Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգից հանել է իր կողմից ներկայացված բանաձեւի նախագիծը եւ խնդրել է այն տեղափոխել հաջորդ նստաշրջանի օրակարգ: Հիշեցնենք, որ բանաձեւով կոչ է արվում հայկական զորքերն անհապաղ դուրս բերել Ադրբեջանի «օկուպացված տարածքներից» եւ վերականգնել ԼՂ-ից եւ հարակից շրջաններից արտաքսված ադրբեջանցիների` նախկին բնակավայրերը վերադառնալու իրավունքը: ՀՀ արտգործնախարարությունը երեկ շտապեց իր գոհունակությունը հայտնել ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին, ինչպես նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ պետություններին, որոնք «իրենց դիրքորոշմամբ կանխեցին ՄԱԿ-ում նման ապակառուցողական բանաձեւի ընդունումը»: Սակայն, ՀՀ նախկին արտգործնախարար, ՀԱԿ ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը, ով նաեւ ժամանակին եղել է ՄԱԿ-ի ԳԱ փոխնախագահ եւ գլխավոր կոմիտեի անդամ, կարծում է, որ առանձնապես առիթ չկա ուրախանալու եւ դիվանագիտական հաղթանակ տոնելու: Իր տեսակետը պարոն Արզումանյանը մեկնաբանում է այսպես. «Այսօր ընթանում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանը, երեկոյան կսպառվի օրակարգը, եւ այն կփակվի:
Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության, ամեն տարվա սեպտեմբերի 2-րդ երեքշաբթի օրը բացվում է հերթական նստաշրջանը, այս դեպքում` 65-րդը: Այսինքն, եկող երեքշաբթի օրվանից, մինչեւ մյուս տարվա սեպտեմբերի երկրորդ երեքշաբթին այն կլինի օրակարգում, եւ այս հարցը նորից դամոկլյան սրի պետ կկախվի մեզ վրա»:
Իսկ թե ինչու Ադրբեջանը հարցը հանեց 64-րդ նստաշրջանի օրակարգից, ըստ Ա. Արզումանյանի, պատճառն ավելի քան պարզ է: Խնդիրն այն է, որ նշված նախագծում կա մի շատ կարեւոր կետ, ըստ որի՝ Ադրբեջանը պահանջում է, որ ԵԱՀԿ-ի կողմից ուղարկվի փաստահավաք խումբ` ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի եւ միջազգային այլ կառույցների փորձագետների ներգրավմամբ: Ինչպես հայտնի է, Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան այցելության ժամանակ հայտարարվեց, որ նրանք դիմել են թե ՄԱԿ-ի եւ թե ԵԱՀԿ ղեկավարությանը, որպեսզի սեպտեմբերի վերջին 7 խնդրո առարկա տարածքներ ուղարկվի փաստահավաք առաքելություն` միջազգային տարբեր օղակների ներգրավմամբ: «Այսինքն, սա, ըստ էության` հենց այն է, ինչ ուզում էր Ադրբեջանը, դրա համար էլ նպատակահարմար չի գտնում հարցն այս պահին դնել քվեարկության»,- ասաց Ա. Արզումանյանը: ՀԱԿ ներկայացուցչի խոսքերով, այս բանաձեւն օդից չի ընկել, հետեւապես կարելի էր եւ հնարավոր էր ժամանակին կանխել դա: «Պետք է ակտիվորեն աշխատել 365 օր եւ ներկայացնել տարբեր բանաձեւեր: Այսինքն, այդ նույն բանաձեւում խոսք է գնում, որ այդ տարածքներում ոչնչացվում է մշակութային ժառանգությունը: Հայկական պատվիրակությունը կարող էր Նոր Ջուղայի խաչքարերի հետ կապված հանդես գալ նման բանաձեւով` նույն խորագրի ներքո, եւ կստանար նույն աջակցությունը միջազգային հանրության կողմից: Սա պասիվության դրսեւորում է»,- ասաց նախկին արտգործնախարարը:
Նշենք, որ գրեթե նույնաբովանդակ նախագծեր Ադրբեջանը ՄԱԿ-ի ԳԱ ներկայացրել է նաեւ 2006 եւ 2008 թվականներին, որոնք ընդունվել են: Մեր այն հարցին, եթե այն 3-րդ անգամ եւս արժանանա հավանության, ապա ի՞նչ իրավական եւ քաղաքական հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի համար, պարոն Արզումանյանը պատասխանեց. «Ճիշտ է, այդ բանաձեւերը կրում են խորհրդատվական բնույթ եւ պարտադիր չեն կատարման համար, բայց ճշմարիտ է նաեւ այն, որ ցանկացած բանակցային գործընթացում շատ կարեւոր են այս կամ այն ատյաններում ընդունված ձեւակերպումները, որոնք ապագայում օգտագործվում են: Ես կարող եմ օրինակ բերել տասնյակ բանաձեւեր, որոնք ընդունվել են 47 անգամ, բայց դրանք փոխում են ընդհանուր մտայնությունը, ոնց որ ասում են` կաթիլը քար է ծակում»: Պարոն Արզումանյանը կարծում է, որ այս քայլը միտված է սպասարկելու Մինսկի խմբի շրջանակներում Ադրբեջանի դիրքրոշման ամրապնդմանը: Բացի այդ, ըստ նրա, նպատակներից մեկն էլ այն է, որ այն տերմինաբանությունը, որը մերժվում է Մինսկի խմբի շրջանակում, ընդունվի հնարավորինս ավելի լայն շրջանակով` տարբեր կառույցների կողմից, եւ առաջիկայում ոչ մեկի մոտ կասկած չառաջանա, երբ ադրբեջանցի դիվանագետն օգտագործի «գրավյալ տարածքներ» արտահայտությունը: Ինչ վերաբերում է հայկական կողմի վերաբերյալ ՄԱԿ-ի փաստաթղթերում «օկուպացիա» տերմինի առկայությանը, ապա այդ առնչությամբ ընդդիմադիր գործիչն ասաց. «Ես պատրաստ եմ ողջունել ցանկացած երկրի, որը կճանաչի Լեռնային Ղարաբաղը՝ որպես օկուպանտ, որը գրավել է Ադրբեջանի տարածքը, դրանով իսկ ճանաչելով ԼՂՀ-ի կայացված լինելը եւ այն փաստը, որ կարող է նույնիսկ օկուպացնել հարեւան պետություններին»: Որպես ՀՀՇ անդամ, պարոն Արզումանյանն անդրադարձավ նաեւ այդ կուսակցությունում տիրող իրավիճակին եւ խոստովանեց, որ ՀՀՇ-ից ունեցած սպասելիքները չեն արդարացել. «Գիտեք, որ տեղի ունեցավ համագումար, որին ես ինչ-ինչ պատճառներով չեմ մասնակցել: Մեր ընկերների կողմից հնչեցվել են կասկածներ համագումարից: Փաստը, որ նման ահազանգեր եղել են, արդեն իսկ անընդունելի է: Լինելով ՀՀՇ անդամ, ես մշտապես կարծել եմ, որ ՀՀՇ-ն այն լիբերալ ուժն է, որն իր ներքին հարցերում պետք է առաջնորդվի ժողովրդավարական սկզբունքներով միայն»: Այնուամենայնիվ նա հույս հայտնեց, որ գուցե ՀՀՇ-ն իր վարչությամբ կդառնա այն լոկոմոտիվը, որն իր հետեւից կտանի ազատական թեւն ու այդ գաղափարախոսությունը կդարձնի հաղթական Հայաստանում: Մեր այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում պարոն Արզումանյանը ՀԱԿ-ի դեմ հնչող քննադատություններին եւ մասնավորապես նրան, որ ՀԱԿ-ի համակիրների շարքերը նոսրանում են, քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժը չկարողացավ հասնել իշխանափոխության, նա պատասխանեց. «Ես գիգանտամանիայով չեմ տառապում ու չեմ կարծում, որ հրապարակում անպայման պետք է 500 հազար մարդ լինի: Սովետական Միությունը քանդվեց, երբ ընդամենը 7 ազնիվ քաղաքացիներ Կարմիր հրապարակում պաստառ բարձրացրեցին եւ չվախեցան, որ կգնան ու բռունցքի փայ կդառնան: Եվ դա էլ ծնեց դիսիդենտական շարժում, եւ մենք դրա պտուղները վայելեցինք: Ամեն մարդ պետք է պայքարի, կա համատարած հասարակական ընդվզում, ատելություն, վիրավորական բառեր չեմ ուզում ասել, բայց ժողովուրդը չի ընդունում այսօրվա իշխանություններին»: Ինչ վերաբերում է ՀԱԿ համակիրների հուսահատությանը, ապա Կոնգրեսի ներկայացուցիչն ասաց. «Մարդիկ հոգնում են, միտինգ գնալը աշխատանքի նման բան է, եթե դու մշտապես անում ես հանրահավաք, դա արդեն դառնում է երկրորդ աշխատանք, որն անցկացնում ես այս կամ այն հրապարակում: Ես վստահ եմ, որ եթե լինի ընտրություն, մարդիկ էլի գալու են, քվեարկելու են, կամ, ավելի ճիշտ, եթե վճռորոշ ինչ-որ պահ լինի: Ես այդ բառերից էլ եմ հոգնել: Ասում են՝ հաջորդ հանրահավաքը կլինի հուժկու կամ վճռորոշ, հետո հանրահավաք են անում, Պետրոսը հրավիրում է իր մոտ, ու ասում. գիտեք էդքան էլ վճռորոշ չէր, ասում են, դե լավ, մյուսը վճռորոշ կլինի: Իմ խորին համոզմամբ, սա տաֆտալոգիա է, պետք է լինի անելիք, ծրագիր եւ այդ ծրագիրն իրականացնող: Կգտնի՞ իր մեջ ուժ ՀԱԿ-ը այդ ծրագիրն իրականացնելու եւ ունի՞ արդյոք այդ պոտենցիալը իր թիմով իրականացնելու, շատ բարի, չի լինի` միշտ էլ ձեւեր կգտնվեն»: Ի պատասխան մեր այն հարցին, թե Կարմիր հրապարակի 7 հոգու օրինակով՝ տեսնո՞ւմ է արդյոք պարոն Արզումանյանը մի քանի հոգի ՀԱԿ-ում, որոնք պատրաստ են պայքարելու մինչեւ վերջ` հանուն իշխանափոխության, նա ասաց. «Ես ունեմ տասնյակ ընկերներ իմ շրջապատում, որոնց վստահում եմ, որոնք ինձ են վստահում եւ որոնք գնացող են ի հեճուկս ամեն ինչի, եւ իրենց կյանքով էլ դա կարող են ապացուցել: Հայ ժողովուրդը էդքան չի չորացել»: Ինչ վերաբերում է հնարավոր արտահերթ ընտրություններին, ապա ընդդիմադիր գործիչն ասաց. «Եթե ֆորս մաժոր չլինի, արտահերթ ընտրություններ դժվար թե լինեն: Փորձը ցույց է տալիս, որ առանց ֆորս մաժորի հետխորհրդային երկրներում արտահերթ ընտրություն չի լինում: Ես երբեւէ կանխագուշակի եւ բախտ նայողի հավակնություն չեմ ունեցել, ժամանակը ցույց կտա»: Իսկ ՀԱԿ-ի առաջիկա հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում ի՞նչը կարող է անակնկալ լինել պարոն Արզումանյանի համար (հիշեցնենք, որ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն օրեր առաջ հայտարարեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը կունենա անակնկալներ եւ նոր շեշտադրումներ)։ Ըստ Ա. Արզումանյանի՝ «Ես նախապատրաստական ակտիվ աշխատանքներին չեմ մասնակցում հանրահավաքի հետ կապված, չգիտեմ, ցանկացած բան էլ կյանքում անակնկալ է»: Երբ այնուամենայնիվ լրագրողները պնդեցին, որ նա ասի, թե ինչն իր համար կլինի անակնկալ, նա ասաց. «Դե, որ հայտարարի, թե Հայաստանը Չինաստանի անքակտելի մասն է, ես շատ կզարմանամ»: