Դժբախտությունների պաճառը ֆոբիա՞ն է

11/09/2010

«Այսօր հայ երիտասարդները հայրենասիրական ցանկություններից ելնելով չէ, որ գնում են բանակ: Դա պարտադրանք է կարծես դարձել: Կա տպավորություն, որ այնտեղ պետք է պարտադիր հիվանդանաս, վախ կա ծառայության հանդեպ»,- երեկվա ասուլիսում` անդրադառնալով բանակում տեղի ունեցող ողբերգական դեպքերին, ասել է «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գլխավոր մասնագետ Ռուբեն Պողոսյանը: Նրա դիտարկմամբ` բանակում պետք է ստեղծել բարոյահոգեբանական մթնոլորտ, որպեսզի մարդ իրեն պաշտպանված զգա, ինչն այսօր տեսանելի չէ. «Բանակաշինության մեջ ամենակարեւորն այն է, թե ինչ մթնոլորտ ենք այնտեղ ստեղծում, որպեսզի սեւեռուն եւ չպատճառաբանված վախերը գլուխ չբարձրացնեն եւ հոգեկան հիվանդության բուն չդառնան: Այսօր բանակից գալիս են հիվանդ զորացրված անձինք, այո, վախերով տոգորված: Ինչո՞ւ չէ, դա կարող է պատճառաբանված լինել, ծեծի եւ ջարդի ենթարկվածներ կան: Եկեք խոսենք դրա մասին շատ ուղղակի, որովհետեւ այսօր ենք մենք մեր բանակը շինում: Մեր զինակոչիկները հեշտությամբ, հոգեպես պատրաստ եւ որպես հայրենասեր քաղաքացի չեն գնում բանակ»,- նկատել է մասնագետը: Անդրադառնալով վերջին շրջանում բանակում գրանցված սպանություններին եւ ինքնասպանություններին, մասնագետն ասել է. «Մի՞թե իշխանությունը չի հասկանում, որ այստեղ եւ հոգեբանական, եւ հոգեբուժական աշխատանքներ պետք է տանել, ուղիղ հենց բանակի ներսում: Իրոք, ուսումնասիրել եւ պարզե՞լ են` ինչո՞ւ է դա տեղի ունենում: Երբ ինքնաթիռ է ընկնում, հոգեբաններ են ներգրավում, իսկ բանակում տեղի ունեցած դժբախտությունների ժամանակ` ոչ: Այնինչ, սա շատ ավելի բարդ եւ կարեւոր կառույց է, եւ ես կուզենայի, որ իշխանությունները գնահատեն եւ արժեւորեն այն գիտությունը, այն սոցիալական արժեքները, որոնք արդեն մշակույթ են Եվրոպայում»: Ռ. Պողոսյանի հավաստմամբ` վերջին շրջանում Հայաստանում ավելացել է ֆոբիաներով տառապողների եւ հոգեբաններին դիմողների թիվը: Ըստ նրա` մարդկանց մոտ առաջացող ֆոբիաներն անտանելի են դառնում, եթե դրանց զարգացման համար պարարտ հող է լինում: «Ֆոբիաները մարդկանց միջից պետք է հանվեն հոգեբանների օգնությամբ, քանի որ դրանք սեւեռուն նեւրոզներ են կոչվում»,- ասել է նա` միաժամանակ տեղեկացնելով, որ վախն ու ֆոբիան միմյանցից տարբերվում են: «Ֆոբիաների ժամանակ չպատճառաբանված վախեր են առաջանում, որոնք մարդուն խանգարում են ապրել: Նման մարդիկ հաճախ մտածում են, որ իրենց մեկը հետապնդում է կամ, օրինակ, ինքնաթիռը անպայման կընկնի»,- ասել է նա:

Իսկ սոցիալական աշխատանքի մասնագետ Աննա Ոսկանյանի խոսքով՝ Հայաստանի բնակչության մոտ ակնհայտորեն դրսեւորվում է 2 հիմնական ֆոբիա, որոնք անհանգստացնող են. առաջինը վաղվա օրվա վախն է, որը խիստ արտահայտված է, իսկ երկրորդը` ակտիվության վախն է: Ըստ մասնագետի` մեր երկրում մարդիկ խուսափում են ընդհանրապես որեւէ կերպ իրենց դրսեւորել: Մասնագետների ասելով` խիստ տարածված են նաեւ քննական շրջանի եւ հետապնդման ֆոբիաները: «Երբ պայքարի մասին է խոսք գնում կամ իրավունքների պաշտպանության, ամեն անգամ առաջանում է վախ՝ հանկարծ մի բան չլինի: Այդ վախն ունի հիմքեր, դա կապված է այն բոլոր անարդարությունների հետ, որոնք մեր երկրում առկա են: Մենք տեսնում ենք տարբեր իրավիճակներ` սկսած տարեց մարդուց, որը կանգնած է թոշակներ տվող կազմակերպությունների շեմին եւ վախեցած նայում է թղթաբանությամբ զբաղվողներին, վերջացրած նրանով, որ ծնողը տուն է ընդունում երեխային, որի ականջը դպրոցում ուսուցիչը ոլորելիս ճղել է: Ծնողը ջղայնանում է երեխայի վրա, ծեծում է երեխային, որովհետեւ վախենում է, թե ուսուցիչը կշարունակի երեխային վնաս տալ: Մենք այսօր վախենում ենք ամենակարեւորից` վախենում ենք ունենալ արժանապատվություն եւ վախենում ենք հաստատել մեր իրավունքը»,- ասել է Աննա Ոսկանյանը: «Հայ հասարակությունում անվստահության մթնոլորտ է ձեւավորվել` սկսած ղեկավար մարմնից մինչեւ տան հավաքարարի նկատմամբ: Հայերն ունեն վախ ակտիվության եւ ինքնուրույնության հանդեպ: Մարդիկ, ովքեր երկար են Հայաստանում ապրում, կարծիք չեն հայտնում»,- հավելել է նա: Աննա Ոսկանյանի խոսքով` երբ մարդը երկար տարիներ փորձում է ինչ-որ հարց լուծել եւ չի կարողանում, համոզվում է, որ հնարավոր չէ ընդհանրապես հարց լուծել: Դա կոչվում է ձեռքբերովի անօգնականություն, որը, եթե դառնում է հասարակական միտում, հասարակության համար կործանարար է լինում:

Ըստ մասնագետի, հայերն իրենց ֆոբիաները ջրում, ծաղկեցնում են, բայց չեն փորձում դրանցից ազատվել: Հոգեբանները նկատել են, որ Հայաստանում կանայք ավելի հեշտությամբ են դիմում մասնագետի օգնությանը, քան տղամարդիկ, քանի որ նրանք «ավելի փակ են»: