Գաղտնիք չէ, որ ՀՀ քաղաքացիների ոտնահարված իրավունքների վերաբերյալ պետական կառույցներ ուղղած դիմում-բողոքները պետական պաշտոնյաների կողմից ուշադրության չեն արժանանում: Շատ դեպքերում ՀՀ նախագահի կամ ՀՀ Կառավարության նամակների բաժինն այդ դիմումները վերահասցեագրում է համապատասխան գերատեսչություն, որտեղից էլ կամ պատասխանում են մասնակի, կամ` ընդհանրապես ՀՀ քաղաքացու դիմումին չեն արձագանքում: Մեր խմբագրություն դիմած յուրաքանչյուր երկրորդ քաղաքացին գալիս է պետական կառույցներ ուղղած իր դիմում-բողոքը ձեռքին` դժգոհելով, որ դրան այդպես էլ չեն արձագանքել իրավասու մարմինները: Դատելով մեր երկրում տիրող շարքային քաղաքացու նկատմամբ բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերմունքից, հարկ է նկատել, որ շատերը դադարում են որեւէ հարցով դիմել պետական կառույցներ եւ փորձում են իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալ Հայաստանում գործող օտարերկրյա պետությունների դեսպանատներից: Դեսպանատուն դիմող մեր քաղաքացիներն իրենց նամակներում շարադրում են նախ իրենց իրավունքի ոտնահարման կոնկրետ դեպքը, ՀՀ իշխանության անտարբերությունն այդ երեւույթի նկատմամբ, ինչպես նաեւ` ավելացնում են այլ երկրում ապաստան ստանալու իրենց խնդրանքը` պատճառաբանելով, որ մարդը մեր երկրում պաշտպանված չէ:
Հիշեցնենք, որ մեր պետական կառույցներից յուրաքանչյուրն ունի քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժին, որոնց գործառույթն էլ այդ նամակներին պատշաճ պատասխանելն է, անգամ, եթե քաղաքացին դրական պատասխան չի ստանում:
Վեց երեխաների մայր Անուշ Խեչումյանն այլեւս հույս չունենալով, որ երբեւէ իրենց դիմում-նամակներին պետական կառույցները հետամուտ կլինեն` ընտրել է վատթարագույնը` նամակ է գրել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին եւ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին: «Մեր երկրում շատ սիրուն օրենքներ են թղթի վրա գրված, որոնք պիտի մեզ պաշտպանեին, բայց գործում են վայրի բարքերը»,- ասում է նա: Բանն այն է, որ Ա. Խեչումյանը եւ նրա ամուսինը` Ռուբիկ Գեւորգյանը, Ռուսաստանի իշխանությունից խնդրել են ստիպել ՀՀ իշխանություններին` հարգել սեփական երկրի քաղաքացիների իրավունքները: Ռ. Գեւորգյանը 1984-ից աշխատել է Երկաթգծում, սակայն 2009թ. դեկտեմբեր ամսին վերջինիս անհիմն ազատել են աշխատանքից: Արդեն ութ ամիս է` Ռ. Գեւորգյանը եւ նրա կինը դիմում-բողոքներ են ուղարկում պետական կառույցներ` ահազանգելով աշխատանքային հոռի բարքերի մասին, որոնց, ի դեպ, Հայաստանում կարելի է հանդիպել ցանկացած գրասենյակում կամ գործատուի գործունեության մեջ: Ինչպես հայտնի է, ներկայումս Հայաստանի երկաթգիծը շահագործում է ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն: Վերջիններս բազմիցս փորձել են հանդիպել ընկերության ազգությամբ ռուս տնօրենի հետ եւ պարզաբանել աշխատանքից հեռացնելու պատճառները, սակայն, Ա. Խեչումյանի ասելով, իրենց նույնիսկ «ներս չեն թողնում»: Ա. Խեչումյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ամուսնուն «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը խաբեությամբ է աշխատանքից ազատել, քանի որ Ռ. Գեւորգյանին ամենասկզբում առաջարկել են ազատման դիմումը ստորագրել, որպեսզի նրան տեղափոխեն երկաթուղու Մասիսի ենթակայանում աշխատելու. «Կադրերի բաժնից կանչել, ասել են` զոդողի տեղ էլ չկա: Էս թուղթը ստորագրի, որ աշխատավարձդ ստանաս, հետո մենք քեզ կուղարկենք Մասիսի կայարանում աշխատելու: Թուղթը ստորագրել է, գնացել է Մասիս, էնտեղից էլ ասել են, թե՝ աշխատողի տեղ չունենք, չենք կարող ընդունել: Հասկանո՞ւմ եք, էդքան տարի դաժան ձեւով աշխատացրել են: Առավոտվա 7-ից մինչեւ գիշերվա 1-ը լոմ է կտրել, բայց 70 տոննա լոմի դիմաց 10.000-14.000 դրամ փող են տվել: Բայց արել է, որովհետեւ 6 երեխա ունի, որոնցից մեկն էլ տուբերկուլյոզով հիվանդ է: Ես էլ, ինքն էլ հիվանդ ենք: Թերսնուցումից, վատ ապրելակերպից վարի ենք գնում: 4 ամիս է` լույս չունենք, երեխեքս լույսի երես չեն տեսնում, 12.000 դրամ հացի պարտք ունենք: Կարելի՞ է մարդկանց հետ էսպես վարվել, ախր. տան միակ աշխատողին հանել, շպրտել դուրս ու հանգիստ խղճով ապրել»:
Այդուհանդերձ, հուլիս ամսին Ա. Խեչումյանը ՌԴ նախագահին եւ վարչապետին նամակ է գրել, որն, ինչպես ինքն է ենթադրում, փոստից հավանաբար «չեզոքացրել» են. «Ոչինչ, հիմա ես ուրիշ տարբերակ եմ գտել: Կան մարդիկ, որոնք անձամբ այդ նամակը կգցեն Ռուսաստանի Պետդումայի փոստարկղ»: Ստորեւ որոշ կրճատումներով ներկայացնում ենք Ա. Խեչումյանի նամակն ուղղված անձամբ ՌԴ նախագահ Դ. Մեդվեդեւին եւ ՌԴ վարչապետ Վ. Պուտինին. «Ձեզ տեղեկացնում եմ, որ 1995-ից 6 անչափահաս երեխաների հետ ապրել եմ Երեւանի Արցախի 32 հասցեում (Վագոնային դեպոյի հանրակացարան): Ամուսինս 1984-ից աշխատում էր «Երկաթգծի կայարանի վագոնային դեպոյում»` որպես զոդող: Երբ Ռուսաստանը գնեց Երկաթգիծը` ամուսնուս աշխատանքից ազատեցին, այն դեպքում, երբ նրա թոշակի անցնելու տարիքը չի լրացել: Երբ ռուսները եկան` բոլոր աշխատողներն ուրախացան` մտածելով, որ աշխատանքային պայմանները կբարելավվեն, սակայն ոչ մեկի մտքով չէր անցնում, որ ավելի ծանր վիճակում կհայտնվեն: Աշխատանքային հարաբերություններն ավելի վատացան, թոշակառուների հաստիքները պահպանեցին, իսկ ընտանիքի միակ կերակրող աշխատակիցներին դուրս շպրտեցին: Ամուսնուս խաբեցին եւ ստիպեցին ստորագրել փաստաթուղթ, որով նա աշխատանքից ազատվեց: Նա երկար տարիների փորձ ուներ եւ աշխատում էր զոդողի մասնագիտությամբ: 26 տարվա աշխատանքային ստաժ ունեցող աշխատակիցներին գործազուրկ դարձրին: Ամբողջ տարվա ընթացքում ամուսինս փորձեց հանդիպել ընկերության տնօրեն Շայդուլինի հետ, սակայն աշխատակիցները փակեցին նրա ճանապարհը: Մենք չէինք պատկերացնում, որ ռուսներն այս հսկայական հաստատությունը կտան թալանչիների ձեռքը եւ ազնիվ աշխատողների ընտանիքներին կթողնեն սովի մեջ: Հարգելի պրն Մեդվեդեւ եւ պրն Պուտին. ես որպես հայ կին՝ հիացած եմ Ռուսաստանի իշխանություններով, մասնավորապես՝ ձեր վերաբերմունքով ձեր ազգաբնակչության նկատմամբ: Պրն Մեդվեդեւ, մենք երազում ենք Ձեր նման նախագահ ունենալու մասին: Երազում ենք, որ գոնե մեր երեխաներն ազատության մեջ ապրեն: Խնդրում եմ, ստեղծեք հանձնաժողով, որը բացառապես բաղկացած կլինի ռուսներից, եւ գործուղեք Հայաստան, որպեսզի «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում ստուգումներ կատարեն»:
ՌԴ իշխանություններին ուղղված նամակում Ա. Խեչումյանը կոնկրետ անուն-ազգանուններ է գրել, որոնք խարդախության ճանապարհով Երկաթգծի միջոցով մեծ հարստությունների են հասել: