Ուղեմուտք՝ առանց դարպասների
3
Ցյույդին ցուցադրում է մատը
Ամեն անգամ, երբ ուսուցիչ Ցյույդիին հարցնում են, թե ինչ է Չանը, նա ի պատասխան բարձրացնում է մատը: Մի պատանի մոնթ նրան ընդօրինակելով նույնպես սկսեց մատը ցցել, երբ նրան հարցնում էին, թե ինչ է ուսուցանում իր ուսուցիչը: Լսելով այդ մասին, Ցյույդին վերցրեց դանակն ու մոնթի մատը կտրեց: Նա ցավից ճչաց եւ հեռու փախավ: Ցյույդին ձայն տվեց նրան, եւ երբ նա շրջվեց, կրկին մատը տնկեց: Այդ պահին աշակերտը հանկարծ պայծառատեսության հասավ:
Երբ Ցյույդին լքում էր այս աշխարհը, նա կանչեց աշակերտներին եւ ասաց. «Ես ստացել եմ «մեկ մատի Չանը» իմ ուսուցիչ Տյանլունից եւ իմ ողջ կյանքի ընթացքում չեմ սպառել դրա իմաստը»: Այս խոսքերն ասելով՝ նա հեռացավ այս կյանքից:
Ումենը կնկատի` Ցյույդիի եւ աշակերտի պայծառատեսությունը ամենեւին էլ մատի ծայրին չի կենում: Եթե որեւէ մեկն այն գտնի այնտեղ, Տյանլունը մեկ հարվածով կհատի եւ Ցյույդիին, եւ մոնթին, եւ ինքն իրեն:
4
Անմորուս բարբարոսը
Տեսնելով մորուքավոր բոդհիսաթվայի դիմանկարը՝ Խոանն ասաց. «Ինչո՞ւ այս տղան Արեւմտյան դարպասներից այդպես անմորուս է»:
Ումենը կնկատի` Եթե դուք ինչ-որ բան եք անում, իսկապես արեք: Պայծառատեսությունը պետք է հիրավի ապրվի: Բոդհիսաթվայի կերպարանքը պիտի ըմբռնես ինքդ քո մեջ: Մեկ հայացքը բավ է այն բանի համար, որ համոզվես նրա իսկության մեջ: Բայց եթե դուք սկսեք պնդել, թե տեսել եք այդ կերպարանքը, դուք տեղնուտեղը կկորցնեք այն:
Պարզամիտի հետ զրույցի բռնվելով,
Չես պատմի նվիրական երազների մասին:
Բոդհիսաթվան առանց մորուքի՞:
Ստվեր նետիր պարզկա օրվա վրա:
5
Սյանյանը, ծառից կախվածը
Ուսուցիչ Սյանյանն ասում էր. «Պատկերացրեք մի մարդու, ով կախված է ծառից, ատամներով նրանից բռնված: Նա չի կարող ձեռքերով ճյուղերից բռնվել, իսկ ոտքերի տակ էլ հենարան չկա: Այդ պահին ներքեւում ինչ- որ մեկը նրան հարցնում է. «Ինչո՞ւ Բոդհիդհարման Արեւմուտքից եկավ»: Եթե ծառից կախված մարդը լռի, նա կպարզի պատասխանելու իր անընդունակությունը: Եթե նա բերանը բանա, նա կընկնի եւ մահացու կջախջախվի: Ուրեմն ի՞նչ անի»:
Ումենը կնկատի` Այդպիսի պահին ամենաճարտար պերճախոսությունն էլ անօգուտ է: Եթե նույնիսկ ծայրեծայր անգիր անեք Կանոնի խոսքերը, դրանք էլ անօգուտ կլինեն: Իսկ երբ դուք կարողանաք պատասխանել այդ հարցին, դուք առ կյանք կկոչվեք, եթե նախկինում ընթանում էիք մահվան ճանապարհով, եւ առ մահ կգաք, կենաց ճանապարհով ընթանալով: Եթե դուք չկարողանաք պատասխանել, ձեզ մնում է միայն սպասել Մայթրեյայի գալստյանը եւ նրան հարցնել.
Սյանյանը` հիրավի հազվագյուտ չարագործ:
Նրան չի թունավորում ողջ աշխարհը:
Նա զմռսում է վանականների շուրթերը,
Եվ ստիպում է նրանց նայել մեռյալների աչքերով:
6
Ծաղիկը բռնած Բուդդան
Երբ Բուդդան քարոզում էր Աստվածային լեռան վրա, նա մի ծաղիկ էր ձեռքը վերցրել եւ ցույց տվեց այն ժողովվածներին: Բոլորը լռեցին, եւ միայն Մահակաշյաթան ի պատասխան հազիվ նկատելի ժպտաց: Բուդդան ասաց. «Ես ունեմ ճշմարիտ ուսմունքի ակնը, նիրվանայի գիտակցությունը»: Այդ ամենը բառերով արտահայտել անկարելի է եւ հաղորդվում է քարոզներից անդին: Այսուհետ դա պատկանում է Մահակաշյաթային:
Ումենը կնկատի` Ոսկեդեմ Գաուտաման անամոթաբար ստեց եւ վարկաբեկեց բարի ունկնդիրներին: Նա «կշռում էր ոչխարի գլուխը, իսկ վաճառում էր շան միս», եւ դեռ ինքն իրեն գովաբանում էր: Եթե բոլորը շուրջը ծիծաղեին, նա ինչպե՞ս կարող էր հաղորդել իր իմաստությունը: Եվ բացի այդ, եթե Մահակաշվաթան չժպտար, նա ինչպե՞ս կարող էր հաղորդել իր իմաստությունը: Այդ ոսկեդեմ ծերունին պարզապես խաբում է պարզամիտներին: Եթե իմաստությունը չի հաղորդվում, ապա այն ինչպե՞ս կարող է ըմբռնել Մահակաշյաթան:
Քանի դեռ նա ձեռքին բռնել էր ծաղիկը,
Ողջ գաղտնիքը ի դերեւ էր ելել:
Ինչի մասին գլխի էր ընկել Մահակաշյաթան,
Չի տեսնի ոչ ոք ոչ երկրի վրա, ոչ երկնքում:
7
Չժաոչժոուն հրամայում է պարպել գավաթը
Մի վանական դիմեց Չժաոչժոուին այսպիսի խոսքերով. «Ես հենց նոր եկա այս կացարանը: Ինձ խրատ տվեք»: Չժաոչժոուն հարցրեց. «Դու այսօր բան կերե՞լ ես»:
Վանականը պատասխանեց. «Այո, կերել եմ»:
Չժաոչժոուն ասաց. «Ուրեմն գնա ու լվա քո գավը»:
Այդ պահին վանականը պայծառատեսություն ապրեց:
Ումենը կնկատի` Չժաոչժոուն նրանցից է, ովքեր, բերանը բանալով, մերկացնում են սիրտը: Կասկածելի է, թե վանականը ճիշտ լսեց նրա խրատը եւ զանգը սափորի տեղ չդրեց:
Աշխարհում ակնհայտ բան չկա
Եվ այդ պատճառով շատ դժվար է տեսնելը:
Եթե իմանաս, որ վառվող լամպարը հենց կրակն է,
Ապա բրինձը վաղուց եփած կլիներ:
8
Ցզինժունի սայլակը
Ուսուցիչ Յուանը մի անգամ վանականներին հարցրեց. «Ցզիցժունը երկակնանի եւ բյուրավոր անվաճաղերով սայլակ սարքեց: Եթե դրանից հանես սռնին, ապա ակերը ի՞նչ կլինեն»:
Ումենը կնկատի` նա, ով կպատասխանի այս հարցին, Դհարմայի ակնը հար եւ նման կլինի ընկնող աստղի փայլին, իսկ բանականության լույսը` կայծակի շողանքին:
Այնտեղ, ուր հատվում են անվաճաղերը,
Իմաստունին արդեն տգետից չես զանազանի:
Այդ կետն ընդգրկում է Երկինքն ու Երկիրը.
Հարավն ու հյուսիսը, արեւելքն ու արեւմուտքը:
9
Մշտնջենական Բուդդան
Մի վանական ուսուցիչ Սինյան Ցինժանին հարցրեց. «Մեծ ըմբռնման եւ ամենահաղթ իմաստության Բուդդան մեդիտացիայի մեջ էր կենում տասը կալպանեերի ընթացքում, բայց չկարողացավ իրագործել բարձրագույն ճշմարտությունը եւ չկարողացավ ձեռք բերել ճշմարիտ ազատագրումը: Ինչո՞ւ:
Ցինժանը պատասխանեց. «Քո հարցն ինքնին ասում է այդ»:
Վանականը հարցրեց. «Եթե Բուդդան կենում էր մեդիտացիայի մեջ, ապա ինչո՞ւ չհասավ ազատագրման»:
Ցինժանը պատասխանեց. «Նա Բուդդան չէր»։
Ումենը կնկատի «Ընդունեք Ծեր Բարբարոսի գիտելիքը», բայց մի կարծեք, թե նա ամեն ինչ գիտեր: Գիտելիք ձեռք բերած սովորական մարդը` իմաստունն է: Իմաստունը, որ որոշել է, թե նա գիտի` սովորական մարդն է:
Մարմնին տիրելու փոխարեն, լավ է տիրես գիտակցությանը:
Երբ գիտակցությունը խաղաղ է, մարմինը չի անհանգստացնի:
Տիրիր թե մարմնին եւ թե գիտակցությանը:
Այդժամ չես երազի պատվավոր տիտղոսի մասին:
10
Անտերունչ եւ աղքատ Ցինշույը
Ցինշույ անունով վանականը հարցրեց Ցաոշանին. «Ցինշույն անտերունչ եւ աղքատ է, արդյո՞ք չի հաճի ուսուցիչն օգնել նրան:
Ցաոշանը հարցրեց. «Ցինշո՞ւյը»:
«Նա ինքը»,- պատասխանեց Ցինշույը:
Այդժամ Ցաոշանն ասաց. «Ցինշույն արդեն երեք գավ ընտիր գինի է խմել եւ դեռ շուրթերը չի թրջել»:
Ումենը կնկատի` Ցինշույը տանուլ տվեց մենամարտը, իսկ ինչո՞ւ: Ցաոշանը սուր աչք ուներ, եւ նա գիտեր, թե ում հետ գործ ունի: Բայց եթե դա նույնիսկ այդպես է, անկարելի է չհարցնել. «Ե՞րբ Ցինշույը հասցրեց երեք գավ գինի խմել»:
Աղքատ հանց Ֆան Չուանը,
Խիզախ հանց Սան Յույը:
Նա նույնիսկ իր կյանքի տերը չէ,
Բայց աշխարհի բոլոր հարուստներից ետ չի մնա:
11
Չժաոչժոուն փորձում է ճգնակյացին
Չժաոչժոուն եկավ մի վանականի մոտ, որ ճգնակեցության մեջ մեդիտացիա էր անում, եւ նրան հարցրեց. «Ի՞նչ է այն, ինչ որ է»:
Վանականը բարձրացրեց բռունցքը:
Չժաոչժոուն ասաց. «Սաղր ջրի վրա նավերը չեն կարող կայանել»: Այս խոսքերն ասելով՝ նա հեռացավ: Ավելի ուշ նա նորից այցելեց ճգնակյացին եւ նրան հարցրեց. «Ի՞նչ է այն, ինչ որ է»:
Վանականը բարձրացրեց բռունցքը:
Չժաոչժոուն ասաց. «Նա, ով կարող է տալ, կարող է եւ վերցնել: Նա, ով կարող է սպանել, կարող է եւ կյանք պարգեւել»: Այդ խոսքերն ասելով՝ նա հրաժեշտ տվեց վանականին:
Ումենը կնկատի` Բարձրացրած բռունցքը միեւնույնն էր: Ինչո՞ւ ուրեմն Չժաոչժոուն չընդունեց այն առաջին անգամ եւ ընդունեց երկրորդ անգամ: Ով գտնի այս հարցի պատասխանը, կիմանա, որ Չժաոչժոուի լեզվի մեջ ոսկոր չկա եւ նա աղում էր դրանով, ինչպես պատահի: Իսկ գուցե ճիշտ չէր Չժաոչժոուն եւ ճգնակյացի շնորհիվ հասկացավ իր սխալը: Կույր է, ով մտածում է, թե մեկի իմաստությունը գերազանցում է մյուսի իմաստությունը:
Պայծառատես աչքի շողանքը` աստղ է վարընկեց:
Իմաստության լուսատուն, հանց կայծակի շող.
Սպանություն գործող դանակը,
Դա սուրն է` կյանքի կոչող:
12
Ժույանը իրեն տեր է կոչում
Ժույանն ամեն օր դիմում էր ինքն իրեն, ասելով. «Տեր»: Եվ ինքն էլ պատասխանում էր. «Լսում եմ»: Դրանից հետո նա դարձյալ ասում էր ինքն իրեն. «Սթափվիր»: Եվ դարձյալ պատասխանում էր. «Լսում եմ»:
«Իսկ հետո,- շարունակում էր նա,- մի թույլ տուր այլոց խաբել քեզ»:
«Լսում եմ, լսում եմ»,- կրկին ասում էր նա ինքն իրեն:
Ումենը կնկատի` Ծերուկ Ժուանը գնում է այն, ինչ վաճառում է: Նա դիմակներով ներկայացում է սարքում: Մի դիմակը այն է, ով հարցնում է, մյուսը` այն, որ պատասխանում է: Մեկն ասում է. «Սթափվիր»: Մյուսն ասում է. «Թույլ մի տուր այլոց խաբել քեզ: Այդ դիմակներից ոչ մեկին չի կարելի հավատալ, իսկ նա կմտադրվի ընդօրինակել Ժույանին, կնմանվի աղվես դարձվորյակին:
Կան ճանապարհ փնտրողները, որոնց
հասու չէ ճշմարիտ երեսը,
Չէ որ նրանք ճշմարիտ են համարում լոկ
սեփական խելքը:
Այդ գիտակցությունը` արմատն է կենաց
ու մահվան կալպայի շրջապտույտում:
Իսկ տգետները նրան կոչում են
նախասկզբնական մարդ:
13
Դեշանը գավաթ է բերում
Մի անգամ Դեշանը գավաթը ձեռքին խոհանոց եկավ: Սյուեֆենը, որ տնօրինում էր խոհանոցն այդ օրը, նրան ասաց. «Ճաշի ժամը դեռ չի եկել: Այդ ո՞ւր եք դուք ուղեւորվում: Դեշանը վերադարձավ իր խուցը:
Սյուեֆենը պատմեց այդ մասին Յանտոուին, եւ նա ասաց. «Երեւում է, մեր Դեշանը չի հասկանում վերջին տողի իմաստությունը»: Լսելով այդ մասին, Դեշանը ծառային հրահանգեց իր մոտ բերել Յանտոուին, եւ հարցրեց. «Դու չե՞ս խրախուսում ծեր վանականին»: Յանտոուն նրան հասկացնել տվեց, որ այդպես էլ կա:
Հաջորդ օրը Դեշանը ելավ քարոզելու, եւ ամենեւին էլ այն չէր ասում, ինչ-որ նախկինում: Քարոզն ունկնդրելու եկած յանտոուն ծափ զարկեց, ծիծաղեց ու ասաց. «Այդուհանդերձ մեր ծերուկը հասկանում է բարձրագույն իմաստությունը: Ամբողջ երկնատակում ոչ ոք նրա հետ չի համեմատվի»:
Ումենը կնկատի` Եթե խոսենք բարձրագույն ճշմարտության մասին, ապա այն չի էլ երազվել ոչ Յանտոուին, ոչ էլ Դեշանին: Եթե լավ խորհրդածես, թե՛ մեկը, թե՛ մյուսը` սոսկ տիկնիկներ են:
Նա, ով կհասկանա առաջին տողի իմաստությունը,
Կհասկանա վերջին տողի իմաստությունը:
Վերջին տողը, առաջին տողը,
Մի՞թե միեւնույն բանը չէ դա:
14
Նանցյուանը հատում է կատվին
Նանցյուանը իմացավ, որ վանքի Արեւմտյան եւ Արեւելյան դահլիճների վանականները բանավիճել են առ այն, թե ում է պատկանում վանական կատուն: Նա բռնեց կատվին եւ վանականներին ասաց. «Ձեզանից նա, ով կասի ճշմարտությունը, կփրկի կատվին»: Բոլորը լռեցին, եւ այդժամ Նանցյուանը կատվին երկու կես արեց:
Երեկոյան Չժաոչժոուն վանք վերադարձավ: Նանցյուանը նրան պատմեց պատահածը, եւ նրան հարցրեց, թե նա ինչ կաներ վանականների փոխարեն: Չժաոչժոուն հանեց սանդալները, դրեց գլխին ու հեռացավ:
«Եթե դու այնտեղ լինեիր, կատուն կփրկվեր»,- գոչեց Նանցյուանը:
Ումենը կնկատի` Ինչո՞ւ Չժաոչժոուն սանդալները գլխին դրեց։ Եթե որեւէ մեկը գիտի պատասխանը, նա կհասկանա, նա կհասկանա, որ Նանցյուանը հենց էնպես չէր խոստում տալիս: Իսկ ով չգիտի, թող զգուշանա:
Եթե Չժոուչժոուն տեղում լիներ,
Ամեն ինչ այլ կերպ կստացվեր.
Չժաոչժոուն կխլեր սուրը:
Եվ Նանցյուանը ներում կհայցեր:
15
Դունշանի երեք հարվածը
Դունշանը եկավ Յունմենի մոտ, եւ նա հարցրեց նրան, թե որտեղից է նա:
«Ես Չադուից եմ»,- պատասխանեց Դունշանը:
«Որ տաճարում էիք դուք կենում ամռանը»,- հարցրեց Յունմենը:
«Բաոցզիի տաճարում, որ Խունանիում է»,- պատասխանեց Դունշանը:
«Իսկ ե՞րբ լքեցիք այն»,- շարունակում էր Յունմենը:
«Ամսի 25-ի ութերորդ լուսնի ժամանակ,- հետեւեց պատասխանը:
Յունմենն ասաց. «Ես պետք է քեզ երեք անգամ փայտով հարվածեմ, բայց ես քեզ ներում եմ»:
Հաջորդ օրը Դունշանը խոնարհվեց Յունմենի առաջ եւ նրան հարցրեց. «Երեք դութ ինձ ազատեցիք փայտի երեք հարվածներից, բայց ես նույնիսկ չգիտեմ, թե որն է իմ մեղքը»:
«Դե դու պարզապես բրնձով լեցուն տոպրակ ես, որ տեղից տեղ են տանում»,- բղավեց Յանմենը:
Այդ պահին Դունշանը պայծառատեսություն ապրեց:
Ումենը կնկատի` Յումենը Դունշենին շատ կեր տվեց, այնպես որ, նա կարող էր առաջ ընթանալ, եւ Յունմենի տունը չնվազեց: Երեկոյան Դունշանը թափառում էր «ճշմարիտի» եւ «կեղծիքի» ծովում, բայց լուսադեմին նա ճեղքեց իր կեղեւը: Դունշանը մեկեն հասու եղավ ճշմարտությանը, չէ՞ որ նա բծախնդրությամբ աչքի չէր ընկնում: Սակայն, թույլատրելի է հարցնել, արդյո՞ք Դունշանն արժանի էր երեք հարվածի: Եթե այո, ապա դրան արժանի են անտառի բոլոր ծառերը: Եթե ոչ, ապա Յունմենը պարզապես ստախոս է: Նա, ով կիմանա պատասխանը, Դունշանի հետ նույն օդը կշնչի:
Առյուծն ուսուցանում է կորյուններին առանց ձեւականությունների:
Կորյունները ցատկոտում են, իսկ առյուծը կանգնեցնում է նրանց քայլով:
Իմաստունը հանդիպել է սահմանափակ մարդուն:
Առաջին նետը կողքանց անցավ, երկրորդը` խորը մտավ:
16
Զանգերը եւ վանական պատմուճանը
Յունմենն ասաց. «Աշխարհն այնքան մեծ է: Էլ ինչո՞ւ ենք մենք ունկ դնում զանգերի հարվածներին եւ վանական պատմուճան հագնում»:
Ումենը կնկատի` նա, ով հասու է լինում Չանի ճշմարտությանը, պիտի հրաժարվի բոլոր հնչյուններից եւ քամահրի բոլոր պատկերները: Թեպետ պատահում էր եւ այնպես, որ պայծառատեսության էին հասնում, ձայներին ունկ դնելով եւ պատկերքը հայելիս, դա տգետների սովորույթն է: Իմաստության մեջ հմտացած վանականը հնչյունները սանձած է պահում, իրենից հեռու վանում պատկերները եւ պահպանում է թաքնաթաքուր ճշմարտությունն այն բանում, որ հայտնի է յուրաքանչյուրին: Հնչյունը ներազդում է ականջի վրա, ականջն արձագանքում է հնչյունին: Բայց երբ մոռացվում են թե ձայնը, եւ թե իմաստը, մենք ի՞նչ ենք հասկանում: Ականջներով լսելով դժվար է ճշմարտությանը հասու լինել: Ճշմարտությունը հասկանալու համար հարկ է սովորել ձայնն աչքերով տեսնել:
Երբ դու հասկանում ես, դու ապրում ես բարեկամների մեջ:
Երբ դու չես հասկանում, դու օտար ես ամենքին:
Նա, ով չի հասկանում, բարեկամների մեջ է ապրում:
Իսկ նա, ով հասկանում է` օտար է ամենքին:
17
Պետության ուսուցչի երեք կանչը
Հուեյչժունը, որ Պետության Ուսուցչի տիտղոսն էր կրում, երիցս կանչեց իր ծառային, եւ նա երիցս արձագանքեց: Այդժամ Հուեյչժունն ասաց. Ես պետք է, որ քեզանից ներողություն խնդրեի, բայց ճիշտն ասած՝ դու պետք է ինձանից ներողություն խնդրես»:
Ումենը կնկատի` Երբ Պետության Ուսուցիչը կանչում էր երեք անգամ, նա անհոդաբաշխ քրթմնջում էր: Եվ երբ ծառան երիցս արձագանքում էր, նա ակամա մատնեց թաքուցյալ իմաստությունը: Պետության Ուսուցիչը ծեր էր եւ հոգու խորքում միայնակ էր: Նա այնպես էր ուսուցանում, ասես վար էր բերում գոմշացլի գլուխը, որպեսզի նրան ստիպի խոտ արածել: Իսկ ծառան նրան հարմար չեկավ, չէ՞ որ կուշտն անտարբեր է հյուրասիրությունների հանդեպ: Բայց ո՞վ ումից պետք է ներողություն խնդրի: Ծաղկող պետության մեջ ծառայողները գոռոզ են: Հարուստ ընտանիքում երեխաները ամբարտավան են:
Երբ կանգնակի մեջ չկան անցքեր,
հանցագործի համար դժվար է առավել:
Երբ հոգսաբեռը նետում են մանկանց
վրա, այն անտանելի է:
Ով ուզում է իրենով նեցուկ լինել ընկնող տանը,
Թող ոտաբոբիկ ելնի սուրսայր սրերի սարը:
18
Դունշանի երեք ցզինը
Մի վանական Դունշանին հարցրեց. «Ի՞նչ է Բուդդան»:
Դունշանը պատասխանեց. «Երեք ցզին (ցզին- 0, 6 կգ.- ին հավասար չինական չափման միավոր) վուշ»:
Ումենը կնկատի` Ծեր Դունշանի Չանը կակղամորթու խեցի է հիշեցնում: Հենց որ խեցու փեղկերը բացվում են, տեսնում ես այն ամենը, ինչը որ ներսում է: Բայց ահա հարց` ինչպե՞ս տեսնել Դունշանին։
Աչքերի առջեւ երեք ցզին վուշ է:
Թվում է՝ նրանք մոտ են, իսկ գիտակցությունն էլ առավել,
Ով խոսում է «ճշտի» եւ «ստի» մասին,
Ինքը շինված «ճշտից» եւ «ստից»:
19
Սովորական գիտակցությունը` ահա Դաոն
Չժաոչժոուն հարցրեց Նանցյուանին. «Ի՞նչ է Դաոն»:
Նանցյուանը պատասխանեց. «Սովորական գիտակցությունն էլ հենց Դաոն է»:
Չժաոչժոուն հարցրեց. «Արդյո՞ք հնարավոր է դա ուսանել»:
Նանցյուանը պատասխանեց. «Եթե դու ձգտես առ այն, դու կհեռանաս նրանից»:
Չժաոչժոուն հարցրեց. «Եթե չես ձգտում առ Դաոն, ապա ինչպե՞ս կհասնես նրան»:
Նանցյուանը պատասխանեց. «Դաոն չի պատկանում հայտնի բաների թվին եւ չի պատկանում չիմացած բաների թվին: Գիտելիքը` խաբուսիկ պատկերացում է: Չիմացածը` պարզապես գոյություն չունեցողն է: Եթե դու կամենում ես հասու լինել ճշմարտությանը, որը ցրում է բոլոր կասկածները, եղիր անափ ու անպարագրելի, ինչպես Մեծ Դատարկությունը: Այդժամ դու ճշտից» եւ «ստից» անդին կլինես:
Լսելով այդ բառերը, Չժաոչժոուն հասավ հանկարծահաս պայծառատեսությանը:
Գարնանը` բյուրավոր ծաղիկներ, աշնանը` լուսինը:
Ամռանը՝ զովաշունչ քամին, ձմռանը` ձյունը:
Եթե ուղեղդ մանրուքներով չծանրաբեռնես:
Ամենայն ժամանակ կդառնա հիասքանչ շրջան:
20
Մեծն աժդահակը
Ուսուցիչ Սունյուանն ասում էր. «Մեծն աժդահակը չի կարող ոտքը գետնից կտրել»: Նա նաեւ ասում էր. «Խոսքը չի գտնվում լեզվի ծայրին»:
Ումենը կնկատի` Սունյուանը, կարելի է ասել, ամեն ինչ անթաքույց ասաց, բայց չգտնվեց մի մարդ, որ հասկանար նրան: Նա, ով կհասկանա նրան, թող գա ինձ մոտ եւ ճաշակի մահակիս համը: Իսկ ինչո՞ւ: Իմանալու համար, թե արդյո՞ք մեզ մաքուր ոսկի է տրված, պետք է այն անցկացնես կրակի միջով:
Եթե շարժվի ոտքը պայծառատեսության,
կտապալվի մեծն օվկիանոսը:
Եթե կքվի գլուխը պայծառեցման,
երկինքը փուլ կգա:
Մարմինն այդ անպարագրելի չի կարող ոչ
մի տեղ կենալ:
Թող մեկն ու մեկը տողեր հավելի: