ՀՀ ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է. «Մի շարք լրատվամիջոցներ սեպտեմբերի 10-ին տեղեկատվություն են տարածել, թե Արարատի մարզում տեղակայված N զորամասում պայմանագրային հիմունքներով ծառայություն անցկացնող զինծառայողները «դժգոհություն են բարձրացրել, գցել են իրենց զենքերը եւ հրաժարվում են կատարել հրամանատարության հրամանները»: Այս կապակցությամբ ՊՆ Տ եւ ՀԿ վարչությունը պարզաբանում է. սեպտեմբերի 10-ին նշված զորամասից մարտական հերթապահության հերթափոխի մեկնող զինծառայողները ցանկացել են իրենց հետ մարտական հենակետ տանել սնունդ պատրաստելու համար նախատեսված շարժական գազօջախներ, ինչը արգելված է մարտական հերթապահության կրման եւ հենակետում հակահրդեհային անվտանգության պահպանման կանոններով: Գումարտակի հրամանատարը, ելնելով անվտանգության նկատառումներից, արգելել է պայմանագրային զինծառայողներին մարտական հենակետ տանել գազօջախները, ինչը առաջացրել է վերջիններիս դժգոհությունը եւ տարաձայնության պատճառ է հանդիսացել զորամասի հրամանատարության եւ պայմանագրային զինծառայողների միջեւ: Միջադեպի կապակցությամբ զորամաս են այցելել բանակային զորամիավորման հրամանատարության ներկայացուցիչները: Զորամասի անձնակազմի հետ զրույցից հետո միջադեպը հարթվել է: N զորամասի պայմանագրային զինծառայողները շարունակում են իրականացնել մարտական հերթապահությունը»: