Վճռաբեկ դատարանում կոռուպցիայի մեծ ցանց է գործում

09/09/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հայաստանում բոլորը` իշխանություններից սկսած, մինչեւ շարքային քաղաքացի` քաջատեղյակ են դատական համակարգում տիրող կոռուպցիոն երեւույթների մասին:

Դատավորների գործունեության, անարդար վճիռների մասին բարձրաձայնվում են ինչպես պետական ամբիոններից ու հասարակական կազմակերպությունների զեկույցներից, այնպես էլ դատական ատյանների հետ գործ ունեցած քաղաքացիների շուրթերից: Բաց տեքստով հայտարարվում է, որ ՀՀ դատական համակարգն ամենակոռումպացվածն է: Դատարաններում կոռուպցիայի հսկայական մի ցանց է գործում, որի թակարդը, երբեմն նաեւ անգիտակցաբար, ընկնում են նաեւ փաստաբանները: Փաստաբանը, բնականաբար, պետք է դատարանում պաշտպանի իր վստահորդի շահերը, բայց քանի որ դատավորները օրենքները կարող են կիրառել երկակի կամ կարող են ընդհանրապես շրջանցել օրենքը, ուրեմն` փաստաբանը վստահորդին չկորցնելու պատրվակով ընդունում է դատարանի խաղի կանոնները. բողոքը բավարարելու համար վստահորդի եւ դատարանի միջեւ հաճախ սակարկողի դեր է ստանձնում, ինչն իր հերթին ինքնին հանցագործություն է: ՀՀ Արդարադատության նախարարության Վճռաբեկ դատարանում երբեւէ բողոք բերած ցանկացած փաստաբան կասի, որ դատական վերին այդ ատյանը փակ կառույց է, որտեղ քաղաքացու իրավունքները վիճարկելու համար որեւէ դերակատարում չունեն փաստաբանի գիտելիքները, գրված բողոքի հիմնավորումները, փաստերըգ

Նախ նշենք, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի «ցանցում» գործող փաստաբանները երբեւէ դատարանի ներքին խոհանոցի մասին տեղեկատվություն չեն լուսաբանում: Չնայած դրան, շատ փաստաբաններ, մասնավորապես՝ Տիգրան Հայրապետյանը, համարում է, որ «Վճռաբեկ դատարանն այսօր անհասանելի, անհասկանալի եւ անտանելի փակ, կոռումպացված դատարան է, որը, եթե ցանկանում է` բողոքն ընդունում է վարույթ, եթե չի ցանկանում, ուրեմն` չի ընդունում: Կամայական սկզբունքով են բողոքներին վերաբերվում, այնտեղ արդար դատաքննության տարր անգամ գոյություն չունի: Հասարակությունը պետք է իմանա, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը հենց էնպես բողոք չի բավարարում»: Վերջինս, ի դեպ, այս հրապարակման միջոցով ցանկանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին տեղեկացնել, որ իրեն ներկայացված «ճռճռան» զեկույցները մի բան են, իսկ ՀՀ Վճռաբեկ դատարանում տիրող կոռուպցիայի խոհանոցը՝ բոլորովին ուրիշ բան: «Ես վստահ եմ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրականում դատական համակարգը «մաքրելու» մեծ ցանկություն ունի, սակայն այն կառույցները, որոնք նախագահին պարտավոր են զեկուցել համակարգի մասին` նրան լրիվ ուրիշ պատկեր են ներկայացնում: Հիշո՞ւմ եք, երբ նա ընտրվեց երկրի նախագահ` մի քանի ամիս հետո ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանին պարգեւատրեց շքանշանով: 20 օր հետո, սակայն, դատարանի նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանը նրան զրկեց, քանի որ, հավանաբար, Հովհ. Մանուկյանի մասին որոշակի ինֆորմացիա նրան փոխանցեցին: Դա խոսում է ՀՀ նախագահի սկզբունքային դիրքորոշման մասին: Ես վստահ եմ, որ նա իսկապես ցանկություն ունի իրական բարեփոխումներ կատարելու դատական համակարգում»,- ասում է Տ. Հայրապետյանը` մատնանշելով ՀՀ Վճռաբեկ դատարանում արտասահմանյան մի կազմակերպության կատարած այն մոնիտորինգը, որով ՀՀ դատական համակարգը տարածաշրջանում համարվել է լավագույնը եւ ամենաքիչ կոռումպացվածը: Ի դեպ, այդ մոնիտորինգի արդյունքում ստեղծված զեկույցը ներկայումս «թմբկահարվում» է թե՛ ՀՀ իշխանությունների, թե՛ դատական համակարգի կողմից, որով միջազգային հանրությանը ստիպում են հավատալ այդ արդյունքներին: Քանի որ Հայաստանն այժմ եվրոպական կառույցների ուշադրության կենտրոնում է` Վճռաբեկ դատարանի կազմը փորձում է ինչ-որ տեղ դիվանագետ լինել, այլ կերպ ասած` կոռուպցիան իրականացնել, բայց այնպես, որ երկրի հեղինակությունը դրանից շատ չտուժի: Այսինքն` փորձում են աղմկոտ գործերին քիչ թե շատ անաչառ վճիռ արձակելով՝ լրատվամիջոցների օգնությամբ «դրական իմիջ» ձեռք բերել եւ նույն գործունեությունն ավելի ցիվիլ ձեւով իրականացնել: «Հիմա մաֆիան շատ է զարգացել: Արտասահմանյան կազմակերպությունը չի էլ հասկանում, որ իրեն էստեղ «ֆռռցնում» եւ օգտագործում են: Կազմակերպությունը եկել, ծավալուն մոնիտորինգ է արել ՀՀ Վճռաբեկ դատարանի վարույթ ընդունված 2-3% բողոքների հիման վրա եւ համաձայն արդյունքների` 50%-ով բողոքների դատաքննությունը ճիշտ է կատարվել: Մինչդեռ զավեշտն էն է, որ այդ կազմակերպությունը ուշադրության չի արժանացրել այն ակնհայտ անարդար, անօրինական 97% բողոքները, որոնք դատարանը չի ընդունել: Դատարան մտնում են այն բողոքները, որոնք պիտի բավարարվեն: Հասկանո՞ւմ եք, թե ինչ աբսուրդ է, ամենակարեւորն էլ դա է, թե ի՞նչ հիմնավորմամբ են այդ 97% բողոքները Վճռաբեկ դատարանի կողմից մերժվել»,- տարակուսած ասում է փաստաբանը` վստահեցնելով, որ 2-3% բողոքներն ուսումնասիրել եւ արդյունքներն ամրագրել իբրեւ դատարանի գործունեության գնահատական` առնվազն կեղծիք է: Ի դեպ, այդ զեկույցը հավանաբար այժմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ փորձում են լավ PR անել: Հետեւաբար պետք է նկատի ունենալ, որ 97% բողոքների մերժման հարցում լուրջ դերակատարում ունեն Վճռաբեկ դատարանի դատավորների անձնական ցանկություններն ու կոնկրետ շահագրգռվածությունը: Տ. Հայրապետյանի հավաստմամբ` Վճռաբեկ դատարանին վերաբերող օրենքի դրույթները հենց այդ նպատակով էլ ընդունվել են: Օրենսդրությունը հիմա այնպիսին է, որ Վճռաբեկ դատարանը ունի աննկարագրելի լիազորություններ եւ ոչ մի պարտականություն: Իրականում, դատական համակարգի կոռումպացվածության եւ անարդարության նկատմամբ մարդկանց բողոքներն ու դժգոհությունները արդեն չափ ու սահման չունեն: Իսկ դատական համակարգի ներկայացուցիչների «ախորժակները» գնալով ավելի մեծ չափերի են հասել: Ի վերջո, այս բողոքի ու դժգոհության ալիքը վնասում է երկրի ղեկավարի հեղինակությանը եւ ոչ թե առանձին դատավորների:

«Ականջներիդ օ՛ղ արեք, ոչ մի բողոք հենց էնպես չի բեկանվելու»

ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ Վճռաբեկ դատարանը համարվում է արդարադատություն իրականացնող գլխավոր, վերին ատյանի դատարան, որի նախագահը նաեւ Արդարադատության խորհրդի նախագահն է: ՀՀ Վճռաբեկ դատարանը պետք է ապահովի օրենքների միատեսակ կիրառումը, ինչպես նաեւ` նպաստի ՀՀ-ում իրավունքի զարգացմանը, մինչդեռ մեր երկրում արդարադատություն իրականացնող ամենավերին ատյանը համարվում է ամենապրոբլեմատիկը: 2005-2006թթ. ՀՀ Վճռաբեկ դատարան դիմելու իրավունք ունենալու համար փաստաբանը պետք է հատուկ արտոնագիր ունենար: Տարին մեկ անգամ անցկացվող քննության արդյունքում 1 կամ 2 փաստաբաններ հատուկ արտոնագրեր էին ստանում, որով միայն իրենք ՀՀ Վճռաբեկ դատարանում իրավունք ունեին բողոք բերել: «7 տարի առաջ հատուկ արտոնագիր ունեցող 3 փաստաբաններ կային, հետո դարձան 2-ը, այնուհետեւ մնաց մեկ փաստաբան, որը միանձնյա իրավունք ուներ Վճռաբեկ դատարանում բողոք ներկայացնել: 3-4 ամիս միայն այդ փաստաբանը կարող էր բողոք ներկայացնել: Եթե մյուս` արտոնագիր չունեցող փաստաբանն ուզում էր բողոք ներկայացնել` պարտավոր էր միակ արտոնագիր ունեցող փաստաբանի ստորագրությունը բողոքի վրա դնելու համար դիմել իրեն: Բողոք ներկայացնելու իրավունք ունեցող միակ այդ փաստաբանը դա անում էր կլորիկ գումար պահանջելով: Այսինքն` եթե նրա ստորագրությունը բողոքի տակ չլիներ`գործը դատարան չէր մտնի, իսկ նրա ստորագրությունը կոնկրետ գին ուներ»,- ասում է Տ. Հայրապետյանը` հավելելով, որ, բացի ստորագրությունից,- նրա կողմից բողոք գրվելը բավական թանկ արժեր: Վստահորդին խնայելով՝ փաստաբանները, ստիպված, իրենք էին բողոքը կազմում, իսկ ստորագրության համար վճարում էին. «Այդպես հսկողության տակ էր դրվում դատական ամբողջ համակարգը»: Ինչեւէ, հետագայում ՀՀ Ազգային ժողովն օրենք ընդունեց, ըստ որի` ՀՀ Վճռաբեկ դատարան բողոք կարող են ներկայացնել մոտ 50 փաստաբաններ, այն դեպքում, երբ հանրապետությունում գործող մոտ 500 փաստաբան կար: Անհասկանալի սկզբունքով ընտրված 50 փաստաբանների մեջ, սակայն, բացակայում էին հեղինակություն ունեցող, միջազգային ատյաններում փորձ ձեռք բերած փաստաբանները, որոնք վճռաբեկ բողոք գրելու որակյալ մասնագետներ էին: Ինչեւէ, 50 փաստաբաններին ընտրելուց հետո ՀՀ Վճռաբեկ դատարանը նրանց հրավիրել, շնորհավորել է, այնուհետեւ թելադրել է, թե ինչպես է պետք գրել վճռաբեկ բողոքն այն դեպքում, երբ նման օրենք գոյություն չուներ: Ընդ որում, դատարանը պահանջել է նախապես իրենց ներկայացնել գործերն, այնուհետեւ բողոք գրել` տեղյակ լինելու համար, թե ո՞ր բողոքը կարող է ընդունվել, իսկ որը` ոչ: Բնականաբար, 50 փաստաբանի առկայության պայմաններում բողոքները դատարան ներկայացնելու «շուկայական» գների կտրուկ անկում է գրանցվել ՀՀ Վճռաբեկ դատարանում, սակայն բողոքները դատարանի կողմից բավարարելու բարդությունները եւ կոռուպցիայի մակարդակը չի նվազել, թեեւ ցանցում ավելի շատ մարդիկ են ներգրավվել: «Հետո այնպես ստացվեց, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահն անօրինականության ճանապարհով փաստաբանների հատուկ արտոնագրերի գործելու ժամկետները երկարացրեց: Այսինքն` օրենքը պարտադրում է դրանք տալ մեկ տարով, իսկ դատարանի նախագահը հրաման է արձակում արտոնագրերը երկարացնելու մասին: Դա ակնհայտ անօրինականություն էր, որովհետեւ իրավունք չուներ գործողությունների ժամկետը մեկ տարով երկարացնել, ինչը նշանակում էր, որ օտար մարդ չպետք է մտնի դատարան, եւ Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելը խիստ սահմանափակ էր: Այսինքն` մեծ թվով փաստաբաններ ներգրավելն ինչ-որ տեղ բարդացնում էր այդ համակարգը մի քանի հոգու ձեռքում պահելու փորձերը, բացի այդ, ամեն մի բողոքով անհրաժեշտ էր գրել պատճառաբանված որոշում, ինչի ժամանակը, բնականաբար, Վճռաբեկ դատարանի դատավորները չունեին: Այստեղ ավելի քան արդիական է հայտնի ասացվածքը, որ ժամանակը ոսկի է, իսկ դրա գինը երբեք չի ընկնում»,- ասում է Տ. Հայրապետյանը: Ի դեպ, ՀՀ Վճռաբեկ դատարանում գործում էր նաեւ «գարանտիայի» սկզբունքը: Հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանը բողոք բերողին հարցնում էր` «գարանտիայո՞վ ես ուզում, թե՞ առանց»: Այսինքն` փաստաբանը կարող էր երաշխավորել բողոքի բավարարումը կամ մերժումը, ինչի դեպքում, բնականաբար, մեծ թվերի շրջանառություն էր կատարվում: Դատավորների կողմից փաստաբաններին հասկացվում էր` «Ականջներիդ օղ արեք, ոչ մի բողոք հենց այնպես չի բեկանվելու»:

Վճռաբեկ դատարանի դատավորներն ուզում են յուրացնե՞լ դատական իշխանությունը

Եվրոպական կառույցների միջամտությունից հետո 2009թ. դատական համակարգում բարեփոխումներ կատարվեցին, որի արդյունքում բոլոր փաստաբաններն այժմ իրավունք ունեն վճռաբեկ բողոք ներկայացնել: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում փաստաբանների ջանքերով բազմաթիվ նորմեր հակասահմանադրական ճանաչվեցին: Զրուցակիցս` Տ. Հայրապետյանն, ասում է. «Գործնականում այսօր Վճռաբեկ դատարանը չի փոխվել եւ այդ դատարանի վրա ոչ ոք եւ ոչինչ չի ազդում: Այդ դատարանն անհասանելի դատարան է եւ անում է այն, ինչ ուզում է: Գործերը վարույթ ընդունում է կամայական սկզբունքով: Արդար դատաքննությունը բացառվում է: Ի դեպ, օրենքում հստակ նշված է, որ որպեսզի վճռաբեկ բողոքը ընդունվի վարույթ, այդ գործը պետք է վճռաբեկ դատարանի դատավորի «դուրը գա» եւ նրա կարծիքով` այդ գործը իրենից իրավաբանական արժեք ներկայացնի: Գտնում եմ, որ բոլոր չարագործությունների արմատը մի քանի տարի առաջ ընդունված օրենքի այս նորմն է, որը ընդունվել էր Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի ջանքերով, սակայն որը հիմա հաճույքով օգտագործում է դատարանի նոր նախագահը: Բնականաբար, այս հսկայական բարիքից օգտվում են նաեւ Վճռաբեկ դատարանում գործող դատավորները, ովքեր թե՛ Հովհաննես Մանուկյանի օրոք, թե՛ Արման Մկրտումյանի օրոք պաշտոնավարել են եւ բողոքներից ընտրել են այն բողոքները, որոնք իրենց կարծիքով կարեւոր նշանակություն կարող են ունենալ օրենքների միատեսակ կիրառության հարցում: Ի դեպ, գտնում եմ, որ այս նորմը հակասահմանադրական է, եւ այն պետք է հնարավորինս շուտ վերացվի, քանի որ արդարադատությունը կատարվում է ոչ թե համաձայն ՀՀ Սահմանադրության եւ օրենքների, այլ՝ համաձայն դատավորի կարծիքի: Բացի այդ, այս նորմը նպաստում է, որ Վճռաբեկ դատարանի դատավորները յուրացնեն դատական իշխանությունը, ինչն իր հերթին հանցագործություն է համաձայն Սահմանադրության»:

Տ. Հայրապետյանի հավաստմամբ` Վճռաբեկ դատարանն այսօր ոչ մեկի հետ հաշվի չի նստում. «Մի անգամ առաջին ատյանի դատարանում դատական քննության ժամանակ մի դատավոր նման արտահայտություն արեց` ես կարող եմ Վճռաբեկ դատարանում հարց լուծել, ես մարդ ունեմ էնտեղ, որը կարա հարց լուծի, այսինքն` գլուխ գովաց: Էնպես ասեց, կարծես Ամերիկայի պրեզիդենտն իրեն հեռու հորեղբոր տղա է գալիս, ու էդ գործը նա կանի»: Չնայած այս ամենին՝ Տ. Հայրապետյանը վստահեցնում է, որ ներկայումս դատարանն ավելի շրջահայաց է, «իմունիտետ» է ձեռք բերել եւ կոռուպցիան իրականացնում է ավելի գրագետ ձեւով եւ զգուշավորությամբ: Վերջինս շահագրգիռ մարմիններին առաջարկում է առաջիկայում կլոր սեղան կազմակերպել եւ պարզապես լսել փաստաբանների մեկնաբանությունները դատարանի վերաբերյալ. «Էնպիսի բաներ կլսեն, որոնք նույնիսկ կինոներում չեն տեսել»:

Այնուամենայնիվ, Հայաստանում դատական իշխանությունը կոռուպցիայի որջերից մեկն է համարվում, որտեղ, ինչպես նշեցինք, հսկայական մի ցանց է գործում` դատավորներից, փաստաբաններից, իրավաբաններից բաղկացած: ՀՀ ցանկացած քաղաքացի քաջ գիտակցում է, որ իրավունքը դատարանում վիճարկելու համար առաջին հերթին պետք է փող ունենա: Առանց գումարի որեւէ հարց չի լուծվում: Հասկանում է, որ իրավունքների նորմերն ամրագրված են պետական փաստաթղթերում, սակայն օրենքներով եւ ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքը նա դատարանից գնում է` վճարելով թանկ գին. շատ թանկ գինգ Երբեմն` նույնիսկ հարկադրաբար բնակարան վաճառելու գնով: