Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում սկսվելու է Ադրբեջանի ներկայացրած «Օկուպացված տարածքներում մարդու եւ հումանիտար իրավունքների» մասին բանաձեւի քննարկումը, որն ամենայն հավանականությամբ ընդունվելու է: Համենայնդեպս նույնիսկ Հայաստանի իշխանությունները եթե ոչ պաշտոնական, ապա կիսապաշտոնական, «փորձագիտական» մակարդակով խոստովանում են, որ ի վիճակի չեն որեւէ կերպ կանխել ՄԱԿ-ում նման հակահայկական բանաձեւի ընդունումը եւ ապավինում են միայն քվեարկող երկրների պատվիրակությունների ողջամտությանն ու բարիկամեցողությանը: Այն դեպքում, երբ նման բանաձեւը ոչ միայն Ադրբեջանի նավթադոլարների շնորհիվ է հայտնվել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի օրակարգում, ինչպես սիրում են արդարանալ ՀՀ իշխանությունները, այլեւ այդ երկրի դիվանագիտության հետեւողական աշխատանքի արդյունքում: Իսկ ի՞նչ է դրան հակադրում հայկական կողմը. ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենաարդյունավետ ձեւաչափն է, եւ խնդիրը այլ կառույցներ տեղափոխելը կվնասի բանակցային գործընթացին: Դա, իհարկե, այդպես է, սակայն այդ պնդումը կարծես հիմնավոր է միայն հայկական կողմի համար: Նույն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնց այդպես ապավինում են ՀՀ իշխանությունները, երեկ հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի, իրենք հաջորդ շաբաթ մեկնելու են Նյու Յորք` նշված բանաձեւի շուրջ կողմերի հետ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: Այսինքն` նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի համանախագահներն այդ բանաձեւն արդեն համարում են ընդունված: Սակայն ավելի մտահոգիչ է այն, որ ըստ երեկվա նույն հայտարարության, սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին համանախագահները վերադառնալու են տարածաշրջան եւ այցելելու են նաեւ ազատագրված տարածքներ` «հումանիտար վիճակի վերահսկողության եւ հակամարտության կարգավորման` կողմերի հետ նախապես համաձայնեցված սկզբունքների քննարկման ուղղությամբ առաքելություն անցկացնելու նպատակով»: Ընդ որում, համանախագահներին այդ առաքելության ընթացքում ուղեկցելու է խորհրդականներից եւ փորձագետներից, այդ թվում` ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի ներկայացուցիչներից կազմված բարձր մակարդակի խումբը: Այսինքն` արդեն այսօր պաշտոնապես արձանագրվում է, որ ՄԱԿ-ը գործնականում սկսում է զբաղվել ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: Դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով: