Հայաստանը նահանջել է

11/09/2010

«Forbes» հանդեսը հրապարակել է աշխարհում տնտեսական գործունեություն սկսելու համար լավագույն երկրների ցանկը, որտեղ Հայաստանը հայտնվել է 96-րդ հորիզոնականում: Հիշեցնենք, որ անցած տարի Հայաստանը 94-րդ տեղում էր: Ընդհանուր արդյունքների ստացման համար դիտարկվում են մի քանի բաղադրիչներ, ներառյալ` երկրի բնակչության թիվը, մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը, առեւտրի ծավալները: Հանդեսն ուսումնասիրում է նաեւ երկրի տնտեսությանն առնչվող այլ բաղադրիչներ, մասնավորապես` Հայաստանում ամենամտահոգիչը համարելով հարկային բեռի ծանրությունը, նաեւ` սեփականության իրավունքի խնդիրը. այստեղ Հայաստանը 106-րդ արդյունքն է գրանցել, երկրում կոռուպցիոն երեւույթների առկայության իմաստով` 95-րդը: Ներդրումների պաշտպանվածության առումով Հայաստանը 74-րդ տեղում է: «Մի քանի տարիների ընթացքում արձանագրված երկնիշ տնտեսական աճից հետո, Հայաստանը այսօր դիմակայում է լուրջ տնտեսական անկմանը»,- գրում է «Forbes»-ը` նշելով, թե Հայաստանում 2009թ. ՀՆԱ-ի առնվազն 15 տոկոս նվազում է արձանագրվել` չնայած խոշորածավալ վարկերին, որ կառավարությունը վերցրել էր դոնոր կազմակերպություններից եւ օտար պետություններից: Անկումային նման կտրուկ տեմպերի հիմնական պատճառը հանդեսը համարել է շինարարության եւ արտերկրից, մասնավորապես` Ռուսաստանից, ստացվող դրամական փոխանցումների` տրանսֆերտների ծավալների շեշտակի նվազումը: Ըստ ամսագրի` Հայաստանը պետք է հետամուտ լինի լրացուցիչ տնտեսական բարեփոխումների, որպեսզի վերականգնի տնտեսական աճը եւ կատարելագործի տնտեսական մրցունակության եւ զբաղվածության հնարավորությունները, հատկապես` հաշվի առնելով իր երկու ամենամոտ հարեւանների կողմից` Թուրքիայից եւ Ադրբեջանից տնտեսական մեկուսացման գոյություն ունեցող խնդիրը: Հայաստանից առաջ են անցել Վրաստան՝ 61-րդ, Ադրբեջան` 79-րդ տեղում են: Իսկ ՌԴ-ն Հայաստանից հետո` 97-րդ տեղում է: