Սեմնեբին` Բաքվում

07/09/2010

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին սեպտեմբերի 5-ին ժամանել է Ադրբեջան: Ըստ «APA»-ի, Սեմնեբին խորհրդակցություններ կանցկացնի Ադրբեջանի իշխանությունների հետ, կհանդիպի «ԼՂ ադրբեջանական համայնքի», ինչպես նաեւ քաղաքական կուսակցությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այցի նպատակներից մեկը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Ադրբեջանում առկա իրավիճակի ուսումնասիրությունն է: Սեմնեբիի այցը կավարտվի այսօր: Իսկ երեկ Բաքվում նա հայտարարել է, որ ԵՄ-ն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանի ճակատային գծում վերջին շրջանում տեղի ունեցող միջադեպերի առնչությամբ: Նա չի ցանկացել մեկնաբանել ադրբեջանցի լրագրողների հարցը` ադրբեջանցի սպանված զինծառայողի մարմնի` հայկական կողմում գտնվելու մասին. «Դա ԵԱՀԿ-ի գործն է, նման հարցերով զբաղվող այլ մարդասիրական կազմակերպություններ էլ կան։ Մինչեւ այդ խնդիրը լուծում չգտնի, ես այն չեմ մեկնաբանի»: «ԵՄ-ն, իհարկե, հետեւում է միջազգային իրավունքին եւ մարդու իրավունքների պահպանմանը: Բայց կրկնում եմ, քանի դեռ չեն որոշվել կոնկրետ մանրամասները, ես չեմ ուզում մեկնաբանություն տալ այդ հարցով,- նշել է նա,- Մենք հույս ունենք, որ ԵԱՀԿ համանախագահները կաջակցեն մեզ այս խնդրի ուսումնասիրության հարցում եւ կխթանեն խաղաղարար գործունեության առաջընթացը»։