Դեժա վյու

07/09/2010

«Անկեղծ ասած` մենք հերթական անգամ մեր Արտաքին գործերի նախարարության ոչ հարձակվողական եւ ոչ հեռանկարային քաղաքականության պատճառով եւս մեկ անգամ դեժա վյու ենք ապրում, այսինքն`մենք նորից փորձում ենք քննարկել, թե ինչ կլինի, եթե ադրբեջանցիներն ընդունեն այդ բանաձեւը ՄԱԿ-ում»,- երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը` անդրադառնալով ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից ներկայացված հակահայկական բանաձեւի այսօվա քննարկմանը: Արամ Սարգսյանը դժգոհ է, որ հայտարարություններից բացի՝ այլ բան չի արվում, մինչդեռ, ըստ նրա, անհրաժեշտ էր դիվանագիտական նոտա հղել ՄԱԿ-ին` ներկայացնելով իրականությունն ու շեշտելով, որ Ադրբեջանն աղավաղում է իրականությունը: Նրա համոզմամբ` Հայաստանն ինքը պետք է լինի նախաձեռնող ու միջազգային ատյաններում ներկայացնի նման բանաձեւեր: «Հարցը մնում է անպատասխան, որովհետեւ մեր դիվանագիտական նախարարությունը ոչ մի կերպ չի արձագանքում այս հարցադրումներին: Գոնե մեկ անգամ հստակ պատասխան տար, ինչու հայկական կողմն ինքը չի նախաձեռնում, եւ բացատրեր, միգուցե մենք շատ բան չենք հասկանում, եւ մենք այլեւս այս մասին չէինք խոսի»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է այդ բանաձեւի ազդեցությանը ԼՂ բանակցային գործընթացի վրա, Արամ Սարգսյանը համոզված է, որ այն որեւէ ազդեցություն չի ունենա, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ԼՂ խնդրի լուծման հետ կապված ունեն իրենց հստակ դիրքորոշումը: Ըստ Սարգսյանի, ՄԱԿ-ում քննարկվելիք տվյալ բանաձեւին ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահող երկրների ներկայացուցիչները կողմ չեն քվեարկի հենց այդ պատճառով: