Ինչպե՞ս լվանալ որբ երեխաների փողերը

11/09/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Երեխաների իրավունքների պաշտպանության 2010 թվականի տարեկան ծրագրում ամրագրված է, որ «Ծրագիրը համահունչ է ՀՀ Կառավարության 2008թ. հոկտեմբերի 30-ի N 1027-Ն որոշմամբ հաստատված «Կայուն զարգացման ծրագրի» (Աղքատության հաղթահարման ռազմավարական տխրահռչակ ծրագիրն է.- Լ.Ս.) դրույթներին, համապատասխանում է երեխայի իրավունքների պաշտպանության ստանձնած միջազգային պարտավորություններին եւ ուղղված է կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների սոցիալական պաշտպանության հիմնախնդիրների լուծմանը»: Նշվում է, որ ՀՀ-ում ներկայումս իրականացվում են երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի բարեփոխումներ, իսկ որպես ծրագրի նպատակ` ուշադրության արժանի են մասնավորապես հետեւյալ կետերը. «Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխայի սոցիալական պաշտպանության երաշխիքների ապահովումը: Երեխայի խնամքի եւ պաշտպանության հաստատություններում երեխաների թվի նվազեցումը, այդ հաստատություններ երեխաների հոսքի կանխարգելումը: Երեխաների խնամքի եւ պաշտպանության հաստատությունների բարելավումը, խնամվող երեխաների ինտեգրումը հասարակությանը», եւ այլն: Այն, որ ոլորտների պատասխանատու գերատեսչությունների փաստաթղթերում, որպես կանոն, շատ գեղեցիկ նախադասություններ են գրվում` մեր երկրում օրինաչափություն է, սակայն իրականությունն այն է, որ գործնականում նախարարությունների գործառույթների կատարման փաստաթղթերում կեղծիքը շատ է: Օրինակ` մեզանում ընդունված է սովորական երեւույթ համարել այն, որ որեւէ նախարարության կողմից տրամադրված տեղեկանքները (ամսաթվերի տարբերությամբ) կարող են ՀՀ բյուջեից տրամադրված այսինչ կամ այնինչ ոլորտի մասին ծախսված գումարի վերաբերյալ միանգամայն տարբեր թվեր ներկայացնել: ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պետական փաստաթղթերում, մասնավորապես՝ 2010թ. տարեկան ծրագրում, նշված է` «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ «Հայ օգնության միություն» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ 2009թ. աջակցություն է ցուցաբերվել 40 շահառուի (շրջանավարտների ուսումնասիրություն եւ անհատական ծրագրերի կազմում, սոցիալական պատրոնաժ, մասնագիտական կողմնորոշում, ուսուցում, վերապատրաստում, հիմնական կարիքները բավարարող եկամտի ապահովում` դրամական օգնություն, կրթաթոշակի հատկացում, միանվագ դրամական օգնություն, բժշկական օգնություն, բժշկական խորհրդատվություն, իրավաբանական աջակցության տրամադրում)»: Նշենք, որ 2006թ.-ից մեկնարկած «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագիրը թեեւ պետական մակարդակով դեռեւս անցյալ տարի համարվեց տապալված, այդուհանդերձ, ՀՀ Սոցապ նախարարությունը շարունակում է իրականացնել այն: ՀՀ Վերահսկիչ պալատը մեկ անգամ արդեն այս կապակցությամբ հանդես է եկել զեկույցով, սակայն այս ծրագիրը մինչ օրս իրականացվում է նույն թերություններով եւ խախտումներով:
Նախ նշենք, որ «Հայ օգնության միություն» (ՀՕՄ) հ/կ-ին այս ծրագրի մեջ ներգրավվելու արդյունքում բավական խոշոր չափերի հասնող գումար պարզապես կորել է: Մեր ձեռքի տակ են «ՀՕՄ»-ից, ՀՀ Վերահսկիչ պալատից, ՀՀ Սոցապ նախարարությունից, ինչպես նաեւ՝ ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայության կողմից տրված տեղեկանքներ, որոնց մեջ ՀՀ պետբյուջեից ՀՕՄ-ին տրամադրված եւ ծախսված թվերի միջեւ մեծ հակասություններ, ավելի ճիշտ` կեղծիքներ կան: ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն, ուսումնասիրելով այս թվերը, եկել է այն եզրահանգման, որ պետության տրամադրած մանկատան շրջանավարտների գումարները շորթվում են ամենաուղիղ իմաստով: «ՀՕՄ» հ/կ ատենապետ Ալվարդ Պետրոսյանից այդ տեղեկանքների վերաբերյալ մեկնաբանություն ստանալուց հետո մենք մեր առաջիկա համարներից մեկում կներկայացնենք նրա ղեկավարած կազմակերպությանը այս ծրագրով տրամադրված գումարների անհետացման խնդիրը: Իսկ այժմ անդրադառնանք այն «տրյուկներին», որոնք կիրառելու արդյունքում կարելի է տարբեր խողովակներով գումարներ գրպանել:

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տրամադրած` «ՀՀ 2009թ. պետական բյուջեով տրամադրված «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրով նախատեսված միջոցների շրջանակներում մատուցվող ծառայությունների տեսակների, նախատեսված միջոցների եւ փաստացի ծախսերի մասին տեղեկանքն իսկական ուսումնասիրության թեմա է: Ծրագրի շրջանակներում իրականացվող բաղադրիչները եւ դրանց շրջանակներում իրականացվող միջոցառումները կամ մատուցվող ծառայությունները բաժինն ուսումնասիրելու համար որեւէ պաշտոնյա կամ շարքային քաղաքացի առնվազն փիլիսոփա պետք է լինի, կամ պետք է լավագույն դեպքում գուշակի, թե ծրագրի հեղինակն ի՞նչ է նկատի ունեցել մատնանշված տողն ամրագրելիս: Մինչդեռ այս փոքրիկ մանեւր-հանգույցները իդեալական մեխանիզմ են բյուջեի փողերը «լվանալու» համար: Այսպիսով 2009թ. այս ծրագրով 100%-ով իրականացված են համարվել այնպիսի ծառայություններ եւ միջոցառումներ, որոնց ոչ միայն ձեւակերպումներն են վիճահարույց, այլեւ շատ դժվար է ստուգել` հասկանալու համար` առհասարակ դրանք կատարվե՞լ են, թե՞ ոչ: Օրինակ` բյուջեի փաստացի կատարողականում նշված է, որ շրջանավարտների ուսումնասիրություն է արվել, որի համար բյուջեից տրամադրվել է 452.4 հազար դրամ գումար, եւ որը կատարվել է 100%-ով: Իսկ ինչպե՞ս են ուսումնասիրվում շրջանավարտները: Նշված է «Անհատական ծրագրերի կազմում». հատկացվել է 2,9 մլն դրամ, որը նույնպես 100%-ով կատարվածների ցանկում է: Ի՞նչ անհատական ծրագրի մասին է խոսքը. հասկանալի ու տեսանելի չէ: Իսկ «Շահառուների սոցիալական պատրոնաժի» համար տրամադրվել է 6,2 մլն դրամ: Ամենաաբսուրդ այդ ձեւակերպումներից մեջբերենք եւս մի քանիսը. «Շահառուներին (2009թ. շրջանավարտներ) մանկատնից դուրս հետագա կյանքին նախապատրաստելու կեսճանապարհային ենթածրագիր»: Կարո՞ղ եք պատկերացնել, թե, ասենք, կյանքին նախապատրաստելու կեսճանապարհը ո՞րն է, եւ ի՞նչ է արվել պետության կողմից: Չգիտեք, չէ՞: Բայց ահա այդ կեսճանապարհի եւ ենթածրագրերի համար պետբյուջեից ծախսվել է 3,2 մլն դրամ գումար: «Մասնագիտական կողմնորոշում, ուսուցում, վերապատրաստում» տողի համար ծախսվել է 2,1 մլն դրամ, նույնքան էլ` առաջնային մասնագիտական ուսուցման համար: Արդյունքում՝ ծրագրի իրականացման ապահովման համակարգման աշխատանքների ծախսերը կազմել են 30,7 մլն դրամ:

Անդրադառնանք եւս մեկ փաստաթղթի, որով Սոցապ նախարարությունը հստակեցնում է, թե «Երեխաների շուրջօրյա խնամքի ծառայություններ» ծրագրով նախատեսված միջոցների համար որքա՞ն գումար է ծախսում: Այլ կերպ ասած` մանկատանն ապրող մեկ երեխայի համար տարեկան որքա՞ն գումար է ծախսում պետությունը: Այսպիսով, Հայաստանում գոյություն ունի թվով 8 մանկատուն: Համաձայն Սոցապ նախարարության տեղեկանքի` 2009թ.-ին նախատեսված է եղել մանկատանն ապրող 935 երեխաների խնամքն ապահովել, բայց փաստացի խնամված է 822 երեխա եւ փաստացի ծախսվել է 1մլն 932 հազ. 548 դրամ: Օրինակ` «Զատիկ» մանկատանը խնամվող մեկ երեխայի համար պետությունը տարեկան ծախսում է 1մլն 963 հազ. 390 դրամ: Բացի երեխայի համար նախատեսված ծախսերից՝ պետությունն ապահովում է նաեւ այլ ծախսեր` գույք, կենցաղային սարքեր եւ այլն: Գոյություն ունի նաեւ մանկատան երեխաների գրպանի գումար ստանալու իրավունք: ՀՀ կառավարության 2004թ. օգոստոսի 5-ի թիվ 1324-Ն որոշմամբ հաստատված հավելվածի «Չափորոշիչ 8»-ը սահմանում է, որ մանկատունը դպրոցում սովորող երեխային ապահովում է անձնական մանր ծախսեր կատարելու համար անհրաժեշտ գումարով, սովորեցնում է խելամիտ եւ արդյունավետ օգտագործել ունեցած գումարը: Հետեւաբար, արձանագրված է, որ 7-12 տարեկան երեխաներին տրվում է ամսական 2 հազար դրամ, իսկ 13-18 տարեկան երեխաներին` ամսական 3000 դրամ: Մանկատներում երեխաները գումարները ստանում են մանկատան տնօրենի կողմից հաստատված ցուցակներով` ստորագրելով գումարի ստացման ժամանակ: Ըստ Ա. Բախշյանի՝ արժեր, որ վերահսկող կառույցները ստուգեին այդ ցուցակները, հասկանալու համար, թե յուրաքանչյուր մանկատան համապատասխան տարիքի երեխաների թվաքանակի դիմաց ուռճացրած ինչպիսի՞ թվեր են ներկայացված: