Երեկ Բաքու են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, թեեւ ավելի վաղ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն հայտարարել էր, որ տարածաշրջանային այցի շրջանակում սեպտեմբերի 7-ին իրենք կլինեն Բաքվում, սեպտեմբերի 8-ին` Ստեփանակերտում, սեպտեմբերի 9-ին՝ Երեւանում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ հանդես են եկել նաեւ հայտարարությամբ, ըստ որի՝ իրենք կփորձեն առաջիկա ամիսներին՝ մինչեւ ԵԱՀԿ գագաթաժողովը մնացած մի քանի ամսվա ընթացքում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին աջակցության իրենց ջանքերի շրջանակում ավելի ակտիվ լինել: Ինչպես նշված է հայտարարության մեջ, համանախագահները կայցելեն Բաքու, Երեւան եւ Լեռնային Ղարաբաղ` քննարկելու հրադադարի ռեժիմի ամրապնդման համար անհրաժեշտ հավելյալ միջոցները, աջակցելու փոխզիջման ոգով բանակցություններին, ինչպես նաեւ՝ ավարտելու հետագա գործողությունների համար պայմանների մշակումը: Սեպտեմբերի երրորդ շաբաթվա ընթացքում համանախագահները կուղեւորվեն Վաշինգտոն, հետո` Նյու Յորք` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կողմերի հետ աշխատելու նպատակով: Համանախագահները տարածաշրջան կվերադառնան սեպտեմբերի վերջից մինչեւ հոկտեմբերի կեսերն ընկած ժամանակահատվածում` տեղում իրավիճակի գնահատման, Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքներում հումանիտար վիճակի վերահսկողության եւ հակամարտության կարգավորման` կողմերի հետ նախապես համաձայնեցված սկզբունքների քննարկման ուղղությամբ առաքելություն անցկացնելու նպատակով: Համանախագահներին այդ առաքելության ընթացքում կուղեկցի խորհրդականներից եւ փորձագետներից, այդ թվում` ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի ներկայացուցիչներից կազմված բարձր մակարդակի խումբը, որը կլինի առաջին միջազգային առաքելությունը այս տարածքներում 2005թ. ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունից ի վեր: Դիտարկումների արդյունքներով կայացված եզրակացությունները կներկայացվեն Վիեննայում կայանալիք հանդիպման ընթացքում: Այնուհետեւ, ինչպես ասվում է հայտարարությունում, համանախագահները կպատրաստեն ամենամյա զեկույց ԵԱՀԿ Մշտական խորհրդի գործունեության մասին եւ ակտիվորեն կաշխատեն Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովին նախապատրաստվելու ուղղությամբ:
Հայտարարությամբ համանախագահները կոչ են անում բոլոր կողմերին` խստորեն հետեւել հրադադարի մասին պայմանագրին, տեղերում զսպվածություն ցուցաբերել, ջանք չխնայել փոխզիջման ոգու ամրապնդման համար, որն անհրաժեշտ է առաջընթացի հասնելու համար, զերծ մնալ բացասական բնույթի հրապարակային հայտարարություններից, ինչպես նաեւ՝ լուրջ երկխոսություն սկսելու համար համոզիչ քաղաքական կամք ցուցադրել: Ինչպես նշվում է հայտարարությունում, ի պատասխան ճակատային գծի երկայնքով վերջին միջադեպերի` համանախագահները վճռականորեն դատապարտում են հրադադարի պայմանագրի յուրաքանչյուր խախտում, ափսոսում են մարդկանց մահվան համար, ինչպես նաեւ հիշեցնում են Ալմաթիում ընդունված երկու երկրների նախագահների հայտարարության մասին, ըստ որի` ուժի կիրառումը բարդացնում է իրավիճակը եւ կարող է հանգեցնել տառապանքների, ավերածությունների եւ հակամարտության ու թշնամանքի շարունակման: