«Այն, ինչ Մեդվեդեւն արեց Հարավային Կովկասում, նորարարություն չէ, սովորական աշխատանք է»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Մոսկվայի «Կարնեգի» կենտրոնի (Carnegie Centre) առաջատար մասնագետ, պրոֆեսոր Ալեքսեյ Մալաշենկոն` մանրամասնելով. «Նա ժամանեց Հայաստան, եւ ամեն ինչ հրաշալի էր. ստորագրվեց ռազմական պայմանագիր, եւ նա բացատրեց, որ դա կապ չունի Ղարաբաղի հետ: Հետո այցելեց Ադրբեջան եւ այնտեղ բացատրեց, որ Ռուսաստանը Հայաստանի հետ հատուկ հարաբերություններ ունի, սակայն այդ հարաբերություններն ուղղված չեն Ադրբեջանի դեմ: Իսկ ղարաբաղյան հակամարտությունը Ռուսաստանի համար հրաշալի հնարավորություն է` ցուցադրելու, որ ինքը կարող է միջնորդի դեր կատարել: Լավ է, թե վատ` դա այլ հարց է»: Ըստ նրա, այս զարգացումների արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ռուսաստանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից անհնար է դուրս մղել: «Եվ այն, ինչ արեց Մեդվեդեւը, եւս մեկ անգամ ապացուցեց Ռուսաստանի որդեգրած կուրսը` ոչ մերոնց, ոչ ձերոնց: Եվ ես կարծում եմ` սա համապատասխանում է տարածաշրջանում Ռուսաստանի շահերին: Սակայն նշեմ նաեւ Ռուսաստանի հստակ դիրքորոշումը` պատերազմ չպետք է լինի: Կարծում եմ` այն չի էլ լինի: Այսօր խիստ վտանգավոր է պատերազմ սկսել»,- հայտարարել է ռուսական քաղաքականության մեջ բավական մեծ հեղինակություն վայելող փորձագետը: