Համատեղելու են ուժերը

11/09/2010

Երեկ ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը «Հարավային Կովկասի ռազմաքաղաքական նոր իրողությունները եւ այդ համատեքստում ղարաբաղյան կարգավորման շուրջ հնարավոր զարգացումները» օրակարգային հարցով նիստ է անցկացրել: Հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը նշել է, որ մտադիր են համատեղ ուժերով վերստին անդրադառնալ տարածաշրջանի առկա իրողություններին` հստակեցնելու համար օրենսդիր ու գործադիր իշխանության եւ երկրում գործող քաղաքական ուժերի պատկերացումներն ու տեսակետները ղարաբաղյան կարգավորման հեռանկարների վերաբերյալ, ճշտելու իրենց բոլորի առաջիկա անելիքներն այդ ուղղությամբ: ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ` նիստում հնչած բոլոր ելույթներում միասնական է եղել այն տեսակետը, որ ԼՂՀ-ն՝ որպես ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության իրական կողմ, անպայմանորեն պետք է լիարժեք ու լիիրավ մասնակից դառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին, եւ որ առանց հաշվի առնելու երկրի ժողովրդի կամքն ու իշխանությունների դիրքորոշումը, հազիվ թե հնարավոր լինի հասնել խնդրի վերջնական եւ արդարացի հանգուցալուծման: