Հայկական աշխարհի (ան)մրցունակությունը

11/09/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ինստիտուտների եւ ենթակառուցվածքների զարգացում, ֆինանսական համակարգի կատարելագործում, նորարարությունների խթանում, մակրոտնտեսական կայունությունգ Այս բառերից երեւի արդեն հոգնել եք, քանի որ ամեն օր ու ամեն հարմար առիթի դեպքում դրանք սիրում են օգտագործել տնտեսական ոլորտի մեր պատասխանատուները։

Դրանք, իհարկե, կարեւոր հասկացություններ են։ Բայց ամենակարեւորը՝ երկարաշունչ ու մոդայիկ բառեր են եւ խոսքին լրջություն են հաղորդում։

Սակայն, ինչպես ժողովրդական իմաստությունն է ասում, «մեղր ասելով՝ բերանդ չի քաղցրանա»։ Որքան շատ են այս մասին խոսում, այնքան ամեն ինչ ավելի վատ է դառնում (իրական առաջընթացի մասին էլ չենք խոսում)։

Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի եւ մեզ չմեղադրեն միայն բացասական գնահատականներ տալու մեջ՝ հղում կատարենք միջազգային հեղինակավոր մի կառույցի՝ Համաշխարհային տնտեսական ֆորումին (World Economic Forum)։ WEF-ը ամեն տարի հրապարակում է Մրցունակության համաշխարհային զեկույց, եւ 2 օր առաջ հրապարակված 2010-2011 զեկույցում մեզ համար ոչ մի ուրախալի բան չկա։ Զեկույցի համաձայն՝ Հայաստանը 139 երկրների շարքում իր մրցունակությամբ զբաղեցնում է «պատվավոր» 98-րդ հորիզոնականը։

Այսպես կոչված, «մրցունակության հենասյուների» առումով նահանջն ավելի պարզ է երեւում։ Այսպես, ինստիտուտների մասով մեր վարկանիշը իջել է 2 հորիզոնականով, ենթակառուցվածքների մասով՝ 9, նորարարության մասով՝ 8, տեխնոլոգիական պատրաստվածության առումով՝ 3, մակրոտնտեսական կայունության առումով՝ 46։ Իհարկե, կան նաեւ կետեր, որոնցում դրական տեղաշարժ է արձանագրվել։ Օրինակ, «ապրանքային շուկայի պատրաստվածություն» կամ «գործարարության կատարելագործվածությունը» կոչվող ցուցանիշներով մեր վարկանիշը բարձրացել է 3 հորիզոնականով։ Բայց չնայած դրան՝ մենք այդ չափանիշներով 139 երկրների շարքում զբաղեցնում ենք համապատասխանաբար 113-րդ եւ 109-րդ տեղերը։

Կան նաեւ այլ չափանիշներ, որոնցից երեւում է, թե պաթոսով հնչող ելույթները իրականում ինչ օգուտ են մեզ տվել։ Հիշո՞ւմ եք «ճգնաժամի դասերը», որոնց մասին պարբերաբար հիշեցնում է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Այդ դասերից ամենակարեւորներից մեկը օլիգոպոլիաների դեմ պայքարն էր, այսինքն՝ նորմալ մրցակցային դաշտի ձեւավորումը։ Մրցունակության համաշխարհային զեկույցը, բացի մրցակցային առավելություններից, երկրներին դասակարգում է նաեւ ըստ «թերությունների»։ Այսպես կոչված, «ուշագրավ թերությունների» առումով Հայաստանի համար տեսնում ենք հետեւյալ պատկերը. 139 երկրների շարքում հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությամբ զբաղեցնում ենք 138-րդ տեղը, տեղական մրցակցության ինտենսիվությամբ՝ 136-րդ տեղը, շուկայում գերիշխող խմբերի առկայությամբ՝ 133-րդ տեղը։

Չէ, վհատվել պետք չէ, մրցակցային առավելություններ էլ ունենք։ Ընդ որում, այնպիսի առավելություն, որ վարկանիշով առաջինն ենք։ Այդ առավելությունը կոչվում է «մալարիայի ազդեցությունը գործարարության վրա»։ Այսինքն, մեր կառավարության փայլուն հակաճգնաժամային քաղաքականության արդյունքում իսպառ կանխվել է մալարիա տարածող մոծակների մուտքը ՀՀ տնտեսական դաշտ, եւ գործարարներն առանց մալարիայից վախենալու՝ հանգիստ զբաղվել են իրենց գործով։

Փոխարենը՝ մեր գործարարներին, ըստ զեկույցի հեղինակների, ամենից շատ խանգարում է կոռուպցիան։ Հարցման մասնակիցների 16.9%-ը բիզնեսով զբաղվելու հարցում որպես ամենախնդրահարույց գործոն՝ նշել է հենց այդ երեւույթը։ Հաջորդ տեղում հարկային վարչարարությունն է (16.5%), հետո՝ ֆինանսական միջոցների անմատչելիությունը (11.4%), բյուրոկրատիան (10.8%), ենթակառուցվածքների թերզարգացածությունը, փոխարժեքի տատանումները, հարկերի դրույքաչափերը եւ այլն։ Մալարիայից, ինչպես տեսնում եք, ոչ ոք չի դժգոհել։ Պարզապես կառավարությունը մալարիայի կանխարգելման մասին չէր խոսում, իսկ կոռուպցիայի վերացման, բյուրոկրատիայի եւ հովանավորչության դեմ պայքարի մասին խոսում է գրեթե ամեն օր։

Կարճ ասած, World Economic Forum-ը ի լուր աշխարհի հայտարարում է, որ մենք մրցունակ չենք։ Մրցունակության ինդեքսով մենք զիջում ենք ոչ միայն մեր հարեւաններին՝ Վրաստանին ու Ադրբեջանին, այլ անգամ աֆրիկյան այն երկրներին, որոնց զարգացածության մասին երբեմն թաքնված կամ ակնհայտ հեգնանքով ենք խոսում։ Մեզանից ավելի մրցունակ են Նամիբիան, Բոտսվանան, Ռուանդան, Գամբիան, անգամ՝ Հոնդուրասը։

Ավելին, մենք, զեկույցի հեղինակների կարծիքով, գտնվում ենք զարգացման անցումային փուլում, բայց ոչ թե զարգացող երկրից անցում ենք կատարում դեպի զարգացած երկիր, այլ հետամնացից՝ զարգացող։ Այսպես, զեկույցի հեղինակները աշխարհի տնտեսությունները բաժանել են 3 հիմնական խմբի՝ տնտեսական զարգացման առաջին փուլում գտնվող երկրներ (օրինակ՝ Բանգլադեշ, Բենին, Գանա), երկրորդ խումբ (օրինակ՝ Ալբանիա, Բուլղարիա, Լիբանան, Կոլումբիա) եւ երրորդ՝ զարգացած խումբ (Գերմանիա, Անգլիա, ԱՄՆ եւ այլն)։ Այս երեքից բացի, կան նաեւ 2 անցումային խմբեր։ Մենք գտնվում ենք առաջին եւ երկրորդ խմբերի արանքում՝ միջանկյալ անցումային խմբում՝ Բոտսվանայի, Բրունեյի, Գվատեմալայի ընկերակցությամբ։ Միակ մխիթարանքն այն է, որ մեր հարեւանները՝ Վրաստանն ու Ադրբեջանը, նույնպես մեզ հետ այս խմբում են տեղ զբաղեցնում։

Այս ցուցանիշներից ամենից շատ կնեղսրտեն մեր այն հայրենակիցները, ովքեր սիրում են կրկնել՝ երբ մենք մշակույթ ունեինք, ուրիշները ծառից ծառ էին թռչկոտում։ Սակայն, նեղսրտելուց բացի, այստեղ ավելի շատ զարմանքի պատճառ կա։ Օրինակ՝ մենք, լինելով հազարամյա պատմություն ունեցող ազգ, միշտ ձգտել ենք հասնել ավելիին, մեր տեղն ունենալ աշխարհում՝ ի տարբերություն շատ պետությունների, որտեղ մինչեւ բոլորովին վերջերս չգիտեին վարտիքն ինչ է։ Ավելին, մենք ունենք «Հայկական աշխարհ» գաղափար, ծրագիր, ռազմավարություն (ինչպես ուզում եք կոչեք), որը արդեն 2-3 տարի է՝ ակտիվորեն պրոպագանդվում է, եւ որը հավաստիացնում է, թե ուր որ է մենք պիտի գրավենք աշխարհը։ Սակայն պարզվում է, որ «Հայկական աշխարհը» թարսի պես կորցնում է մրցունակությունը։ Իսկ որեւէ մեկդ լսե՞լ է, ասենք, «Բարբադոսյան աշխարհ» արտահայտությունը։ Կամ՝ քանի՞ հոգի կարող են քարտեզի վրա ցույց տալ Բարբադոսի տեղը։ Անկեղծ ասած, դա բարբադոսցիներին այնքան էլ հետաքրքիր չէ. նրանք ոչ հազարամյա պատմություն ունեն, ոչ էլ Շառլ Ազնավուր ու Մեսրոպ Մաշտոց, սակայն գտնվում են զարգացողից զարգացած երկրներին անցում կատարող երկրների շարքում՝ մեզանից երկու քայլ առաջ։