Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը պաղեստինցիներից պահանջել է Իսրայել պետությունը ճանաչել որպես հրեա ժողովրդի պետություն` դա անվանելով ապագա խաղաղ համաձայնության հիմքը: Հիշեցնենք, որ իսրայելցիները եւ պաղեստինցիները երկարամսյա ընդմիջումից հետո սեպտեմբերի 2-ին վերսկսել են երկկողմ հակամարտության կարգավորման շուրջ ուղիղ բանակցությունները: Նեթանյահուն կառավարության կիրակնօրյա նիստի ժամանակ համոզմունք է հայտնել, որ խաղաղ համաձայնությունը կարող է պատրաստ լինել այս տարվա ընթացքում, այսինքն՝ միջազգային միջնորդ քառյակի (ՄԱԿ, ԵՄ, ԱՄՆ, ՌԴ) սահմանած ժամկետում: «Խաղաղ համաձայնությունը պետք է հիմնված լինի Իսրայել պետության` որպես հրեա ժողովրդի ազգային պետություն ճանաչման վրա… Մենք ասում ենք, որ լուծումը «երկու պետությունն է երկու ժողովուրդների համար»` պաղեստինյան ազգային պետություն եւ հրեական ազգային պետություն: Սակայն, ցավոք սրտի, «երկու պետություն երկու ժողովուրդների համար» արտահայտություն պաղեստինցիների կողմից մենք դեռ չենք լսել»,- ասել է Նաթանյահուն: