«Ֆիասկո, ապտակ, կապիտուլյացիա»

11/09/2010

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը երեկ հայտարարել է, թե Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ում ներկայացված բանաձեւը Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանից հանելը հայկական դիվանագիտության եւ Հայաստանի նախագահի վարած քաղաքականության արդյունքն է:

«Ի տարբերություն ադրբեջանական անպտուղ քաղաքականության` հայկական դիվանագիտությունը լուռ իր գործն արեց եւ աշխարհին հստակ հասկացրեց, որ ինքը դեմ է ԼՂ խնդիրն այլ հարթակ տեղափոխելուն»,- երեկվա ասուլիսում ասել է Շարմազանովը: Ավելին, նրա ասելով` հայկական կողմի շնորհիվ էր, որ Ադրբեջանը հանեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից այդ բանաձեւը: «Եվ Ադրբեջանը ֆիասկո ապրեց, այսինքն` Ադրբեջանն ընդունեց իր կապիտուլյացիան»,- ասել է նա` հավելելով, թե բանաձեւի քննարկման հետաձգումը միջազգային հանրության «ապտակն» էր Ադրբեջանին. «Եթե մինչ այդ ապտակները քողարկված էին կամ դիվանագիտական լեզվով էին ասվում, ապա հիմա արդեն, կարծում եմ, միջազգային հանրության համբերության բաժակը լցված է, եւ Ադրբեջանն այլեւս քայլ կատարելու տեղ չունի, որովհետեւ, եթե նա մտցներ բանաձեւը, կարծում եմ, սա գործնականում կխոսեր նրա մասին, որ Ադրբեջանը դուրս է գալիս բանակցություններից»,- ասել է ՀՀԿ-ական պատգամավորը: Անդրադառնալով ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի դիտարկմանը, թե ոգեւորվելու կարիք չկա, քանի որ առաջիկա մեկ տարում էլ այս խնդիրը դամոկլյան սրի պես կախված է լինելու Հայաստանի վրա, Է. Շարմազանովն ասել է. «Ցանկացած քաղաքականությունից քիչ թե շատ հասկացող մարդու հարցրեք, եթե պետությունը մտցնում է բանաձեւ եւ մինչեւ քննարկելը հանում է՝ դա ֆիասկո՞ է, թե՞ ֆիասկո չէ: Դա ֆիասկո է, եւ եղել է հայկական դիվանագիտության եւ նախագահ Սարգսյանի ճկուն, նախաձեռնող քաղաքականության արդյունքում, որովհետեւ այս 2,5 տարվա արդյունքում միջազգային հանրությունը, Մինսկի խմբի համանախագահները հասկացան, որ նախագահ Սարգսյանի իրականացրած քաղաքականության արդյունքում Հայաստանն ուզում է տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն, կայունություն, անվտանգություն, այլ ոչ թե Թուրքիայի կամ Ադրբեջանի նման իմիտացիոն խաղեր է խաղում»:

Անդրադառնալով ԼՂ ճանաչման մասին «Ժառանգության» ներկայացրած օրինագծին, ՀՀԿ-ական պատգամավորն ասել է. «Մեր նպատակն է՝ Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչումը, եւ բոլոր այն միջոցները, որոնք միտված են ԼՂ միջազգային ճանաչմանը, Հայաստանի իշխանությունները իրենց զինանոցում պահում են: Բայց չեմ կարծում, որ Հայաստանի կողմից ԼՂ ինքնանպատակ ճանաչումը կարող է օգուտ տալ ԼՂ միջազգային ճանաչման գործընթացին»: Ըստ Շարմազանովի, իրենց մոտեցումը «կիսում» են նաեւ ԼՂՀ-ում. «Ինչո՞վ է ՀՀ ԱԺ-ի կողմից ԼՂ անկախության ճանաչումը նպաստելու միջազգային ճանաչմանը»,- դիմելով «Ժառանգությանը», ասաց Է. Շարմազանովը:

Ինչ վերաբերում է ԼՂ հարցով միջազգային դատարան դիմելու մասին առաջարկներին, ապա նա համոզված է, որ այս փուլում ԼՂ խնդրի միակ արդար լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատն է: