Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ կառավարությունը որոշել է մայրաքաղաքի կենտրոնի տարածքներից մեկը եւս ճանաչել բացառիկ գերակա հանրային շահ, կամ, ինչպես ընդունված է ասել` օտարման գոտի: Խոսքը Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով եւ Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքի մասին է: Ուշագրավն այն է, որ այս տարածքում կառուցապատում իրականացնելու համար չի հայտարարվել մրցույթ, ինչը պահանջում է օրենքը: Կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ լիազորում է Երեւանի քաղաքապետին «Ավագշին» ՍՊԸ-ի հետ կնքել նշված տարածքում գտնվող սեփականատերերին եւ պետությանը պատկանող հողամասերի եւ դրանց վրա գտնվող անշարժ գույքի օտարման պայմանագրեր: Ըստ նախագծի, օտարման գոտում կառուցվելու են բազմահարկ էլիտար շենքեր` ստորգետնյա ավտոկայանատեղիով, հասարակական սննդի սպասարկման կետեր, խանութներ, ինչպես նաեւ գրասենյակային տարածքներ: Մամուլում տեղեկություններ եղան այն մասին, որ այդ տարածքի նոր սեփականատերը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է, ըստ այլ տեղեկությունների, այն պատկանում է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Մեր տեղեկություններով, սակայն, տարածքը առանց մրցույթի եւ առանց աճուրդի, տրվել է «ԱՎՈ Ֆ.Մ.Ը» ՍՊԸ-ին, որի տնօրենը սփյուռքահայ Ավետիս Կարագուլյանն է: Վերջինս հանդիսանում է նաեւ «Ավագշինի» եւ եւս 2 այլ ընկերությունների տնօրենը, որոնք Հայաստանում զբաղվում են էլիտար շենքերի շինարարությամբ եւ վաճառքով: Արդեն 5-6 տարի է, ինչ այս ընկերությունները մայրաքաղաքի մի շարք բնակիչների «հաջողությամբ» վտարել են իրենց բնակարաններից եւ դրանց փոխարեն մշտական եկամուտ ապահովող շինություններ են կառուցել: Մասնավորապես նշված ընկերությունները կառուցապատում են իրականացրել Աբովյան, Տերյան, Պուշկինի, Արամի փողոցներում եւ Հյուսիսային պողոտայում: