Այս տարի լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանը կդառնար 50 տարեկան: Ու թեեւ Ռուբոն մեզ հետ չէ, սակայն մեզ հետ են նրա ֆոտոները` վավերագիր փաստի ուժ ու գեղարվեստական անթերի ֆորմա ունեցող աշխատանքները: Ռուբեն Մանգասարյանի 50-ամյա հոբելյանի կապակցությամբ սեպտեմբերի 16-ին, 19:00-ին «Արտ գալերի» ցուցասրահում տեղի կունենա «Black Life»` «Սեւ կյանք» ֆոտոցուցահանդեսի բացումը, որը կներկայացնի Ռուբոյի վերջին լուսանկարչական նախագիծը: Նկարահանումները իրականացվել են Բագրատաշենում` 7 տարվա ընթացքում, եւ տեւել են մինչ լուսանկարչի մահը: Այդ շարքի հերոսը գաղթական ընտանիք է, որը ոչ միայն նախագծի պերսոնաժ դարձավ, այլ կարծես մեկընդմիշտ դրոշմվեց Ռ.Մանգասարյանի սրտում: «Սեւ կյանք» նախագիծը տարբեր միջազգային հարթակներում է ներկայացվել: Լեհաստանի ֆոտոմրցույթում գրան-պրի մրցանակ է շահել, այնուհետեւ` որպես անհատական ցուցադրություն, ներկայացվել է Նիցցայում: «Սեւ կյանքը» առանձնահատուկ ուշադրության է արժանացել ֆրանսիական Պեղպինյան քաղաքում անցկացվող ֆոտոփառատոնում. Լուսանկարները սլայդ-շոուի եղանակով տեղադրվել են մարզադաշտի լուսատախտակի քաղաքի փողոցների վահանակների վրա: Հոբելյանական ցուցահանդեսի կազմակերպիչ Տ.Մանգասարյանը նկատում է. «Շեշտը դրել ենք պորտրետի վրա: Ռուբոյի բարձրացրած սոցիալական հարցադրումները, իհարկե, առկա են, բայց մեզ մոտ ցանկություն կար` այդ պրոյեկտն արվեստի տեսանկյունից դիտարկել»: «Սորոս» հիմնադրամի աջակցությամբ տպագրվել են 1,5 մետրանոց լուսանկարները, որոնք իրենց հսկայական չափերով կարծես առավելագույնս խոշորացնելու են եւ՛ դիտողների, եւ՛ հերոսների դիմանկարները: