Ֆլորիդացի քահանա Թերի Ջոնսը, ով մտադիր էր 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցին այրել Ղուրանի մի քանի հարյուր օրինակ, հրաժարվել է այդ մտադրությունից: Քահանան հայտարարել է, որ իրեն հաջողվել է համաձայնության գալ Նյու Յորքում ահաբեկչության վայրում մզկիթ կառուցել ցանկացող ներդրողների հետ, եւ նրանք համաձայնել են կառուցել այն Ground Zero-ից հեռու: Այսօր նա հանդիպելու է իմամ Ֆայսալ Աբդուլ Ռաուֆի հետ`այդ հարցն առավել մանրամասն քննարկելու համար: «Ամերիկացի ժողովուրդը չի ուզում, որպեսզի այնտեղ մզկիթ լինի, իսկ մուսուլմանները չեն ուզում, որ Ղուրանն այրվի»,- հայտարարել է քահանան: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը նույնպես քննադատել էր ահաբեկչության տարելիցին Ղուրանի օրինակներն այրելու քահանայի մտադրությունը: