Անբնական վիճակ

15/09/2010

«Բարաք Օբամայի վարչակազմը Վրաստանի խնդիրը տարանջատում է ռուս-ամերիկյան հարաբերություններից, արդյո՞ք դա վկայում է այն մասին, որ Վրաստանը սկսում են մոռացության մատնել»,- այս հարցով է «Newsweek» հանդեսը սկսել հարցազրույցը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ, ով ի պատասխան ասել է. «Առայժմ մենք ստանում ենք Վաշինգտոնի աջակցությունը, ամենաոգեւորիչն այն է, որ բարձրաստիճան բոլոր հանդիպումներում Ամերիկան արծարծում է Վրաստանի թեման: Տակավին վերջերս պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ռուսաստանի ներկայությունը վրացական շրջաններում անվանել է «ապօրինի օկուպացիա», ինչն ինքնին աննախադեպ է դիվանագիտության համատեքստում: Այնպես որ, չեմ կարծում, թե Վրաստանն անտեսվում է»: Խոսելով Վրաստանին ամերիկյան զինամթերքի մատակարարումը վերսկսելու նպատակահարմարության մասին` Սահակաշվիլին նշել է, թե Վրաստանը չի կարող հարձակվել Ռուսաստանի վրա, մինչդեռ անպաշտպան Վրաստանը հարմար թիրախ է Ռուսաստանի համար, որտեղ կարող են գայթակղվել Վրաստանի իշխանությունը ռազմական ճանապարհով փոխելու հնարավորությամբ: «Նախընտրական արշավ սկսելուց առաջ, Վլադիմիր Պուտինը ամեն անգամ պատերազմ է նախաձեռնել: Կարծես թե նա նորից է առաջադրվելու, եւ հենց դա էլ մեզ անհանգստացնում է»,- ասել է Սահակաշվիլին եւ հույս հայտնել, որ Միացյալ Նահանգներն իր երկրին կօգնի պաշտպանական զինատեսակներով: Սահակաշվիլիի համոզմամբ` անհրաժեշտ է միջազգայնացնել Աբխազիայից եւ Հարավային Օսիայից ռուսական զորքերը դուրս բերելու հարցը: «Ժողովրդավարական հասարակարգերում մարդկանց թույլատրում են վերադառնալ իրենց տները, այդ հասարակարգերում հզոր հարեւանը զենքով չի հարձակվում փոքր հարեւանի վրա: 20-րդ դարում այդպես պատահել է, սակայն հզորները չեն կարողացել պահպանել այդ տարածքները: Կարծում եմ, 21-րդ դարում էլ չեն պահպանի,- ասել է Վրաստանի նախագահը եւ ավելացրել,- Այսօրվա դրությամբ շուրջ 500 հազար մարդ` հիմնականում վրացիներ, սակայն նրանց թվում կան նաեւ էստոնացիներ, հույներ, հրեաներ, չեն կարողանում վերադառնալ իրենց տներ: Այսօր Աբխազիայում բնակչության թիվը 100 հազարից էլ քիչ է, իսկ Հարավային Օսիայում կա ընդամենը 6 հազար բնակիչ` սա անբնական վիճակ է:

Ռուսաստանը գրավել է մեր տարածքի 20 տոկոսը, դեսպանատներ է պահում ոչ թե Թբիլիսիում, այլ Հարավային Օսիայում եւ Աբխազիայում: Նրանք հրաժարվում են գործ ունենալ մեր ընտրված իշխանությունների հետ: Մենք պատրաստ ենք ամեն ինչի շուրջ ցանկացած պահի երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ, սակայն նրանք երկխոսություն չեն ուզում եւ հիմա էլ C-300 տեսակի հրթիռներ են տեղակայում Աբխազիայում»,- ասել է Սահակաշվիլին: Պատասխանելով Ռուսաստանի հետ նոր հակամարտության հնարավորությանը վերաբերող հարցին` Վրաստանի նախագահն ասել է, որ վրացիները ցանկանում են խուսափել նման զարգացումից, բայց ռուսները գուցեեւ այդ ուղղությամբ ինչ-որ բան ծրագրում են: «Այսօրվա դրությամբ Վաշինգտոնը Վրաստանին տվե՞լ է անվտանգության երաշխիքներ ռուսների հնարավոր հարձակման առումով»,- այս հարցին Սահակաշվիլին արձագանքել է. «Ոչ, պաշտոնական հավաստիացում չկա, կարծում եմ, այսօր առավելապես դիվանագիտական ջանքեր են գործադրվում նոր հակամարտությունը կանխելու համար: 2008-ից առաջ ոչ ոք չէր մտածում, որ պատերազմը հնարավոր է, հիմա մարդիկ ցանկանում են խուսափել դրանից, որովհետեւ արդեն գիտեն, որ հնարավոր է»: