Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը հրաժարական է ներկայացրել: Ա.Ամիրյանը, սակայն, երեկ մեզ հետ զրույցում ասաց, թե ինքը ոչ թե հրաժարական է տվել, այլ ընդամենը չի մասնակցելու գործադիր տնօրենի պաշտոնի համար կայանալիք մրցույթին: Ամիսներ առաջ ԶԼՄ-ներում լուրեր էին տպագրվել, թե նա չի ուզում աշխատել այդ պաշտոնում, քանի որ Հ1-ում ֆինանսական լուրջ անհամապատասխանություններ կան: Ըստ տեղեկությունների` պաշտոնակատար նշանակվելուց հետո նա բազմիցս է փորձել հրաժարվել այդ աշխատանքից: Մեզ հետ զրույցում Ա. Ամիրյանն ասաց, թե ինքը չի ուզում այդ հեռուստաընկերությունում տնօրեն լինել միայն այն պատճառով, որ ռադիոն իրեն ավելի հոգեհարազատ է: Այժմ նա նաեւ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենն է: Հ1-ին մոտ կանգնած աղբյուրները երեկ խոսում էին, թե առաջիկայում ձեւականորեն հայտարարվող մրցույթի արդյունքում Հանրային հեռուստաընկերության տնօրեն է դառնալու «Շարկ» ընկերության ղեկավար Գագիկ Բունիաթյանը: