Աշխարհում քաղաքական գործընթացների զարգացման արագությունը անասելի մեծ չափերի է հասել: Ո՞ւր ենք գնում բոլորս եւ ինչի՞ կհասնենք. այս մասին է «168 Ժամի» թղթակցի հարցազրույցը Մոսկվայի Կարնեգի կենտրոնի (Carnegie Centre) առաջատար մասնագետ, պրոֆեսոր Ալեքսեյ Մալաշենկոյի հետ:
– Վերջին ժամանակներս ավելի ու ավելի հաճախ է խոսվում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններին նոր թափ հաղորդելու` նոր փուլ սկսելու մասին: Ինչի՞ կարող են հանգել խոշոր տերությունները:
– Նախ եւ առաջ պետք է հասկանալ, թե ի՞նչ է իրենից ներկայացնում Բարաք Օբաման, եւ ի՞նչ ասել է Բարաք Օբամա` Reset-ի համատեքստում (Reset – համակարգչային այս տերմինը 2 տարի առաջ Մյունհենի հանրահայտ միջազգային անվտանգության հարցերով համաժողովում օգտագործեց ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, որպեսզի հիմնավորի Ռուսաստանի հետ հարաբերությունները վերաիմաստավորելու եւ նորովի սկսելու, վերաբեռնելու անհրաժեշտությունը.- «168 Ժամ»): Իմ տեսանկյունից` նա ԱՄՆ-ի առաջին նախագահն է, որն ազատ է սովետա-ամերիկյան հարաբերությունների, սառը պատերազմի բարդույթից: Այդ իսկ պատճառով, այդ Reset-ը ոչ թե «ռեսեթ» է նախկին ԽՍՀՄ-ի հետ, այլ հենց Ռուսաստանի հետ:
Գործընթացի էությունը փոխըմբռնման հասնելու, փոխզիջումների գնալու փորձ է: Որ կողմ էլ նայենք` Եվրոպա, զինաթափման խնդիրներին, մահմեդական աշխարհին, Աֆղանստանի շուրջ եւ հենց Աֆղանստանում ստեղծված իրավիճակին, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ անընդհատ շփման եզրեր գտնելու գործընթաց է ընթանում: Reset-ը հենց շեշտադրում է ոչ թե հակասությունների վրա, այլ այն բանի, թե որտեղ կարելի է ինչ-որ համաձայնության գալ: Ես եւս մեկ անգամ կցանկանայի ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ այսօր այսպիսի գաղափար է ի հայտ գալիս. այն է` Reset-ը ավարտվել է: Սա չպետք է հասկանալ իբրեւ հարաբերությունների վատացման նշան, պարզապես այն խնդիրները, որոնք անմիջականորեն կանգնած էին այդ գործընթացից առաջ, այժմ կատարված են: Ի՞նչ է առաջարկվելու Reset-ի փոխարեն: Այժմ, տրամաբանական է, պետք է խոսել հարաբերությունների նորովի վերսկսման մասին: Այսինքն` գործընթացը առաջ կգնա՞, կխորանա՞, թե՞ ամեն ինչ կմնա եւ կանգ կառնի Reset-ի մակարդակին: Սա լուրջ հարց է: Դրա պատասխանը կախված է Ռուսաստանի ներքին իրավիճակից եւ այն բանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը ԱՄՆ-ում: Սակայն այն փուլը, որն ընդունված է անվանել Reset, իրոք կայացել է: Կան որոշակի ձեռքբերումներ, բայց թե ի՞նչ կլինի դրանից հետո, շատ հետաքրքիր է:
– Ըստ Ձեզ` հարաբերությունների վերսկսման, վերաիմաստավորման համար ինչպիսի՞ հարցերում կարող են ԱՄՆ-ը եւ ՌԴ-ն շփման եզրեր գտնել:
– Կարծում եմ` առաջին հերթին դրանք կլինեն Աֆղանստանը եւ մահմեդական աշխարհի խնդիրն ընդհանրապես: Կշարունակվի զինաթափման գործընթացը (թեեւ սա մի քիչ հնաոճ տերմին է): Ինչ վերաբերում է հետխորհրդային տարածքին, ապա դա բոլորովին առանձին թեմա է: Այս դեպքում նույնպես Reset-ը կարող է շարունակվել, սակայն այդ տարածքում շատ բան կախված է այլ գործոններից, այլ գործիչների պահվածքից:
– Կարելի՞ է ասել, որ հարաբերությունների վերսկսման, վերաիմաստավորման այդ ծրագրում Վաշինգտոնը Մոսկվային հանձնեց Ուկրաինան, եւ Վաշինգտոնը նահանջեց Հարավային Կովկասից: Այսինքն` ԱՄՆ-ը Ռուսաստանին վերադարձրեց նրա աշխարհաքաղաքական շահերի ավանդական հետաքրքրությունների գոտիները:
– Ես կտրականապես դեմ եմ ռազմական այդ տերմիններին` գրոհ, նահանջ: Խաղ է գնում` բարդ եւ մեզ համար ոչ միշտ հասկանալի արդյունքով: Վերջնական որեւէ արդյունք լինել չի կարող. սա գործընթաց է: Ես չէի ասի, թե Ուկրաինան հանձնել են: Քանի որ Ուկրաինան խոշոր տերություն է` հսկայական բնակչությամբ եւ իր ազգային շահերով: Չնայած այն բանին, որ Ուկրաինայի ներկայիս իշխանությունը ռուսամետ է թվում, Ուկրաինան սեփական ազգային շահեր ունի: Իսկ դրանք ես ռուսամետ չէի անվանի: Ուկրաինան գտնվում է Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ, եւ ուկրաինական էլիտան հրաշալի հասկանում է, որ չնայած Ռուսաստանի հանդեպ սիրուն, չնայած այն բանին, որ այդ էլիտայի կեսը ազգությամբ ռուս է, այնուամենայնիվ ավելի ուրախ, կուշտ ու հարուստ կարելի է լինել Եվրոպային մտերիմ լինելով: Սա շատ բարդ գործընթաց է: Ինչպես ժողովուրդն է ասում` «որպեսզի եւ ձուկ ուտես, եւ փուշը կոկորդիդ չկանգնի»: Այդ պատճառով ես այդքան կատեգորիկ չէի ասի, թե Ուկրաինան հանձնել են: Որքան էլ հակասական հնչի, այժմ ընտրությունը պետք է հենց Ուկրաինան կատարի: Իսկ նա Եվրոպա-Ամերիկա-Ռուսաստան եռանկյան մեջ ընտրության հնարավորություն ունի:
Հարավային Կովկասում ահավոր բարդ իրավիճակ է: Այնպիսի տպավորություն է, թե այն առայժմ կոնսերվացված է: Բայց ո՞ւմ օգտին: Մի կողմից` հօգուտ Ռուսաստանի: Սահակաշվիլին ոչ հեռու անցյալի մարդ է: Նա ակտիվ է, հիմար չէ, բայց նրա վարքը Reset-ի վարք չէ, նրա վարքը չի տեղավորվում Reset-ի այդ գործընթացի սահմաններում: Նա մի քայլ հետ է մնում: Իր մոտ, Վրաստանում նրա արածի մեջ ինչ-որ հետաքրքիր բաներ կան: Բայց արտաքին քաղաքականության հարցերում (հնարավոր է` որ ինչ-որ մեկին դա ձեռնտու է), բացառված չէ, որ նա պետք է այլ մոտեցումներ փնտրի: Սակայն Սահակաշվիլին չի կարող դա անել, ու դա նրա եւ՛ մեղքն է, եւ՛ դժբախտությունը: Սա հասկանում է հենց ինքը` Սահակաշվիլին: Իսկ դժբախտությունն այն է, որ նա, այսպես ասած, «համը շատ էր հանել», այնքան, որ հասցրեց պատերազմի: Հետխորհրդային տարածքում անհանդուրժողականությունը մեծ դեր ունի:
Ռուսամետության կողքին կա նաեւ հակառուսական միտում, որն ավելի ու ավելի է արտահայտվում: Օրինակ` Աբխազիան: Ահա թե որտեղ է վերջին ժամանակներս ավելի ու ավելի հաճախ ի հայտ գալիս կիսաանկախ լինելու, անկախ լինելու մասին միտքը: Աբխազիայում իրենք իրենց համար հստակ որոշել են, որ դա ռուսական տարածք չէ, որ Աբխազիան իր շահերն ունի: Եվ ես չգիտեմ, թե որքանով են այս գործընթացի լրջությունը գիտակցում Ռուսաստանում: Եթե մի վայրկյան պատկերացնենք, որ գտնվել է եվրոպական որեւէ «խելագար» երկիր` Շվեդիա, Ռումինիա կամ մեկ ուրիշը, եւ ճանաչել Աբխազիայի անկախությունը, ապա Ռուսաստանն Աբխազիայի հետ շատ մեծ խնդիրներ կունենա: Բացի այդ, Կովկասում նոր խաղացողներ են ի հայտ եկել: Հայտնվել է Թուրքիան: Իսկ այստեղ հակամարտությունը կարող է լուրջ լինել: Չնայած ռուս-թուրքական արտաքինից հմայիչ արդի հարաբերություններին, Ռուսաստանի նկատմամբ Թուրքիայի բարեհաճ տրամադրություններին, Թուրքիան Ռուսաստանի համար լուրջ մրցակից կարող է դառնալ: Եվ թուրքական ազդեցության մեծացումը կարող է հանգեցնել հակասությունների, ընդ որում` բավականին լուրջ հակասությունների: Ոչ միայն Ղարաբաղի, բնական գազի խնդիրների շուրջ, այլ ընդհանրապես: Այսօր Թուրքիան այն պետությունն է, որը, եթե չհաշվենք ատոմային զենքը, միանգամայն համադրելի է Ռուսաստանի հետ: Եվ պետք է հաշտվել այս փաստի հետ: Ուստի, չարժե խոսել ԱՄՆ-ի կողմից Հարավային Կովկասը զիջելու մասին: Պարզապես Օբաման այլ հիմնախնդիրներով է զբաղված: Հիմա նրա համար ամենակարեւորը, չհաշված ներքին խնդիրները, մահմեդական աշխարհն է, Աֆղանստանը, Պակիստանը: Ի թիվս այդ խնդիրների` կան գերակայություններ, հիերարխիայի նման մի բան: Ես կարծում եմ, որ Վրաստանը, հնարավոր է նաեւ` ողջ Հարավային Կովկասը, այդ գերակայությունների մեջ զիջում են եւ Իրանին, եւ Պակիստանին, եւ Աֆղանստանին:
– Նախագահ Մեդվեդեւի այցերը Հայաստան եւ Ադրբեջան… Արդյոք նա կարողացա՞վ որոշ ժամանակով հավասարակշռել Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
– Չեմ կարծում: Այն, ինչ Մեդվեդեւն արեց Հարավային Կովկասում, նորարարություն չէ, սովորական աշխատանք է: Նա ժամանեց Հայաստան, եւ ամեն ինչ հրաշալի էր. ստորագրվեց ռազմական պայմանագիր, եւ նա բացատրեց, որ դա կապ չունի Ղարաբաղի հետ: Հետո այցելեց Ադրբեջան եւ այնտեղ բացատրեց, որ Ռուսաստանը Հայաստանի հետ հատուկ հարաբերություններ ունի, սակայն այդ հարաբերություններն ուղղված չեն Ադրբեջանի դեմ: Իսկ ղարաբաղյան հակամարտությունը Ռուսաստանի համար հրաշալի հնարավորություն է ցուցադրելու, որ ինքը կարող է միջնորդի դեր կատարել: Լավ է, թե վատ` դա այլ հարց է: Ռուսաստանը` իբրեւ ղարաբաղյան գործընթացի մասնակից, իրեն միանգամայն նորմալ է պահում: Նրան այդ գործընթացից անհնար է դուրս մղել, եւ այն, ինչ արեց Մեդվեդեւը, եւս մեկ անգամ ապացուցեց Ռուսաստանի որդեգրած կուրսը` ոչ մերոնց, ոչ ձերոնց: Եվ ես կարծում եմ` սա համապատասխանում է տարածաշրջանում Ռուսաստանի շահերին: Սակայն նշեմ նաեւ Ռուսաստանի հստակ դիրքորոշումը` պատերազմ չպետք է լինի: Կարծում եմ` այն չի էլ լինի: Այսօր խիստ վտանգավոր է պատերազմ սկսել:
– «Ոչ մերոնց, ոչ ձերոնց» կուրսը հստակ գծված քաղաքական գիտակցված կո՞ւրս է, թե՞…:
– Անշուշտ: Այն անխուսափելի է հետխորհրդային տարածքում: Ես բացառում եմ այնպիսի իրավիճակները, ինչպիսին եղան Վրաստանում: Սակայն այնտեղ սադրանքը մեծ մասամբ գալիս էր Վրաստանի կողմից, եւ այնտեղ առանձնահատուկ իրավիճակ է: «Առանձնահատուկ իրավիճակ» է նաեւ Մոլդովայում: Այստեղ ես կհարցնեի` «իսկ ովքե՞ր են այդ մերոնքն ու ձերոնքը»` Մերձդնե՞ստրն է, թե՞ Մոլդովան: Սա անջատողականության բավական բարդ խնդիր է: Իսկ մնացած հարցերում Ռուսաստանը շատ թե քիչ հաջողությամբ կիրառում է հենց այս տակտիկան: Նշեմ եւս մի բան. Վրաստանի դեպքերից հետո չասեմ թե սկսեցին վախենալ Ռուսաստանից, բայց նրան այլեւս չեն հրավիրում միջնորդական դեր կատարելու, օրինակ` Կենտրոնական Ասիան: Այդ տարածաշրջանում ավելի շուտ կդիմեն Չինաստանին, Եվրոպային, քան Ռուսաստանին: Ռուսաստանի համար Վրաստանի հետ պատերազմը միմիայն եւ բացառապես բացասական հետեւանքներ ունեցավ:
– Դուք ընդգծեցիք Թուրքիայի դիրքորոշումը, բայց Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում գնալով ավելի բարձրաձայն է իր մասին հայտարարում Իրանը:
– Իրանի մասին հետեւություններ անելը դեռ վաղ է: Առանձնապես ի՞նչ կարող է Կովկասին տալ Իրանը: Ասենք թե Հայաստանին ելք կտա դեպի իր նավահանգիստները: Չի կարելի դիտարկել Իրանի հարաբերություններն առանձին վերցրած որեւէ երկրի հետ, այլ պետք է դրանք համալիր դիտարկել: Որովհետեւ Իրանի հետ հարաբերությունները բարելավելով` ցանկացածը կարող է տանուլ տալ մյուս ուղղություններով: Այժմյան իրավիճակը կարող է միանգամից փոխվել: Ես չեմ կարծում, որ Իրանի ազդեցությունը Հարավային Կովկասում, նրա մասնակցությունը տարածաշրջանում համեմատելի կլինի Թուրքիայի դերի հետ: Եվ հետո, Իրանից պարզապես վախենում են: Վախենում են նրա հեղափոխականությունից, նրա եւ ԱՄՆ-ի հարաբերություններից: Ադրբեջանն ընդհանրապես վախենում է Իրանից: Վրաստանը Ամերիկայի Միացյալ Նահանգների արբանյակն է, եւ Իրանի ուղղությամբ Թբիլիսիի որեւէ լուրջ քայլի հնարավորության մասին խոսելը ծիծաղելի է: Առավելագույնը` գուցե վրացիներն ուզենան խաղեր տալ: Ինչ վերաբերում է Հայաստանին… ապա նա Իրանից ինչ-որ բան կստանա: Սակայն կարող է նաեւ տանուլ տալ: