Ինքնահարատ զարգացման գաղտնիքը

15/09/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

3-4 օր առաջ հայաստանյան տնտեսական լրահոսում մի տեղեկություն հայտնվեց, որը շատ աննկատ մնաց։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հրավերով Երեւան էր ժամանել Վենեսուելայի էկոնոմիկայի նախկին նախարար, Հարվարդի համալսարանի միջազգային զարգացման կենտրոնի տնօրեն, Քենեդիի անվան կառավարման ինստիտուտի տնտեսական զարգացման ֆակուլտետի պրոֆեսոր Ռիկարդո Հաուսմանը։ Պատվարժան հյուրը Հայաստանի ամերիկյան համալսարանում հանդիպել էր տնտեսագիտական ուղղվածություն ունեցող բուհերի ուսանողության եւ դասախոսական կազմի ներկայացուցիչների հետ եւ դասախոսություն կարդացել նրանց համար: Ուշագրավը, սակայն, ոչ թե այցելության կամ դասախոսության փաստն էր, այլ դրա բովանդակությունը։ Դասախոսության թեման էր «Տնտեսական զարգացման գաղտնիքը»։ Կարծում ենք, դասախոսությունը լսող ուսանողներն ու դասախոսները, որոնք ակնկալում էին ինչ-որ նոր բան լսել, ակնհայտորեն հիասթափվել են։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքէջում այս դասախոսության մասին պատմող նյութի մեջ կարող եք կարդալ. «Ռ. Հաուսմանը «Տնտեսական զարգացման գաղտնիքը» թեմայով դասախոսությունը կարճ ամփոփեց հետեւյալ կերպ` բանալին աշխույժ եւ դիվերսիֆիկացված տնտեսություն ձեւավորելն է` նոր արտադրանքների մտահղացումների, գաղափարների իրագործմամբ»։ Տնտեսությամբ հետաքրքրվող ցանկացած հայաստանցու համար որեւէ գաղտնիք այստեղ կա՞։ Արժե՞ր արդյոք տարիքն առած ու զբաղված մարդուն բերել*-հասցնել Հայաստան, որ նա ասի մի բան, ինչը արդեն մեկ տարի շարունակ կրկնում է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Իհարկե, տնտեսական բլոկի մեր պատասխանատուներին անհրաժեշտ եղավ մի ամբողջ համաշխարհային ճգնաժամ՝ այդ ճշմարտությունը ընկալելու համար, սակայն հայաստանյան շատ տնտեսագետներ տարիներ շարունակ խոսում էին տնտեսության դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության մասին։

Նշենք նաեւ, որ ճգնաժամից հետո այս մասին սկսեցին խոսել նաեւ Համաշխարհային բանկն ու մյուս կառույցները։ Ընդ որում, ՀԲ ղեկավարները, որոնց զգոն հայացքի ներքո են տեղի ունեցել մեր տնտեսական անցուդարձի բոլոր նշանակալի զարգացումները, հանկարծ սկսեցին նկատել մեր տնտեսության նաեւ մյուս թերությունները՝ ասենք, օլիգոպոլիաների առկայությունը։ Հետո այս ամենի մասին մեր իշխանավորները սկսեցին ավելի ոգեւորված խոսել, կարծես այդ երեւույթների մեղավորը Մոզամբիկի կառավարությունն է։ Այս ամենի մեջ եւս մի հետաքրքիր նրբերանգ կա։ Նկատե՞լ եք, որ դիվերսիֆիկացիայի մասին այժմ ավելի շատ են խոսում, քան մենաշնորհների դեմ պայքարի։ Պատճառն այն է, որ ճգնաժամը հանգեցրեց անշարժ գույքի պահանջարկի շեշտակի անկման եւ արդյունքում՝ շինարարության ծավալների նվազման, իսկ բնությունն իր հերթին 23%-անոց անկում հասցրեց գյուղատնտեսության ոլորտին։ Ու ստացվեց այնպես, որ մեր տնտեսությունը ակամայից մի քիչ դիվերսիֆիկացվեց. գյուղատնտեսության եւ շինարարության տեսակարար կշիռը նվազեց ՀՆԱ-ի կառուցվածքում։

Իսկ մենաշնորհների դեմ պայքարի եւ մրցակցային դաշտի բարելավման ուղղությամբ, ըստ էության, ոչինչ չի կատարվում։ 2-3 օր առաջ հրապարակված 2010-2011թթ. Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն, Հայաստանը հետազոտված 139 երկրների թվում զբաղեցնում է 138-րդ տեղը պետական հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության ցուցանիշով: Սրանով ամեն ինչ ասված է։ Այն, որ մոնոպոլիաների եւ օլիգոպոլիաների դեմ պայքարը ընդամենը թղթի վրա է ծավալվելու, երեւաց այն ժամանակ, երբ վարչապետը հայտարարեց՝ օլիգոպոլիաների դեմ պայքար՝ չի նշանակում՝ օլիգարխների դեմ պայքար։

Իսկ ի՞նչ ունենք այսօր։ 4% տնտեսական աճ, որը ԱՊՀ երկրների միջինից ցածր ցուցանիշ է։ Ոչ մի նոր բան չենք արտադրում, արտահանումը եւ արդյունաբերությունը աճում են հիմնականում հանքարդյունաբերության ոլորտում համաշխարհային գների աճի հաշվին։ Արտերկրից շարունակվում են տրանսֆերտները, որոնք աստիճանաբար մեծանում են։ Այսինքն՝ երկիրը շարունակում է կրկին նստած մնալ «տրանսֆերտային ասեղի» վրա, որը ժամանակավորապես փոխարինվել էր դրսից ստացված վարկերով։ Արդյունքում՝ դանդաղ, բայց հաստատուն կերպով արժեւորվում է դրամը։ Շարունակվում է կոռուպցիան, հովանավորչությունը, բյուրոկրատիան։ Մրցակցություն ըստ էության չկա։ Հատուկենտ դեպքերում կա մրցակցությանը կապկող «զոռբայություն»։ Եվ այս ամենին գումարվում է 9.6% գնաճը։

Եվ հիմա՝ ամենաթարմ տեղեկատվությունը։ Շաբաթվա վերջին Դիլիջանում անցկացվում էր «Հայաստանը ճգնաժամից հետո. մարտահրավերներ եւ հնարավորություններ» միջազգային համաժողովը, որին մասնակցում էր նաեւ Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Ֆիլիպ Լե Ուերեուն։ Ահա ինչ է ասել վերջինս Հայաստանի մասին. «Դեռեւս ՀԲ-ում իմ նախկին պաշտոնում աշխատելիս, Հայաստանի եւ Բանկի միջեւ արդյունավետ համագործակցության օրինակը հաճախ եմ որպես համոզիչ փաստարկ օգտագործել ՀԲ-ի ծրագրերի համար տրամադրվելիք գումարների շուրջ դոնորների հետ վարվող բանակցություններում… Մեկ տարի է, ինչ այս պաշտոնում եմ: Դիտարկել եմ տարածաշրջանում մեր ծրագրերի պորտֆելը եւ, անկեղծորեն ասեմ, ըստ իս` ծրագրերի լավագույն պորտֆելը Հայաստանում է: Ընդ որում, ծրագրերի թե որակի եւ թե կատարողականի առումով: Ես հատկապես տպավորված եմ, քանի որ այն, ինչ փաստաթղթերում ուսումնասիրել, կարդացել եմ` հայաստանյան ծրագրերի վիճակագրություն եւ այլն, փաստացի, գործնականում նաեւ տեսա»։ Հիշեցնենք, որ պրն Լե Ուերեուն ներկայացնում է Համաշխարհային բանկը։ Այսինքն՝ մի կառույց, որը շինարարության աճով ցնծացող Հայաստանին համարում էր «Կովկասյան վագր»։ Հոգ չէ, որ վագրը խայտառակվեց ճգնաժամի ժամանակ։ Կարեւորը՝ ՀԲ-ն այստեղ իր «պտիչկաներն» է դնում՝ միլիոնավոր դոլարներ հատկացնելով այնպիսի ծրագրերի, որոք շատ հարմար են փող ուտելու համար։ Մենք բազմիցս նշել ենք, որ թե՛ Համաշխարհային բանկը, թե Արժույթի հիմնադրամը, թե՛ միջազգային ֆինանսական այլ կառույցները մեր երկրի ճակատագրով ավելի մտահոգ չեն կարող լինել, քան մենք ինքներս։ Ավելին, որոշ տնտեսագետներ կարծում են, որ այս կառույցների հիմնական խնդիրը թույլ զարգացած երկրներին մշտական կախվածության մեջ պահելն է եւ նրանց վերջնականապես հումքային կցորդի վերածելը։ Կարող եք համաձայն լինել այս տեսակետի հետ, կարող եք հակափաստարկներ բերել։ Սակայն ամենացավալին այն է, որ հենց մենք հաճույք ենք ստանում կախվածության մեջ լինելուց (խոսքը դրամական կախվածության մասին է)։ Ովքեր չեն կիսում այս կարծիքը, խորհուրդ կտանք այցելել Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի կայքէջը։ Այստեղ տեղադրված է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հոդվածը (հայերեն տարբերակը կարող եք գտնել կառավարության կայքում), որն ավարտվում է այս պարբերությամբ։ «Ես անչափ երջանիկ եմ, որ Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի վերջերս կայացած ամենամյա հավաքի ժամանակ Զարգացման հանձնախումբը խոստացավ Համաշխարհային բանկի խմբին ապահովել համապատասխան միջոցներով, որպեսզի վերջինս կարողանա օգնել անդամ պետություններին՝ դիմագրավելու զարգացման հետ կապված մարտահրավերները։ Լիահույս եմ, որ Համաշխարհային բանկի խմբի ներուժը կավելանա 2010 թվականի գարնանն սպասվող բանկի ֆինանսական կարիքների վերանայման հավաքի ժամանակ։ Ֆինանսապես կայուն եւ հզոր Համաշխարհային բանկը տնտեսության բազմազանեցման եւ ինքնահարատ զարգացմանն ուղղված մեր ջանքերի հաջողության գրավականն է»։ Հիմա հասկացա՞ք` ի՞նչ դիվերսիֆիկացիա, ի՞նչ կոռուպցիայի ու օլիգոպոլիաների դեմ պայքար։ Կարեւորը՝ Համաշխարհային բանկը փող ունենա եւ այդ փողերից մեզ էլ բաժին հանի։ «Ինքնահարատ զարգացման» հայկական բանաձեւը, պարզվում է, վարկեր կպցնելն է։