Ֆ. Վիտալիի ֆիլմերում արտասովոր ազատություն կա, տեսարաններն անկաշկանդ են, զվարճալի, բայց մտածելու տեղիք տվող: Այնտեղ դիալոգներ չկան, դրանք փոխարինում են ինտերշումերն ու ձայնային անհավանական լուծումները: «Հիմա հեռուստատեսություններն էդպիսի ֆիլմեր խուսափում են ցույց տալ, որովհետեւ նրանք ամեն ինչն ուզում են լինի ռեալ, բացատրված»,- մեզ հետ զրույցում ասաց ռեժիսորը՝ հիշելով ֆրանսիական հեռուստատեսություններից մեկի հետ ունեցած պատմությունը: «Մի անգամ ֆիլմերիցս մեկը տարել էի հեռուստատեսություն: Մի քանի օր անց զանգեցին ինձ: Հեռուստատեսությունից էր: Նրանք ուզում էին, որ ես բացատրեմ, թե ինչո՞ւ է իմ ֆիլմում շան պոչն ընկնում: «Դա ռեալ չէ»,- ասացին նրանք: Կամ այլ հարց. «Ինչո՞ւ է քո ֆիլմերում մեքսիկական երաժշտություն հնչում»: Սա անհեթեթություն է: Ինչպե՞ս բացատրես նրանց, որ դա ուղղակի զվարճալի է»,- իրեն առանձնահատուկ մտերմությամբ նշեց ռեժիսորը, ում ֆիլմերը, չնայած այս հանգամանքին, ոչ միայն ցուցադրվում, այլեւ մեծ հետաքրքրություն են առաջացնում Ֆրանսիայում: Այժմ նա «Canal+»-ի եւ «Lobster Films»-ի հետ համատեղ աշխատում է «Բինգո Բոնգո» («Bingo Bongo») անիմացիոն ֆիլմի վրա: Իսկ առաջիկայում նա պատրաստվում է նկարահանել նաեւ լիամետրաժ ֆիլմ՝ Ջեկ Լոնդոնի ստեղծագործություններից մեկի հիման վրա: «Դա անակնկալ է»,- ասաց ռեժիսորը: «Անիմացիոն ֆիլմերը երեւի ավելի շատ անում են կոմպլեքսավորված մարդիկ»,- ժպտալով շարունակեց Ֆեդերիկո Վիտալին, ում հետ զրուցեցինք «ՌեԱնիմանիա» փառատոնում՝ նրա «Լավա, Լավա» («Lava,Lava») անիմացիոն ֆիլմերի շարքի ցուցադրությունից հետո: «Ես սիրում եմ հաղորդակցվել մարդկանց հետ: Այսօր աշխարհն այնքան դաժան է դարձել: Բոլորս կարիք ունենք սիրո՝ ես, դու, նա… բոլորս: Բայց ինչպե՞ս ձեռք բերենք այն»…
– Դա նշանակում է, որ աշխարհը չի՞ փոխվել:
– Այո, ամեն ինչ, կարծես, նույնն է: Մարդու ուղեղը նույնն է: Անկախ գիտության զարգացումից, բարոյական արժեքները չեն փոխվել: Մարդը կարիք ունի սիրո, ազատության, խաղաղության: Խաղաղությունը հատկապես բոլորիս համար, Ձեր երկրի համար: Դուք ունեք հրաշալի ռեժիսորներ, ինչպիսիք են` Անրի Վեռնոյը, Կանադայում բնակվող Ատոմ Էգոյանը, Արտավազդ Փելեշյանը, ում հետ կցանկանայի մի ֆիլմ նկարել: Ինձ համար չկան կրոններ՝ բուդդիստ, իսլամ, քրիստոնյա: Ինձ համար կարեւորը մարդիկ են: Հիմա դուք կասեք, որ ես գիժ եմ, բայց՝ ոչ: Ես մեկն եմ, ով սիրում է հաղորդակցվել մարդկանց հետ, ով սիրում է մարդկանց: Ես հիմա ֆիլմեր եմ նկարում, որովհետեւ ինձ համար զվարճալի է դրանք ստեղծել: Շատ հեշտ:
– Հեշտ է Ձեզ համար:
– (Ծիծաղում է.- Մ.Մ): Իրականում հիմա այդքան էլ բարդ չէ անիմացիոն ֆիլմեր նկարելը՝ հաշվի առնելով համակարգիչը: Ես սովորել եմ Գեղեցիկ արվեստների դպրոցում, որտեղ ուսանեցի անիմացիա: Բոլորն ասում էին՝ դու գիժ ես, այդ տարիքում ուսանում ես: Ասում էի՝ այո՛, դա այդպես է: Երբեք ուշ չէ սովորելու համար:
– Միգուցե մարդկությունն ընդհանուր առմամբ մի քիչ տարօրինա՞կ է, ինչպես Ձեր ֆիլմերի հերոսները:
– Ոչ թե իմ հերոսներն են տարօրինակ, այլ իմ հերոսների գործողություններն են տարօրինակ ու ծիծաղելի: Նույնը կարելի է ասել համր ֆիլմերի դեպքում: Երբ ֆիլմը կարճ է, եւ այդտեղ ժամանակը շատ քիչ է, հերոսները չեն դառնում դրամատիկական կերպարներ, իսկ գործողությունները՝ դրամատիկական ընթացք: Զվարճալի ֆիլմեր ստեղծելիս ինձ ավելի շատ գրավում է ազարտը:
– Ու նաեւ ֆանտաստիկ լուծումները, այո՞:
– Իրականությունն ու ֆանտազիան բավական կապված են իրար: Անիմացիան աշխարհն ընկալելու իմ մոտեցումն է, որոնցով նաեւ ապրում եմ: Ընդհանրապես, ես նախընտրում եմ ֆիլմերն անել առանց դիալոգների, ինչը շատ հազվադեպ երեւույթ է ժամանակակից աշխարհում: Դա ռեժիսորի ընտրությունն է: Հիմա աշխարհում նոր տենդենց կա՝ անիմացիոն միաձուլվում է համակարգչային խաղերին: Կարծում եմ` ավելի ճիշտ է այդ խաղերն առանձին խաղալ, բայց որեւէ մեկս չենք կարող ինչ-որ բան անել, քանի որ դա ժամանակի թելադրանքն է: Ինչպես գիտեք, անիմացիա է ներթափանցել 3D, որը գործում է թե՛ ֆիլմարտադրության, թե՛ խաղերի դեպքում: Դա է պատճառը, որ շատ հաճախ անիմացիոն ֆիլմ նայելիս տարակուսում ես ու փորձում ես հասկանալ՝ անիմացիոն խաղարկայի՞ն ֆիլմ ես նայել, թե՞ անիմացիոն ֆիլմ: «Ավատարը» խաղարկայի՞ն ֆիլմ է, թե՞ անիմացիոն: Դժվար է հստակ պատասխան տալ: Վստահ կարող եմ ասել, որ ապագայի տենդենցները միաձուլումներն են, ինչպես համակարգչի պարագայում: Ֆիլմարտադրության այսօրվա տենդենցը միաձուլումն է: Մեր օրերում անիմացիան դարձել է բավական ծախսատար: Համաշխարհային մի շարք կազմակերպություններ, որոնք զբաղվում էին անիմացիոն ֆիլմերի արտադրությամբ, ավելի շատ 3D-ով ֆիլմեր են արտադրում:
– Այսօր փոխվում են նաեւ անիմացիոն ֆիլմերի պերսոնաժները, որոնք շատ հաճախ անհասկանալի կերպավորումներ ունեն: Սա եւս նոր տենդե՞նց է:
– Հիմա անիմացիոն ֆիլմեր արտադրող որոշ կազմակերպություններ 3D-ով փորձում են ռեալիստական մուլտֆիլմեր ստեղծել, բայց դա առնվազն հիմարություն է, որովհետեւ, եթե խնդիրը ռեալիտիկ պատկերներ ստանալն է, ապա այդ պարագայում` ինչո՞ւ չնկարել ֆիլմ:
– Ի՞նչն է պատճառը, որ մերօրյա մուլտֆիլմերը կարծես ավելի շատ բռնություններ են քարոզում, եւ բարոյահոգեբանական ավելի մեծ վնաս են հասցնում երեխաներին:
– Շատերն իրենց գործերում բռնությունը ցույց են տալիս նրբորեն: Ես երեխա չեմ, բայց տեսնում եմ, որ երեխաների աշխարհը հակված է բռնության: Դրա կարգավորման համար ժամանակ է պետք: Ընդհանրապես, անիմացիայում բռնության մասին խոսելը բավական բարդ է: 1970-ական թթ. էսթետիկական բռնություն կար, երբ սկսեցին արյուն ցույց տալ անիմացիոն ֆիլմերում, բայց այդ արյունը չուներ այն արյան գույնը, ինչն այսօր ցույց են տալիս մուտֆիլմերում: Այն բաց կարմիր գույնի էր, ինչպես կետչուպը: Հիմա այն խիստ տարբեր է: Մուլտֆիլմերում իսկական արյան գույն է: Կան ռեժիսորներ, ովքեր օգտագործում են տարբեր սիրոպներ՝ ռեալ արյան գույն ստանալու համար: Ամերիկացի ռեժիսորներից մեկը բռնության սարսափելի տեսարաններ էր ցույց տալիս իր ֆիլմերում, ընդ որում՝ այդ կադրերը նա ցույց էր տալիս դանդաղեցված, ինչը մարդկանց մոտ ավելի վատ հոգեվիճակ էր առաջացնում: Ըստ ռեժիսորի` դա ավելի շատ պայմանավորված է այն հանգամանքով, որ դանդաղեցված կադրերի միջոցով մարդիկ տեսնում են դրանց ոչ ռեալ լինելը: Քվենտին Տարանտինոյի ֆիլմերում նույնպես կան բռնության տեսարաններ, բայց նա միախառնում է տարբեր ստերեոտիպեր եւ չափազանցության է հասցնում այդ տեսարանները: Բացի դա, նրա ֆիլմերում երկար երկխոսություններ են լինում հերոսների միջեւ, դրա շնորհիվ բռնությունը ետ է մղվում:
– Այնուամենայնիվ, ի՞նչ է անիմացիան:
– Դժվար հարց է: Անիմացիան հին հասկացություն է, եւ կինեմատոգրաֆիա է մտել շատ վաղուց, երբ դեռ նկարում էին մեծ ժապավենով: Անիմացիայի ուժը նույնքան կախարդական է, որքան լուսանկարը, բայց, ի տարբերություն լուսանկարի, անիմացիան ցույց է տալիս շարժում: Օրինակ, կարելի է վերցնել մի տետր եւ այնտեղ նկարել հերոսներ: Տետրը շարժելով՝ արդեն ստեղծում ես անիմացիա: Իրականում անիմացիան ֆիլմ է, որն ունի իր հատուկ կոդերը: Այլ կերպ ասած՝ անիմացիան կոդավորված ֆիլմ է: Այն կինոյի մի տեսակ է: Նույնիսկ այսօր կան ռեժիսորներ, ովքեր շարունակում են նկարել մեծ ժապավեններով: Անիմացիան արխաիկ հասկացություն է: Ստեղծում ես մարմիններ, որոնք անընդհատ կրկնօրինակում են գործողություններ: Դրա համար էլ ասում են՝ անիմացիան թատերախաղի մի արտացոլում է:
– Ի՞նչն եք կարեւորում անիմացիոն ֆիլմում:
– Ձայնը, ազատությունը, ռիթմն ու ժամանակը…