Ռուսաստանի, ինչպես եւ Ղրղըզստանի համար «խորհրդարանական ժողովրդավարությունը աղետ է»: Այս մասին երեկ հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Համաշխարհային քաղաքական համաժողովի շրջանակում քաղաքագետների հետ հանդիպման ժամանակ: Ըստ նրա` գործող քաղաքական համակարգը արդիականացնել հարկավոր է «զգուշորեն ու քայլ առ քայլ»: Մեդվեդեւը հիշեցրել է, որ իր նախագահության առաջին տարվա ընթացքում ինքը զբաղվել է քաղաքական ինստիտուտների փոփոխությամբ դաշնային մակարդակով, իսկ 2-րդ տարվա ընթացքում՝ շրջանային մակարդակով: Նաեւ հավելել է, թե Հյուսիսային Կովկասում տնտեսական աշխատանքը պետք է միավորել ուժի տարրի օգտագործման հետ: «Իսկ ավազակների հետ ձեւականություններ պահպանել պետք չէ, նրանց պետք է ոչնչացնել. որեւէ այլ բան մարդկությունը չի մտածել»,- ասել է Մեդվեդեւը եւ հավելել, որ իշխանությունները կանեն ամեն ինչ՝ Վլադիկավկազում կատարված դաժան հանցագործության մեղավորներին ձերբակալելու կամ ոչնչացնելու համար: