Խաղիկներ

09/09/2010 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Իշխանական որոշ ուժեր արդեն իսկ պատրաստվում են 2012թ. ընտրություններին` փորձելով իրենց միավորել տարբեր մանր-մունր կուսակցությունների:

Այլ հարց է, թե ընտրությունների ժամանակ ինչ օգուտ կարող են տալ այս կամ այն իշխանական ուժին այն լուսանցքային կուսակցությունները, որոնք ոչ միայն լուրջ դերակատարում չունեն Հայաստանի քաղաքական կյանքում, այլեւ հեղինակազրկված են:

Խոսքը Հայաստանի առաջադիմական եւ Հայաստանի երիտասարդական կուսակցությունների մասին է, որոնց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը փորձում է միավորել մեկ «կաթսայում»:

Հայաստանի առաջադիմական կուսակցության (ՀԱԿ) նախագահ Տիգրան Ուրիխանյանը երեկ մեզ հետ զրույցում հրաժարվեց որեւէ կերպ մեկնաբանել ԲՀԿ-ի հետ միաձուլվելու վերաբերյալ տեղեկությունները` ասելով. «Չէի ցանկանա մեկնաբանել այդ լուրը, միայն կարող եմ ասել, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում տեղի է ունենալու ՀԱԿ արտահերթ համագումար»: Այսինքն` կարելի է ենթադրել, որ հենց արտահերթ համագումարում է հայտարարվելու ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի միավորման մասին: Ինչ վերաբերում է Հայաստանի երիտասարդական կուսակցությանը, որի ղեկավարը քաղաքական տարբեր ճամբարներ փոխած Վահան Բաբայանն է, ապա, մեր տեղեկություններով, նրանք նույնպես պատրաստվում են արտահերթ համագումարի: Բանն այն է, որ ամռանը ՀԵԿ-ին ու ՀԱԿ-ին ԲՀԿ-ից հանձնարարված է եղել ուժեղացնել մարզային կառույցները, իսկ այն մարզերում, որտեղ ընդհանրապես կառույցներ չեն ունեցել` ստեղծել եւ արդյունքների մասին զեկուցել: Իսկ թե «Բարգավաճ Հայաստանն» ինչո՞ւ է ցանկանում հենց այս երկու, իրենցից ոչինչ չներկայացնող կուսակցություններին միավորել ԲՀԿ-ի հետ, հայտնի չէ: Մանավանդ, որ մեր աղբյուրների փոխանցմամբ, ԲՀԿ-ում այնքան էլ ոգեւորված չեն այդ կուսակցությունների միավորման հեռանկարով: Որոշ աղբյուրների պնդմամբ` դա ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «նախագիծն» է, որը նախ նա ցանկանում է հակադրել իշխանական ՄԻԱԿ «բիզնես-նախագծին», ապա իրեն «երիտասարդ թոշակառու» համարողներին ցույց տալ, որ ինքը ոչ միայն կտրված չէ քաղաքականությունից, այլեւ կարող է վերադասավորումներ կատարել: Այնպես որ` ԲՀԿ-ի նման ակտիվությունն ամենեւին էլ սեփական նախաձեռնության արդյունք չէ: Նույն աղբուրների հավաստմամբ` Ռոբերտ Քոչարյանը «հավաքագրման» գործընթաց է սկսել եւ փորձում է իր շուրջը հավաքել այն մարդկանց, ովքեր այս ընթացքում հասցրել են «նեղանալ» գործող իշխանություններից: Նույն կերպ էլ Սերժ Սարգսյանի թիմակիցները «հավաքագրում» են բոլոր նրանց, ովքեր Ռոբերտ Քոչարյանի հետ պրոբլեմներ ունեն: Ըստ նույն աղբյուրների` Ռ. Քոչարյանի անվան հետ է կապվում նաեւ «Նոր պահպանողականների» կուսակցության ստեղծումը, որի հիմնադիր համագումարը տեղի կունենա առաջիկա օրերին: Որոշ վերլուծաբանների դիտարկմամբ, Հայաստանի իշխանական ճամբարում սկսված այս գործընթացը պետք է դիտարկել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի այն հայտարարության շրջանակներում, որով նա տեղեկացրեց, որ ՌԴ առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրելու է իր թեկնածությունը: «Գնալու է տոտալ մոբիլիզացիա: Մի՛ մոռացեք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ ակտիվացրեց բոլոր նրանց, ովքեր կկանգնեին իր կողքին` անկախ նրանից, թե այդ ուժերն իրենցից ինչ էին ներկայացնում: Իսկ իշխանության ռեսուրսը շատ մեծ է, դրա համար էլ իր դեմ դուրս եկողները փորձում են, այսպես ասած` իրենցով անել բոլոր ցանկացողներին: Իսկ ակտիվությունը բավականին մեծ է լինելու, եւ այդ մասին գիտեն նաեւ իշխանությունները: Իշխանությունների միակ պրոբլեմը Ռոբերտ Քոչարյանն է եւ իրենցից դժգոհները, որոնք կարող են անցնել Քոչարյանի ճամբար»,- ասաց քաղաքական վերլուծաբաններից մեկը: