկացումը: «Մեր աջակցությամբ Մերգելյան ինստիտուտը ստեղծել է հատուկ համակարգչային ծրագիր կույրերի համար, որը նրանց հնարավորություն է տալիս օգտվել համակարգչից եւ կարդալ ցանկացած ինֆորմացիա ինտերնետից: Սա հատուկ ծրագիր է, որի միջոցով համակարգիչը սինթեզավորում է տառերը՝ դարձնելով դրանք ձայն, այսինքն` կարդում է համակարգիչը, իսկ կույրը լսում է»,- ասում է Ն. Նազարեթյանը: Իրականացված ծրագրերից է նաեւ հաշմանդամ կանանց մեքենայով գործել սովորեցնելը: Հասարակության այս խավը, որ նույնպես աշխատանք գտնելու խնդիր ունի, հմտանալով նոր մասնագիտության մեջ, կարող է հետագայում փոքրիկ բիզնես ծավալել: Գերմանական այս կազմակերպությունը համագործակցում է Զբաղվածության ծառայության հետ: Նաեւ աջակցում է դասընթացների մասնակիցների աշխատանքի տեղավորման գործում: «Մեր նպատակն է` ցույց տալ, որ հնարավոր է դասընթացներ անել փոքր գումարներով: Սա քաղաքականություն է, մենք փորձում ենք այնպես անել մեր ծրագրերը, որպեսզի տեղական կազմակերպությունները հետագայում կարողանան շարունակել դրանք իրենց միջոցներով: Այսինքն` փորձում ենք հասկացնել, որ մեծ գումարներ պետք չեն»,- ասում է Ն. Նազարեթյանը:

Մետաղամշակում, հաշվապահություն, դայակների պատրաստում եւ փոքր բիզնես` սրանք ոլորտներ են, որոնց շուրջ դասընթացներ արդեն կազմակերպվել են, ու գործազուրկ մարդիկ, վերապատրաստվելով այս կամ այն ոլորտում, կարողացել են նոր մասնագիտություններ ձեռք բերել:

«Մենք պնդում ենք, որ անկախ տարիքից` մարդ կարող է սովորել, աշխատել, նոր գիտելիքներ ձեռք բերել,- ասում է Ն. Նազարեթյանը։ -Երբ մարդ պարփակվում է իր մեջ եւ ասում է՝ ես ոչինչ անել չեմ կարող, ապա վերջ՝ նա կորած մարդ է»: Այսօր քիչ չեն այն մարդիկ, ովքեր ուզում են մասնակցել այս ամենին, բայց չգիտեն՝ ո՞ւր գնալ, ո՞ւմ դիմել եւ ինչպե՞ս դառնալ այս ամենի մասնակիցը: Ն.Նազարեթյանի խորհրդով՝ նրանք պետք է պարզապես գրանցվեն զբաղվածության կենտրոնում, որի հետ համագործակցում է իրենց կազմակերպությունը եւ որի անդամագրված անդամների համար էլ իրականացվում են այս վերապատրաստողական ծրագրերը: «Մարդ կարող է սովորել ցանկացած տարիքում» այս կարգախոսը ոչ թե մխիթարանք է, այլ իրականություն: «Օրինակ` մարզերում բնակվող 14 ուսուցիչներ, ովքեր կրճատվել էին օպտիմալացում ասածի հետեւանքով ու անընդհատ բողոքում էին, անվճար դասընթացներ անցնելուց հետո այսօր նոր մասնագետներ են դարձել ու գտել են նոր աշխատավայրեր բիզնեսի ոլորտում»,- ասում է Ն.Նազարեթյանը:

Միջազգային այսպիսի կազմակերպությունների դերը գոնե այնքանով է կարեւոր, որ վերջիններս նոր մտածելակերպ են սերմանում մեր մեջ՝ չկառչել հնից, չկաղապարվել, այլ ձգտել իմանալ, բացահայտել նորը: Գուցե շատերի համար դեռեւս անընդունելի է սա, մտածում են՝ ինչպե՞ս կարող է ուսուցիչը զբաղվել բիզնեսով, կամ լեզվաբանը՝ ասենք, դայակությամբ, սակայն փորձը ցույց է տալիս, որ տեղում դոփելն ու դռնեդուռ բողոքելը շատ քիչ դեպքերում է ցանկալի արդյունքներ տալիս: Փոխարենը` երբ մարդ շարժվում է ժամանակին համահունչ, փորձում է իրեն տարբեր ասպարեզներում, դրանից առաջին հերթին շահում է հենց ինքը: Վերջաբանի փոխարեն. հայտնի մեծահարուստներից մեկն ասել է՝ ես արդեն 50-ն անց մարդ եմ, բայց եթե վաղը սնանկանամ, ապա խնդիր չէ, հաջորդ օրն ամեն ինչ կսկսեմ նորից: