Ամառվանից ի վեր հաճախակի են դարձել Գյումրիի «Տրանս-ակնթարթ» ընկերության «անակնկալները»: Ընկերությունը, որի երթուղային տաքսիներն օրական հարյուրավոր ուղեւորներ են տեղափոխում Գյումրիից Երեւան եւ հակառակ ուղղությամբ, վերջերս խիստ վատացրել է մատուցվող ծառայությունների որակը՝ չարաշահելով գրեթե մոնոպոլիստի իր դիրքերը: Մասնավորապես, ցերեկային ժամերից հետո Երեւանի «Այրարատ» կինոթատրոնին հարող տարածքում եւ Գյումրիի ավտոկայանի դիմաց կարելի է ականատես լինել խայտառակ տեսարանի. երբ հորիզոնում մի երթուղային տաքսի է երեւում՝ ուղեւորների հոծ բազմությունը հնարավորինս շուտ տրանսպորտում տեղ զբաղեցնելու համար սկսում է ծեծկռտուքը: Ավելորդ է տոն օրերի մասին խոսելը… Այս կարգի ծառայություններից օգտվում են 1200 դրամ ուղեվարձ վճարողները, ովքեր գործի բերումով ստիպված են հանրապետության մի քաղաքից մյուսը տեղափոխվել: Ի դեպ, նման դեպքերում շրջակայքի տաքսիները կտրուկ բարձրացնում են գները՝ հասցնելով մինչեւ 6000-7000 դրամի: Ովքե՞ր են այս ամենի պատասխանատուները, ովքե՞ր են այսօր խանգարում, որ քաղաքակիրթ ձեւով ապրենք, ովքե՞ր են ոտնահարում մարդու եւ, մասնավորապես, սպառողի շահերը: Այս դեպքը, թերեւս, տարօրինակ չէ այն պարագայում, երբ «Տրանս-ակնթարթ» ընկերության (ի դեպ, անհասկանալի է այստեղ «ակնթարթ» բառի իմաստը) պատուհաններին փակցված են Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի նախընտրական պաստառները:
Սեփ. լր.