Թուրքիայի «Նոր լուսաբացը»

15/09/2010

Թուրքիայում կիրակի օրը կայացած սահմանադրական հանրաքվեի մասնակիցներից 58 -ը«կողմ» է քվեարկել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հեղինակած բարեփոխումների փաթեթին:

Հանրաքվեին մասնակցությունը կազմել է մոտ 78 տոկոս: Այդպիսով, զինված ուժերի ազդեցությունը երկրի քաղաքական կյանքում կտրուկ կերպով նվազում է: Լիազորությունների մեծ մասից զրկվում են ռազմական դատարանները, Սահմանադրական դատարանի անդամների թիվը 11-ից կհասնի 17-ի, դատավորների մի մասին էլ կնշանակեն խորհրդարանի անդամները: Քվեների 99 տոկոսի հաշվարկի արդյունքները հրապարակելուց հաշվված րոպեներ անց իշխող կուսակցության Ստամբուլի կենտրոնակայանում հավաքված կողմնակիցներին ճառով դիմել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: «Մենք մի նոր լուսաբացի ականատեսն ենք դառնում` Թուրքիայի 73 միլիոն քաղաքացիները, 81 վիլայեթները դառնում են այս նոր արեւածագի ականատեսը: Ես չեմ կարծում, որ այսօր տեղի ունեցածը միայն «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հաղթանակն է: Սա նաեւ այն մարդկանց հաղթանակն է, որոնք դեմ քվեարկեցին սահմանադրական բարեփոխումների փաթեթին: Մենք պետք է հասկանանք, որ ժողովրդավարությունն ու ազատությունը բոլորի համար են»,- հայտարարել է Էրդողանը: Թուրքիայի մի շարք շրջաններում, սակայն, քվեարկությունն ուղեկցվել է կատաղի ընդհարումներով` քրդական բնակչության եւ ոստիկանների միջեւ: Թուրքիայի քրդերի շահերը ներկայացնող «Խաղաղության եւ ժողովրդավարության» կուսակցությունն ավելի վաղ կոչ էր արել իր կողմնակիցներին՝ բոյկոտել քվեարկությունը, պնդելով, թե սահմանադրական բարեփոխումների փաթեթը չի ապահովում երկրի խոշորագույն ազգային փոքրամասնության շահերի լիակատար պաշտպանությունը: Քվեարկության օրը բախումներ են արձանագրվել Վանում, Մերսինում, Ադանայում, Ուրֆայում, Ստամբուլի մի շարք թաղամասերում: Մի շարք քրդաբնակ շրջաններում «Խաղաղության եւ ժողովրդավարության» կուսակցության ներկայացուցիչները նաեւ խախտումներ են հայտնաբերել: Նրանք պնդում են, որ իշխանության կողմնակիցները արհեստականորեն բարձրացրել են քրդաբնակ շրջաններում քվեարկության մասնակիցների թիվը: Կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամներից մեկը քրդաբնակ Ուրֆայում ընտրողների կազմակերպված խմբեր է հայտնաբերել, որոնք տեղամասից տեղամաս են շրջել` հերթով քվեարկելով դրանցից յուրաքանչյուրում: Բայց նույնիսկ տեղերում իրականացված այս գործողություններից հետո էլ քրդական շրջաններում ընտրողների մասնակցության ցուցանիշը ցածր է եղել. Վանում այն կազմել է՝ 43, իսկ Թուրքական Քուրդիստանի մայրաքաղաք համարվող Դիարբեքիրում` ընդամենը 35 տոկոս: Թուրքական աղբյուրները նաեւ տեղեկացնում են, որ բավական ցածր է եղել քվեարկողների ակտիվությունը Հայաստանին սահմանակից շրջաններում` Իգդիրում, Կարսում, Աղրըում: Նշենք, որ Եվրամիությունը արդեն ողջունել է Թուրքիայում կայացած հանրաքվեի արդյունքները: ԵՄ-ի Եվրաինտեգրման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, թե սա քայլ առաջ է ճիշտ ուղղությամբ: ԵՄ հանձնակատարը, միեւնույն ժամանակ, ընդգծել է, որ Թուրքիայում պետք է բարեփոխումներ իրականացվեն տարբեր ոլորտներում, այդ թվում` մտքի եւ դավանանքի ազատության հարցերի հետ կապված: Ֆյուլեն նշել է նաեւ, որ իրենք ակնկալում են, որ ապագայում կայանալիք սահմանադրական բարեփոխումները կիրականացվեն քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների հետ երկխոսության ճանապարհով: Իր հերթին, Եվրախորհրդարանի Թուրքիայի հարցերով զեկուցող Ռիա Օյմեն-Ռույտենը հայտարարել է, որ հանրաքվեի արդյունքում թուրք ժողովուրդը ցույց տվեց, որ ցանկանում է ունենալ ավելի ժողովրդավար Թուրքիա: